Armenian text to speach

Ինչ են պարզաբանում Գլխավոր դատախազության կողմից «պատժվող» ընկերությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

2014թ. վերջին ամիսն է, իսկ ՀՀ վերահսկիչ պալատի՝ 2013 թվականի հաշվետվության արդյունքները թեեւ գտնվում են Ազգային ժողովի օրակարգում, սակայն դեռ դրա քննարկման համար հստակ ժամանակ որոշված էլ չէ: Բայց միաժամանակ ՀՀ գլխավոր դատախազության հրահանգով ՎՊ հաշվետվության մեջ տեղ գտած չարաշահումների փաստերը դարձել են քրեական գործերի հիմքեր:

«Ժողովուրդ»-ն ավելի վաղ հայտնել էր, որ գործ է հարուցվել «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկի գործունեության, մասնավորապես՝ գազաֆիկացման շինաշխատանքներում թույլ տված խախտումների մասով: «Ժողովուրդ»-ը նոյեմբերի 13-ին գրել էր, որ ՎՊ բացահայտումների հիման վրա բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել: Մասնավորապես ՀՀ գլխավոր դատախազությունը վերահսկիչ պալատի՝ 2013 թվականի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա, պետական միջոցները ոչ արդյունավետ ծախսելու կասկածով քրեական գործեր է հարուցել: Ըստ նույն տեղեկությունների՝ ՎՊ զեկույցի ուսումնասիրության արդյունքում առանձնացվել են քննության 20 ուղղություններ:

Տեղեկացանք, որ քննության շրջանակներում արդեն իսկ հարցաքննվել են շուրջ 70 անձինք, որոնց թվում եղել են նաև գերատեսչությունների և պետական հիմնարկների ինչպես շարքային աշխատակիցներ, այնպես էլ՝ ղեկավարներ: Հարցաքննվել են նաև պետական պատվերով շինարարական աշխատանքներ իրականացրած, պետգնումներով ապրանքներ մատակարարած եւ պետական մարմիններին տարբեր կարգի ծառայություններ մատուցած ընկերությունների տնօրենները և աշխատակիցները:

Քննության ընթացքում գերատեսչություններից և պետական հիմնարկներից առգրավվել են վերահսկիչ պալատի կողմից ուշադրության արժանացած գործարքների փաստաթղթերը, իրականացվել են տեղազննություններ պետպատվերով իրականացված շինարարություններում՝ դրանց իրական ծավալներն արձանագրելու եւ գնահատելու նպատակով:

«Ժողովուրդ»-ը կարողացավ պարզել նաև, թե Վերահսկիչ պալատի բացահայտումների արդյունքում որ ընկերության չարաշահումների փաստի առթիվ է հարուցվել քրեական գործ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկի գործունեության, մասնավորապես՝ գազաֆիկացման շինաշխատանքներում թույլ տված խախտումների մասով: Ըստ տեղեկությունների՝ այս գործի շրջանակներում էլ հարցաքննվել են 7 մարդ, և մի շարք փաստաթղթեր արդեն առգրավվել են:

Հիշեցնենք, որ 2013թ. վերահսկիչ պալատի ստուգման արդյունքում բացահայտվել էին, որ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից իրականացվող ծրագրերում կոռուպցիոն ռիսկեր կան: Թեև փաստաթղթերում գրված էր, որ «Գյուղական ենթակառուցվածքներ» ծրագրի նպատակն է եղել բարելավել գյուղական անապահով համայնքների բնակիչների կենսամակարդակը եւ ապահովել տնտեսական աճ, ինչի համար նախատեսվել է 31 մլն ԱՄՆ դոլար, սակայն Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Լոռու և Արագածոտնի մարզերի 28 համայնքների ենթակառուցվածքներում ներդրումների հիմնականում` գազաֆիկացման աշխատանքներ իրականացման համար ԾԻԳ-ը պայմանագրեր է կնքել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «ՍԱԴԵ ԲԸ (Ֆրանսիա) – Բլեսկ ՍՊԸ (ՌԴ)» ՀՁԳ-ի եւ «Եվրոպրոֆայլ» ՓԲԸ-ի հետ՝ համապատասխանաբար 4.9 մլրդ դրամ եւ 803.4 մլն դրամ արժեքով: ՀՀ ՎՊ-ն գազաֆիկացման աշխատանքներից ընտրանքային կարգով ստուգել է 7 համայնքում կատարված աշխատանքները եւ բացահայտել, որ Խոզնավար, Խնածախ, Վաղատուր և Արտանիշ համայնքների գազաֆիկացման համար թեև 613.3 մլն դրամ գումար է ծախսվել, սակայն աշխատանքների ավարտից հետո էլ նշված համայնքները չեն կարող գազաֆիկացվել:

Պատճառն այն է, որ գազատարները փտած վիճակում են եղել, ինչի համար էլ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն մինչ օրս չի ընդունել այդ գազատարները: Այսինքն՝ վերը նշված ընկերությունները վերցրել են պետության փողերը, փաստաթղթերով ցույց են տվել, թե գազատար են անցկացրել գյուղացիների համար, բայց իրականում փտած խողովակներ են փռել համայնքներում՝ յուրացնելով գումարը: Հավելենք, որ միայն գազատարների շինարարության վրա ծախսվել է 147.6 մլն դրամ:

Armlur.am-ի հետ զրույցում «ՍԱԴԵ» ԲԸ հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչը հայտնեց, որ վերոնշյալ համայնքներում իրենք և «Բլեսկ» ՍՊԸ-ի համատեղ կոնսորցիումի կողմից որևէ աշխատանք չի կատարվել, քանի որ այդ համայնքներում աշխատանքների կատարումը պայմանագրի համաձայն նրանց վերապահված չի եղել:

Նշենք, որ ներկայացուցիչն անընդմեջ խոսում էր նաև «Բլեսկ» ՍՊԸ-ի անունից, իսկ վերջինիս հետ Armlur.am-ին կապ հաստատել չհաջողվեց:




Լրահոս