ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ ՉԻ ՆԱՀԱՆՋՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, մեկնաբանելով հատուկ քննչական ծառայության կողմից «զսպվածության» կոչը, ասաց. «Նորից եմ ասում՝ ես իրականացրել եւ իրականացնելու եմ իմ գործառույթները՝ անկախ նրանից՝ ում դա դուր կգա, ում՝ ոչ»:

Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն ասաց, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի եւ հատուկ քննչական ծառայության (ղեկավար՝ Վահրամ Շահինյան) միջեւ առաջացած տարաձայնություն չկա. «Ես արդեն ձանձրացել եմ այդ խոսակցություններից: Անձնական խնդիր չունեմ որեւէ մեկի հետ եւ չեմ էլ ունեցել: Եվ ամենակարեւորը, ես չեմ կարծում, որ անձնական խնդիրներով պայմանավորված՝ որեւէ մեկը կարող է իրականացնել իր պաշտոնեական լիազորությունները: Դա իմ տեսակը չէ, որ ես անձնական հարթությունը պետական եւ պաշտոնական հարթության հետ շփոթեմ կամ խառնեմ»:
Նա անգամ Մարտի 1-ի գործով տված իր նոր հանձնարարականները չպայմանավորեց անձնական գործոնով: Ընդամենն արձանագրեց, որ տարանջատել է մահվան յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ գործերը, որպեսզի առանձին քննություն տարվի: «Ես վստահ եմ, որ նախաքննության մարմինը պատշաճ ու բազմակողմանի լրիվ եւ օբյեկտիվ քննություն կիրականացնի, եւ մենք հնարավորություն կունենանք գնահատելու քննության արդյունքները»:
ՀՀ գլխավոր դատախազը չի կարծում, որ ընդդիմադիրների քաղաքացիական ակտիվիստների մեքենաները հրկիզելը, ազատամարտիկներին, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելը նույն շղթայի օղակներ են. «Հիմա մենք կարող ենք տարբեր տեսակի մեկնաբանություններ տալ, բայց քննությունը կպարզի, թե կոնկրետ ով է կատարել տվյալ արարքը, ինչ շարժառիթից ելնելով եւ ինչ նպատակով: Ենթադրություններ կարող ենք շատ երկար անել, բայց հետեւություններ չենք կարող ունենալ, մինչեւ չունենանք քրեական գործի ավարտ»:
-Պարո՛ն Կոստանյան, մեզ հասած տեղեկություններով՝ Դուք սկսել եք կարճել քննիչների չարաշահումների փաստի առթիվ հարուցված քրեական գործերը եւ, առհասարակ, դադարեցնել «հակամարտությունը» քննչական կոմիտեի եւ ՀՔԾ-ի հետ, որովհետեւ Սերժ Սարգսյանն անձամբ է Ձեզ հրահանգել «փակել» այս թեման:
-Ես արդեն ասացի, որ քրեական գործը հարուցվել եւ կարճվել է օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում, օրենքով սահմանված ընթացակարգով: Կարծում եմ՝ անիմաստ է դրան տալ ինչ-որ հատուկ նշանակություն կամ ենթադրյալ վերլուծություններ: Ես իրականացրել, իրականացնում եւ իրականացնելու եմ իմ բոլոր լիազորությունները, անկախ նրանից, թե դա ինչ մեկնաբանությունների տեղիք կտա, փորձ կկատարվի դա մտցնելու անձնական կամ այլ շահագրգռվածության դաշտ, անընդունելի եմ համարում, ավելին՝ պրոֆեսիոնալ հարթության մեջ՝ ցանկացածին անհարիր:
-Հիմա Սերժ Սարգսյանը Ձեզ չի՞ հրահանգել:
-Ես արդեն ուղիղ 10 ձեւով պատասխանեցի Ձեր հարցին:
-Դուք չնայած ժխտում եք, թե անձնական խնդիր որեւէ մեկի հետ չունեք, բայց երբ ՀՔԾ-ն կարճեց «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ հարուցված քրեական գործը, Դուք վերացրեցիք ՀՔԾ-ի որոշումը: ՀՔԾ-ն հատուկ հայտարարությամբ Ձեզ զսպվածության կոչ արեց. «Գտնում ենք, որ հարկ է՝ այսուհետ, հանդես բերել ՀՀ գլխավոր դատախազության նման ծանրակշիռ կառույցին բնորոշ զսպվածություն եւ հանրությանը տրամադրել իրավաբանորեն հիմնավորված տեղեկատվություն՝ ընթերցողներին թյուրըմբռնումից զերծ պահելու համար»:
-Ա՛յ, Դուք հիմա ցանկանում եք, որ ես մեկնաբանեմ հատուկ քննչական ծառայության հայտարարությունները: Նորից եմ ասում՝ ես իրականացրել եւ իրականացնելու եմ իմ գործառույթները, անկախ նրանից՝ ում դուր գա, ում՝ ոչ:
-Լրագրողների նկատմամբ ոտնձգությունների գրեթե բոլոր գործերը կարճվել են: Միտում չե՞ք տեսնում. տպավորություն է, որ լրագրողների նկատմամբ իրականացված բռնությունները խրախուսվում են:
-Միտում չեմ տեսնում, յուրաքանչյուրն իրականացնում է իր գործառույթը: Այսինքն՝ հատուկ քննչական ծառայությունը կամ որեւէ այլ մարմին գտնում է, որ այստեղ հիմքեր չկան, դատախազը գտնում է, որ կա: Օրն առնվազն մի 50 որոշում է ստացվում՝ քրեական գործը կարճելու կամ վերավորակելու, բայց դա չի նշանակում, որ միտում կա:
-Կասեք, թե ինչո՞ւ է գաղտնի պահվում Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարի անունը:
-Գաղտնի չի պահվում: Դա հրապարակելու անհրաժեշտությունը չկա: Հիմա Դուք գիտեք՝ բոլոր գործերով ով է քննիչը: Ինչու պետք է իմանաք:
-Եթե խիստ անհրաժեշտ է, տեղեկանում ենք, առավել եւս՝ նման աղմկահարույց գործերով:
-Հասկանում եմ, այստեղ գաղտնիք չկա, ուղղակի անհրաժեշտություն չկա գաղտնի պահելու: Հիմա ամեն մի գործով, երբ քննիչը կանչի հարցաքննության եւ այլ քննչական գործողությունների, կարծում եմ՝ Դուք էլ կիմանաք, թե ովքեր են քննիչները:

 

 

 

 

ԴԱՏԱՎՈՐԸ՝ ԸՆԴԴԵՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը «մարտական» է տրամադրված եւ չի պատրաստվում դատարանից հետ վերցնել իր հակընդդեմ հայցը ՀՀ ճանապարհային ոստիկանության դեմ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին ՀՀ ճանապարհային ոստիկանությունը դիմել էր դատարան՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանից 25 հազար դրամ գումար բռնագանձելու պայմանով: Սակայն դատավոր Նախշուն Տավարացյանն էլ իր հերթին էր հակընդդեմ հայց ներկայացրել ճանապարհային ոստիկանության դեմ՝ տուգանքը գանձելուն ուղղված գործողություններն անօրինական ճանաչելու պայմանով:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում դատավորն ասաց, որ իրեն 5.000 դրամ տուգանել են՝ արգելված վայրում մեքենան կայանելու համար. «Տուգանքի ծանուցումը եկել է, ես հաջորդ օրը տարել եւ վճարել եմ: Անցնում է որոշ ժամանակ, եւ դատական ակտերի հարկադիր կատարումից ստանում եմ վճարման կարգադրություն: 5.000 դրամը քառապատկել են: Բայց ինչու պետք է վճարեմ, եթե ես 5.000 դրամի տուգանքի վճարման կտրոնն ունեմ եւ այն ներկայացրել եմ դատարանին»:
Ինչպես պարզեցինք դատավորից՝ անգամ 25.000 դրամի համար արգելանք է դրվել իր հաշիվների վրա. «Տարին մեկ անգամ ենք կարողանում մեր քարտերի շնորհիվ հանգստի գնալ, ու այդ ժամանակ իմ քարտն արգելանքի տակ էին դրել: Մնացել էի փողոցում՝ դատարկաձեռն նստած: Կոլեգաներս են կարողացել օգնել, արգելանքը վերացնել, որ կարողանամ քարտից օգտվել: Ես տուգանքը չեմ վճարելու, քանի որ ամեն ինչ արել եմ օրենքով եւ ժամանակին»:
Դատավորի խոսքով՝ ճանապարհային ոստիկանությանն առաջարկել է հայցից հրաժարվել, սակայն. «Առայժմ ձայն չկա, սպասում եմ դատական նիստի օրվան»:
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ»-ը 2014թ. հոկտեմբերի 29-ին գրել էր, որ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը փետրվարի 14-ին ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի դեմ հայց էր ներկայացրել դատարան, որպեսզի նրանից, հօգուտ ՃՈ-ի, բռնագանձվի 50 հազար դրամ: Պատգամավորն իր հերթին հակընդդեմ հայց է ներկայացրել եւ պահանջել վերացնել ոստիկանության՝ իրեն տուգանելու մասին ակտը: Թեւան Պողոսյանը պնդում է, որ իրեն տուգանելու համար պետք է ստանար խորհրդարանի համաձայնությունը: Այս գործով դատական նիստերը դեռ ընթացքի մեջ են:
Այսպիսով՝ ՃՈ մանր, բայց նյարդայնացնող տուգանքները սկսել են բարկացնել նաեւ էլիտար խավին:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

 
ԼՈՒՐԵՐ

ՀՈԳԵՄԵՏ  ԴԵՂԵՐ
Armlur.am-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 10-ին ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի մուտքի մոտ անձնական խուզարկության արդյունքում տուբերկուլյոզային բաժնի աշխատակցի՝ Լարիսայի պայուսակից հայտնաբերվել են հոգեմետ դեղեր հիշեցնող հաբեր: Ըստ տեղեկությունների՝ հայտնաբերվածը դիազեպամ եւ լորազեպան տեսակի հոգեմետ դեղեր են: Armlur.am-ին ՀՀ ԱՆ ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը տեղեկացրեց, որ հիշյալ աշխատակիցը սանիտար է, ով հայտարարել է, թե դեղորայքն իր անձնական օգտագործման համար է նախատեսված: Գոռ Ղլեչյանի փոխանցմամբ՝ հայտնաբերվածն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության: Նշենք, որ Լարիսայի հարսը՝ Մարինեն եւս «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ աշխատակից է. նա աշխատում է թերապեւտիկ բաժանմունքում որպես բուժքույր:

 

ԲՈԼՈՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆ Է
Երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցչի ինստիտուտի գոյության 10-ամյակին նվիրված մամուլի ասուլիսում Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարել է, որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի դիմելու միջազգային ատյաններ իր իրավունքների պաշտպանության համար: «Սա նշանակում է, որ Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից Հայաստանում գերակշռող են միջազգային նորմերը», – ընդգծել է Գագիկ Հարությունյանը:
 

Ի ՊԱՏԱՍԽԱՆ
Օրերս Ստյոպա Սաֆարյանը տարբեր ԶԼՄ-ներում եւ ֆեյսբուքյան իր էջում հանդես է գալիս հայտարարություններով, թե անցած շաբաթ տեղի ունեցած բռնությունները կարող էին կազմակերպված լինել Ռոբերտ Քոչարյանի կամ նրա շրջապատի կողմից: Այս կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտնել է. «Կարծում եմ՝ նման հայտարարություններով հանդես գալու համար պետք է քաղաքական խեղկատակ լինել կամ հստակ հանձնարարություն ունենալ բռնությունների իրական կազմակերպիչներից: Այսինքն՝ միջադեպերից անմիջապես հետո փորձել մեղքը բարդել երկրորդ նախագահի կամ նրա շրջապատի վրա»:

 

ՄԱՀԱՑԵԼ Է
«Արմենպրես» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Կապանում կյանքի 47-րդ տարում հանկարծամահ է եղել գործակալության` Սյունիքի մարզի թղթակից, Կապանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Գոհար Իսախանյանը: Գոհար Իսախանյանի հոգեհանգիստը կկայանա դեկտեմբերի 16-ին, Կապան քաղաքի Դավիթ Բեկի 7/32 հասցեում, հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 17-ին, ժամը 12:00-ին, նույն հասցեից: Գոհար Իսախանյանը ծնվել է 1967թ. հունվարի 10-ին:
«Ժողովուրդ» օրաթերթը ցավակցում է գործընկերոջ հարազատներին՝ անդառնալի կորստի առիթով:




Լրահոս