ՀՈՎԻԿԻՆ ԹԻԿՈՒՆՔԻՑ ԵՆ ՀԱՐՎԱԾՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի կադրերը դեռեւս չեն շտապում հեռանալ խորհրդարանից: Ու սա այն դեպքում, երբ արդեն 20 օր է՝ ԱԺ նախագահը Հովիկ Աբրահամյանն է, որը, վերադառնալով խորհրդարան, իր հետ վերադարձրեց նաեւ իր կադրերին:
Այս իրավիճակն ուշագրավ է այն առումով, որ մինչեւ հիմա խոսվում էր Նիկոյանին կառավարություն տեղափոխելու մասին, ու ենթադրվում էր, որ նա իր թիմին, հատկապես՝ հայեցողական պաշտոն զբաղեցնողներին, անաղմուկ կտանի իր հետեւից: Առավել եւս, որ ընդունված կարգի համաձայն՝ եթե որեւէ հիմնարկում փոխվում է ղեկավարը, նրա հետ հեռանում են նաեւ հայեցողական պաշտոն զբաղեցնողները: Ժամանակին 6 ամսով ստանձնելով ԱԺ նախագահի պաշտոնը՝ Նիկոյանն ինքն էր Աբրահամյանի կադրերին նման առաջարկ արել:
ՀՀԿ ԳՄ վերջին նիստից հետո պարզվեց, որ Սամվել Նիկոյանը շարունակելու է մնալ խորհրդարանում, այն էլ՝ շարքային պատգամավորի կարգավիճակով: Ու հիմա ԱԺ միջանցքներում ամենաակտիվ քննարկվող թեման դարձել է ԱԺ նախկին ու ներկա նախագահների կադրերի հարցը:
Նշենք, որ Նիկոյանի կադրերն են համարվում՝ ԱԺ նախագահի օգնականներ Արտակ Սարգսյանն ու Գագիկ Նահապետյանը, խորհրդական Արմեն Ղասաբօղլյանը, ռեֆերենտ Կլավդյա Պետրոսյանը, ԱԺ նախագահի՝ մշակույթի հարցերով խորհրդական Մերի Փայտյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանը, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հրայր Զորյանը: Նիկոյանի կադրն է համարվում նաեւ խորհրդական Ալբերտ Հերոյանը. թեեւ նրան խորհրդարան բերեց Հովիկ Աբրահամյանը, սակայն ԱԺ նախագահի հրաժարականից հետո առաջինը Հերոյանը նրա դեմ դուրս եկավ, երբ ստանձնեց Նիկոյանի ստեղծած գույքագրման հանձնաժողովի ղեկավարի պաշտոնն ու սկսեց ստուգել նախկին շեֆի գործերը:
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Նիկոյանից ժառանգություն մնացած հայեցողական պաշտոնյաներն այս օրերին աշխատանքի գրեթե չեն գալիս, իսկ եթե անգամ գալիս են խորհրդարան, ապա մատնված են պարապուրդի, քանի որ որեւէ մեկը նրանց որեւէ հանձնարարություն չի տալիս: Արդյունքում՝ ԱԺ նախագահի աշխատակազմն առավել քան ուռճացված է՝ 6 խորհրդական, 4 օգնական, 3 ռեֆերենտ եւ այլն, որոնք անգործության դիմաց բավական լուրջ գումարներ են ստանում բյուջեից:
Ինչ վերաբերվում է ԱԺ աշխատակազմում Սամվել Նիկոյանի տեղավորած կադրերին, ապա այստեղ իրավիճակն առավել քան լուրջ է. այս օրերին նրանք անում են ամեն ինչ՝ Հովիկ Աբրահամյանին անհարմար դրության մեջ դնելու կամ ԱԺ աշխատանքները տորպեդահարելու համար: «Ժողովուրդ»-ն իր նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ ԱԺ պաշտոնական կայքում ԵԱՀԿ գործող քարտուղարի եւ ԱԺ խմբակցությունների հանդիպման մասին լուրի հետ դրված 4 լուսանկարներից ոչ մեկում չեն երեւացել ՀԱԿ պատգամավորները: Ու միայն մեր հրապարակումից հետո էին կայքում ավելացրել Կոնգրեսի պատգամավորների նկարները: Ավելին, ՀԱԿ մեր աղբյուրները պատմում  են, որ «Խորհրդարանական ժամ» հաղորդման ժամանակ 3 րոպե ելույթի իրավունք ունենալու մասին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին զգուշացրել են ամենավերջին պահին՝ հավանաբար հույս ունենալով, որ նրանք չեն հասցնի պատրաստվել, եւ այդ օրը նրանց խոսքը չի հնչի հեռուստատեսությամբ: Սակայն այդ պլանը ձախողվել էր, քանի որ Զուրաբյանը, այնուամենայնիվ, շատ լավ ելույթ էր ունեցել:
Սա դեռ ամենը չէ. օրերս մամուլում հրապարակվեց ԱԺ մի խումբ պատգամավորների օգնականների նամակը, որտեղ նրանք դժգոհում էին, որ խորհրդարանում մինչեւ սեպտեմբեր կասեցվել է ԱԺ պատգամավորների վճարովի օգնականների հետ պայմանագրեր կապելու գործընթացը: Իսկ ԱԺ անձնակազմի կառավարման վարչության ղեկավար Վարդուհի Խաչատրյանն էլ ասել էր, թե գործընթացը կասեցնելը ոչ թե իր ցանկությամբ է, այլ վերեւից են հրահանգել: Մինչդեռ, ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, նրան հրահանգված է եղել արագացնել այդ գործընթացը, բայց նա շարունակել է «իր վրայից ցրել» դա: Արդյունքում՝ հնարավոր է, որ Խաչատրյանը հրաժեշտ տա իր պաշտոնին: Երեկ փորձեցինք մեկնաբանություններ ստանալ ԱԺ նախագահի նիկոյանական օգնականներից, սակայն ապարդյուն. նրանց աշխատասենյակների դռները փակ էին: Իսկ անձամբ Սամվել Նիկոյանը երեկ համառորեն չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս