Դերասան ՍԵՐԳԵՅ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ միշտ տարբերվել է իր գործընկերներից այն բանով, որ ազատ խոսել է այն ամենի մասին, ինչն իրեն հետաքրքրել ու հուզել է: Մեր հարցազրույցն էլ բացառություն չէր: Ցանկանում էինք զրուցել Երեւանի մասին, բայց պարոն Դանիելյանը խոսեց իրեն հուզող հարցերի շուրջ: – Գիտեմ, որ ծնվել-մեծացել եք Երեւանում: Հետաքրքիր է իմանալ, ի՞նչն է փոխվել Ձեր երիտասարդության տարիներից մինչեւ այսօր:- Չէի ասի, որ առաջվա Երեւանը ինձ ավելի էր դուր գալիս, քան հիմիկվանը:- Կարծում եք, որ քաղաքն առանձնապես փոփոխություն չի՞ կրել:- Կրել է, իհարկե, բայց դա ինձ չի հետաքրքրում:- Իսկ ի՞նչն է Ձեզ հետաքրքրում:- Մարդկային անտարբերությունն ու մարդկանց վերաբերմունքը միմյանց նկատմամբ: Ինձ չեն հետաքրքրում շենքերն ու տարբեր շինությունները: Երեւանն ինձ համար իմ ընկերներն են, հարեւանները եւ այն միջավայրը, որի մեջ ապրում եմ:- Որպես արվեստի ներկայացուցիչ, դերասան, ի՞նչ դժգոհություններ կարող եք ունենալ, օրինակ, Մշակույթի նախարարությունից կամ ղեկավար մարմիններից:- Կուլտուրայի նախարարության հետ որեւէ կապ չեմ ունեցել ու չեմ էլ ուզում ունենալ: Միշտ հեռու եմ եղել, երբեք ոչ մի բան ո՛չ ուզել եմ, ո՛չ էլ պահանջել: Խաղում եմ իմ հանդիսատեսի համար, որին ի դեպ, շատ եմ սիրում, այդքան բան:- Իսկ միգուցե նախագահի՞ց որեւէ ակնկալիքներ ունեք:- Ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ, ո՛չ էլ երրորդ նախագահից երբեք ոչ մի ակնկալիք չեմ ունեցել: Նրանք իրենց կյանքով են ապրում: Հետո էլ, ես չէի ցանկանա քաղաքականությունից խոսել: Քաղաքականությունը կարող է փոխվել, պրեզիդենտն էլ 4 տարին մեկ փոխվում է: Ավելի շատ հասարակական մարդ եմ, քան քաղաքական: Հասարակությունն ինձ ավելի շատ է հետաքրքրում:- Ինչպիսի՞ քաղաքացիներով կցանկանայիք շրջապատված լինել:- Այն քաղաքացիներով, ովքեր կարող են իրենց սերունդների համար պայքարել, հարգել իրենց ու կողքիններին:- Ինչի՞ց եք ամենաշատը նեղվում:- Շատ բաներից, բայց աշխատում եմ տեղիք չտալ: Ինձ շատ բան կարող է նեղացնել, բայց դա ժամանակների հետ կապ չունի: Էնպես չի, որ հիմա նեղացնում է, իսկ 70-ականներին չի նեղացրել: Դրանք մարդկային փոխհարաբերություններ են, որտեղ պրոբլեմներ միշտ լինում են:- Հաճախ ենք լսում մեր ծնողներից, որ մարդիկ այսօր ավելի անտարբեր են դարձել, որ իրենց ժամանակ ամեն ինչ ուրիշ էր:- Սերունդները միշտ էլ տարբերվում են իրարից: Ծնողները միշտ դժգոհ են մատաղ սերնդից, մատաղ սերունդն էլ` ծնողներից: Դժվարությամբ կգտնես այսօր ծնողներ, ովքեր գոհ են իրենց երեխաների սերնդից: Ես նոստալգիա չունեմ անցյալի նկատմամբ, ուղղակի պետք է օբյեկտիվ վերաբերվել էտ ամեն ինչին:- Երբ մարդիկ չեն ունենում նոստալգիա անցյալի նկատմամբ, դա նշանակում է, որ իրենք գոհ են այսօրվանից: Ճի՞շտ եմ նկատում:- Ես ընհանրապես դժգոհ մարդ չեմ, ուղղակի կան պրոբլեմներ, որոնց դեմ պայքարում եմ: Պրոբլեմներ միշտ էլ լինում են ու կլինեն, որ ժամանակահատվածում ուզում ես ապրի:- Հաջողվո՞ւմ է անել այն, ինչ ուզում եք:- Միշտ արել եմ այն, ինչ ուզել եմ` համ թատրոնում, համ հեռուստատեսությամբ: Գոնե եթե ոչ 100 տոկոս, ապա 99 տոկոսն արել եմ իմ ուզածով: Ես բողոքելու տեղ չունեմ: Ոչ մեկից ոչ մի ակնկալիք չեմ ունեցել, իմ հացը վաստակել եմ, գոհ եմ եղել իմ աշխատավարձից: Երբեք չեմ ասել` այ, եթե ես հիմա Ամերիկայում ապրեի, ամեն ինչ լավ կլիներ: Դրանք հիմար խոսակցություններ են: Ես էն եմ, ինչ-որ ես կամ, ես էն երկրում եմ, որտեղ որ կամ: Օբյեկտիվ մարդ եմ ու չեմ մտածում, որ ավելի լավ կլիներ, եթե… Լավից լավը միշտ էլ կա: Ընտրությունն էլ մեր ձեռքերում է:- Ինչպիսի՞ն եք տեսնում մեր վաղվա օրը: Ճգնաժամը կարծես չի ավարտվում, գները նորից բարձրանում են:- Ես ո՛չ երեկվա, ո՛չ էլ վաղվա օրով ապրող եմ: Մարդ պիտի ապրի էսօրվա՛ օրով: Եթե ինքը էսօր երջանիկ ա, ուրեմն ուրիշ էլ ի՞նչ: Ինձ չեն հետաքրքրում ո՛չ պատմական հարցերը, ո՛չ արժեքները մեր անցյալի: Ինձ հետաքրքիր ա էսօրվա մեր օրը` Էսօր մենք ինչ ենք, ոնց ենք մեզ զգում եւ վերջ: Եթե մենք էսօր լավ ենք, ուրեմն, կարող ենք վաղն էլ լավ լինել: – Իսկ ի՞նչ է պետք այսօր լավ լինելու համար:- Էսօր լավ լինելու համար մարդիկ պետք է պայքարեն իրենց իրավունքների համար, իրար հարգեն եւ մարդու նման ապրեն, էդքան բան: Իսկ մնացածն արդեն ինքնաբերաբար կգա: – Ի՞նչն է այսօր իսպառ բացակայում մարդկային փոխհարաբերություններում:- Հարգանքը իրար նկատմամբ: Մարդ պետք է ինքը գտնի իր ազատության սահմանները: Ինչպես գիտենք. «Մարդու ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է դիմացինի ազատությունը»: Մարդ պիտի հասկանա, թե ի՞նչ է ինքն ուզում: Ոչ Մշակույթի նախարարությունը, ոչ էլ Աստված չեն կարող մարդուն օգնել այդ հարցում: Յուրաքանչյուր ոք պետք է հասկանա, ի՞նչը կարելի է անել, ինչը` ոչ: Համոզված եմ, էն մարդը, ով ստորություն է անում, գիտակցված է անում: ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
ՅՈԺ. ԵՍ ԷՆ ԵՄ, ԻՆՉ ԿԱՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ