Գազատարների փողը կերել են, գազն էլ չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014թ. վերջին ամիսն է, իսկ ՀՀ վերահսկիչ պալատի՝ 2013թ հաշվետվության արդյունքները թեեւ գտնվում են Ազգային ժողովի օրակարգում, սակայն դեռ դրա քննարկման համար հստակ ժամանակ որոշված էլ չէ: Բայց միաժամանակ ՀՀ գլխավոր դատախազության հրահանգով ՎՊ հաշվետվության մեջ տեղ գտած չարաշահումների փաստերը դարձել են քրեական գործերի հիմքեր: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ գործ է հարուցվել «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկի գործունեության, մասնավորապես՝ գազաֆիկացման շինաշխատանքներում թույլ տված խախտումների մասով:

«Ժողովուրդ»-ը նոյեմբերի 13-ին գրել էր, որ ՎՊ բացահայտումների հիման վրա բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել: Մասնավորապես ՀՀ գլխավոր դատախազությունը վերահսկիչ պալատի՝ 2013 թվականի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա, պետական միջոցները ոչ արդյունավետ ծախսելու կասկածով քրեական գործեր է հարուցել: Ըստ նույն տեղեկությունների՝ ՎՊ զեկույցի ուսումնասիրության արդյունքում առանձնացվել են քննության 20 ուղղություններ: Տեղեկացանք, որ քննության շրջանակներում արդեն իսկ հարցաքննվել են շուրջ 70 անձինք, որոնց թվում եղել են նաեւ գերատեսչությունների եւ պետական հիմնարկների ինչպես շարքային աշխատակիցներ, այնպես էլ՝ ղեկավարներ:

Հարցաքննվել են նաեւ պետական պատվերով շինարարական աշխատանքներ իրականացրած, պետգնումներով ապրանքներ մատակարարած եւ պետական մարմիններին տարբեր կարգի ծառայություններ մատուցած ընկերությունների տնօրենները եւ աշխատակիցները: Քննության ընթացքում գերատեսչություններից եւ պետական հիմնարկներից առգրավվել են վերահսկիչ պալատի կողմից ուշադրության արժանացած գործարքների փաստաթղթերը, իրականացվել են տեղազննություններ պետպատվերով իրականացված շինարարություններում՝ դրանց իրական ծավալներն արձանագրելու եւ գնահատելու նպատակով:

Հրապարակումից երկու շաբաթ անց «Ժողովուրդ»-ը առայժմ կարողացավ պարզել, թե Վերահսկիչ պալատի բացահայտումների արդյունքում որ ընկերության չարաշահումների փաստի առթիվ է հարուցվել քրեական գործ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկի գործունեության, մասնավորապես՝ գազաֆիկացման շինաշխատանքներում թույլ տված խախտումների մասով: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ այս գործի շրջանակներում էլ հարցաքննվել են 7 մարդ, եւ մի շարք փաստաթղթեր արդեն առգրավվել են:

Հիշեցնենք, որ 2013թ. վերահսկիչ պալատի ստուգման արդյունքում բացահայտվել էին, որ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից իրականացվող ծրագրերում կոռուպցիոն ռիսկեր կան: Թեեւ փաստաթղթերում գրված էր, որ «Գյուղական ենթակառուցվածքներ» ծրագրի նպատակն է եղել բարելավել գյուղական անապահով համայնքների բնակիչների կենսամակարդակը եւ ապահովել տնտեսական աճ, ինչի համար նախատեսվել է 31 մլն ԱՄՆ դոլար, սակայն Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Լոռու եւ Արագածոտնի մարզերի 28 համայնքների ենթակառուցվածքներում ներդրումների հիմնականում` գազաֆիկացման աշխատանքներ իրականացման համար ԾԻԳ-ը պայմանագրեր է կնքել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «ՍԱԴԵ ԲԸ (Ֆրանսիա) – Բլեսկ ՍՊԸ (ՌԴ)» ՀՁԳ-ի եւ «Եվրոպրոֆայլ» ՓԲԸ-ի հետ՝ համապատասխանաբար 4.9 մլրդ դրամ եւ 803.4 մլն դրամ արժեքով:

ՀՀ ՎՊ-ն գազաֆիկացման աշխատանքներից ընտրանքային կարգով ստուգել է 7 համայնքում կատարված աշխատանքները եւ բացահայտել, որ Խոզնավար, Խնածախ, Վաղատուր եւ Արտանիշ համայնքների գազաֆիկացման համար թեեւ 613.3 մլն դրամ գումար է ծախսվել, սակայն աշխատանքների ավարտից հետո էլ նշված համայնքները չեն կարող գազաֆիկացվել: Պատճառն այն է, որ գազատարները փտած վիճակում են եղել, ինչի համար էլ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն մինչ օրս չի ընդունել այդ գազատարները: Այսինքն՝ վերը նշված ընկերությունները վերցրել են պետության փողերը, փաստաթղթերով ցույց են տվել, թե գազատար են անցկացրել գյուղացիների համար, բայց իրականում փտած խողովակներ են փռել համայնքներում՝ յուրացնելով գումարը: Իսկ թե ովքեր են այս ընկերությունների սեփականատերերը, կփորձենք պարզել առաջիկայում: Հավելենք, որ միայն գազատարների շինարարության վրա ծախսվել է 147.6 մլն դրամ:

Հուսանք, որ այս անգամ եւս հարուցված քրեական գործը չի ավարտվի ներողամտությամբ, եւ պետությանը հասցված վնասները փոխհատուցելուց հետո ընկերությունների սեփականատերերը չեն շարունակի «շվշվացնելով» շրջել:

Քնար Մանուկյան




Լրահոս