Ի՞ՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԱՊԱՑՈՒՑԵԼ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրահանգով ՀՀ հատուկ քննչական ծառայություն են ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության կողմից քննված եւ կարճված գործերը` օբյեկտիվ քննելու իրականացնելու նպատակով: Մեղմ ասած, ՀՀ գլխավոր դատախազը «պատերազմ» է հայտարարել վերոնշյալ գերատեսչություններին, իսկ ո՞րն է նպատակը:

Այն, որ դատաիրավական ոլորտում միջգերատեսչական հակամարտություն կա, այլեւս որեւէ մեկի համար գաղտնիք չէ: Սակայն այս օրերին «կռիվը» նոր երանգներ է ստանում: Եվ այսպես՝ 2015թ ապրիլի 15-ից մինչ ապրիլի 27-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրահանգով օբյեկտիվ քննության հիմնավորմամբ հատուկ քննչական ծառայություն են ուղարկվել թվով 10 գործեր, որից 4-ը քննվել են ՀՀ քննչական կոմիտեում, 3-ը՝ ոստիկանությունում, իսկ, ահա, մյուս 3-ը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում: Այս պատմությունն արտառոց է այնքանով, որ ՀՀ գլխավոր դատախազը ՀՔԾ-ին է ուղարկել այնպիսի գործեր, որոնք, ըստ օրենքի, չպետք է քններ ՀՔԾ-ն: Ավելին՝ ուղարկված գործերի մեծ մասը նախկինում կարճված գործերն են:
Օրինակ՝ 2013 թվականի հուլիսի 7-ին՝ ժամը 00:04-ի սահմաններում, անհայտ անձն ապօրինի կերպով պահած չպարզված պայթուցիկ նյութի միջոցով դիտավորությամբ վնասել էր քաղաքացի Գրիշայի ավտոմեքենան` նրան պատճառելով խոշոր չափի գույքային վնաս: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել է: Հիշյալ քրեական գործերով վարույթները կասեցվել էին: Եվ, ահա, շուրջ երկու տարի առաջ կասեցված գործը ՀՀ գլխավոր դատախազի կողմից օբյեկտիվ քննություն սկսելու հիմնավորմամբ ուղարկվել է ՀՔԾ: Ասել է թե՝ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը չի վստահել նախկինում ոստիկանության, այսօր արդեն ՀՀ քննչական կոմիտեի քննիչներին, դրա համար էլ քննությունը օբյեկտիվ կատարելու հորդորով դիմել է ՀՔԾ-ին:
Մեկ այլ գործով՝ 2014 թվականի մարտի 21-ին օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության գիտական կենտրոնի բժշկի հետ մի քաղաքացի վիճաբանել էր, ապա գազային ատրճանակով կրակել բժշկի դեմքին` պատճառելով մարմնական վնասվածք: Այս գործը քննվել էր ՀՀ քննչական կոմիտեում, իսկ ավելի ուշ կարճվել հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Սակայն կարճման որոշման մեջ դատախազը սուբյեկտիվ տարրեր է նկատել, դրա համար էլ նոր՝ օբյեկտիվ քննության է ուղարկել գործը:
Հավելենք, որ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ անցած մեկուկես տարվա ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի կողմից օբյեկտիվ քննություն իրականացնելու հիմնավորմամբ ՀՔԾ են ուղարկվել 40-ից ավել գործեր:
Ինչ խնդիր է այսպես փորձում լուծել Գեւորգ Կոստանյանը, արդյո՞ք նա դեռ ցանկանում է ցույց տալ, որ իրավական համակարգում «թելադրողն» ինքն է, թե իսկապես արդարության վերականգման անկեղծ փորձեր է անում. արդյո՞ք նրա քայլերում եւս չկան սուբյեկտիվ տարրեր: Մեր այս հարցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից նախ ընդգծված պատասխանեցին, որ ստեղծված իրավիճակը միջգերատեսչական հակամարտություն չէ, այլ սովորական աշխատանքայի գործընթաց: «Քննչական ենթակայության խնդիրը կարգավորված է ՀՀ քրեական դատավարությամբ, եւ դատախազն իրեն վերապահված լիազորությունների շրջանակում կարող է, անհրաժեշտության դեպքում, քրեական գործը քննչական մի մարմնի քննիչի վարույթից վերցնել եւ հանձնել այլ քննչական մարմնի քննիչի վարույթ: Տվյալ պարագայում ՀՀ դատախազությունն իրականացնում է ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով իրեն վերապահված լիազորությունները: Սա աշխատանքային գործընթաց է, որի միակ նպատակը բացառապես նախաքննության լրիվության, օբյեկտիվության, բազմակողմանիության եւ արդյունավետության ապահովվումն է: Հետեւաբար, բոլոր նման գործընթացներն անհրաժեշտ է ընկալել միայն այս տեսանկյունից»,- հայտնեցին գլխավոր դատախազությունից:
Իսկ, ահա, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, պատասխանելով մեր հարցին, թե ինչու Գեւորգ Կոստանյանը չի վստահում ՀՀ քննչական կոմիտեի կողմից իրականացրած քննությանը, ասաց. «Յուրաքանչյուր իրավապահ մարմին իրավասու է անել այնպիսի գործողություններ, ինչպիսի լիազորություն իրեն վերապահված է օրենսդրությամբ: Քննչական մարմինն իրականացնում է նախաքննություն, իսկ դատախազությունը՝ հսկողություն նախաքննության օրինականության նկատմամբ: Դատախազը լիազորված է ՀՔԾ-ին ոչ ենթակա քրեական գործերի նախաքննությունը հանձնարարել ՀՔԾ-ին՝ բացառապես փաստական հանգամանքներով պայմանավորված բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու հիմնավորմամբ: Դա քրեական դատավարության օրենսգրքի ձեւակերպումն է, օրենսդրական տերմինաբանություն, որից ելնելով այլ բնույթի մեկնաբանությունները տեղին չեմ համարում»:
Դե, իհարկե, պաշտոնապես երկու կողմն էլ նման պատասխան պետք է տային: Մեզ մնում է սպասել զարգացումներին, որոնք, կարծես թե, հետաքրքիր ընթացք են խոստանում: Երեկ՝ ուշ երեկոյան, «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննված, իսկ ավելի ուշ կարճված օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության գիտական կենտրոնի մոտ տեղի ունեցած միջադեպի գործով մեկ անձ ձերբակալվել է: Նկատենք, որ ձերբակալվածն այն մարդն է, որը գազային ատրճանակով կրակել էր բժշկի դեմքին, սակայն քննիչները գործը կարճել էին հանցակազմի բացակայության հիմքով:
Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանից, սակայն վերջինս այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

7-ԻՑ ՄՆԱՑԻՆ 3-Ը
Հայ ազգային կոնգրեսը, որը ժամանակին վայելում էր համաժողովրդական հարգանք ու մեծ դերակատարություն ուներ քաղաքական դաշտում, կարողացավ միաճակատ գործունեություն իրականացնել ընդամենը 1.5-2 տարի: Երրորդ տարին դեռ չբոլորած` 7 հոգուց բաղկացած ԱԺ ՀԱԿ խմբակցությունը բաժանվել է երեք «խմբի»:
Գաղտնիք չէ, որ շուրջ 2 տարի է, ինչ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամներ Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը կապ չունեն խմբակցության հետ ու իրենց քվեարկություններում եւ, առհասարակ, խորհրդարանական գործունեության մեջ առաջնորդվում են բացառապես սեփական որոշումներով: Պատգամավորները որեւէ կերպ կուսակցության եւ խմբակցության վարած քաղաքականությունն առաջ չեն տանում, ու այդ ամենը տեղի է ունեցել ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա մի քանի մերձավորների` անձնական ամբիցիաներով թելադրված ոչ թիմային գործողությունների արդյունքում: Իրենց բոլորից վեր դասելու, գործընկերներին իշխելու փորձերի եւ չհիմնավորված պահանջներ ներկայացնելու արդյունքում նրանց շուրջ հավաքված բազմաթիվ համախոհներ հիասթափվեցին ու հեռացան:
Առհասարակ, նախկին ՀԱԿ դաշինքում անմիաբանությունը տեսանելի դարձավ դեռեւս 2009 թվականին, երբ ՀԱԿ-ի առաջնորդները երկխոսության մեջ մտան իշխանությունների հետ: Թե ինչով ավարտվեց չհաջողված երկխոսությանը հաջորդած Տեր-Պետրոսյանի «քաղաքագիտական վերլուծությունը», արդեն հայտնի է, եւ կրկնելու կարիք չկա: Միայն նշենք, որ ԲՀԿ-ի հետ այդ համագործակցության արդյունքում ՀԱԿ-ը անհամեմատ ավելի քիչ քվեներ ստացավ, իսկ Կոնգրեսին բաժին հասած մանդատներն էլ բաշխվեցին բավականին տարակուսելի ձեւով: Արդյունքում` Տեր-Պետրոսյանի բազմաթիվ ազդեցիկ համախոհներ հեռացան նրանից, դաշինքի 18 ուժերի մեծ մասը հայտնվեց լուսանցքում, մի մասն էլ իշխանությունների հետ պայմանավորվեց քաղաքական դաշտում իր «տեղը» պահելու համար: Եվ այսօր, փաստորեն, երբեմնի համաժողովրդական շարժումը խորհրդանշող ՀԱԿ-ը բաժանվել է երեք մասի:
Այս իրավիճակից ելնելով էլ խայտառակ պատկեր է ստացվել նաեւ ապրիլի 24-ին, երբ ՀԱԿ ներկայացուցիչները Ծիծեռնակաբերդ են գնացել` հարգանքի տուրք մատուցելու: ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամներ Լյուդմիլա Սարգսյանն ու Ստեփան Դեմիրճյանն իրենց կուսակցությունների անդամների հետ առանձին են այնտեղ գնացել: Լեւոն Տեր-Պետրոսյանին 7 հոգանոց խմբակցությունից Ծիծեռնակաբերդում ուղեկցել է միայն խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, իսկ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը Ստրասբուրգում էր:
Ըստ մեր տեղեկությունների՝ պատգամավորների հետ որեւէ մեկը չի պայմանավորվել միասին Ծիծեռնակաբերդ գնալու համար, ինչի պատճառով էլ ՀԱԿ խմբակցության անդամներն առանձին-առանձին են գնացել: Նշենք, որ այս պառակտումը նկատվեց նաեւ ապրիլի 21-ին, երբ խորհրդարանում քվեարկության դրվեց Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունը: Դրան մասնակցեցին եւ կողմ քվեարկեցին միայն Լ. Սարգսյանն ու Ս. Դեմիրճյանը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պառակտման վերաբերյալ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի եւ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ: Սակայն մեր բոլոր ջանքերն ապարդյուն անցան:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

 

ՎԻՐԱՀԱՏԵԼ ԵՆ
ԼՂՀ-ում լրտեսության ու դիվերսիայի մեղադրանքով 22 տարվա ազատազրկման դատապարտված Ադրբեջանի քաղաքացի Շահբազ Գուլիեւը Ստեփանակերտի հանրապետական հոսպիտալում լեղապարկի վիրահատության է ենթարկվել:

 

ԱՆՏԵՂՅԱԿ Է ԵՂԵԼ
Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի ու մյուսների գործով երեկվա դատական նիստում հարցաքննված վկա, դատական դեպարտամենտի ղեկավարի՝ ֆինանսական հարցերով տեղակալ Ռշտունի Ասիկյանը ներկայացրել է ֆինանսական նախահաշիվների ներկայացման, դրանց հաստատման մեխանիզմներն ու կարգը: Փաստինֆոյի փոխանցմամբ` Մարտիրոսյանի հարցին` փաստաթղթերի ստուգումից տեսանելի կարո՞ղ էին լինել «մեռած հոգիները», այսինքն՝ փաստացի չաշխատող, սակայն հաշվառված դատական կարգադրիչները, վկան բացասական պատասխան է տվել, ինչին հետեւել է հարցն ուղղած Միսակ Մարտիրոսյանի արագ արձագանքը՝ «դրա համար եմ ես այստեղ, մի՛ զարմացիր»: Վկան հավելել է, որ դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանը նույնպես չէր կարող «իր կաբինետում նստած իմանալ դա»:

 

ԱՌԱՋԱՐԿԵԼ Է
Աժ-ում «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ընթացում երեկ հիմնական զեկուցող, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, թե առաջարկվում է, որ մինչեւ 2014 դեկտեմբերի 31-ը չծառայածները, ում տարիքն անցել է 27-ը, տույժ եւ տուգանք մուծեն եւ ազատվեն քրեական հետապնդումից: Հակոբյանը հայտնել է, որ նախորդ տարի մոտ 958 մարդ է եկել, բյուջե է ներմուծվել 500 միլիոնի կարգի գումար: Ներկայումս 30 հազար հոգի գտնվում է քրեական հետախուզման մեջ:

 

ԽԵՂԿԱՏԱԿՈՒԹՅՈՒՆ
Ղազախստանի գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հաղթել է ապրիլի 26-ին կայացած երկրի նախագահի ընտրություններում՝ հավաքելով ձայների 97,7%-ը: Ընտրությունների նախնական արդյունքներով` ինքնաառաջադրված Աբելգազի Կուսանիովի օգտին քվեարկել է ընտրողների 0.7 %-ը, Ղազախստանի կոմունիստական ժողովրդական կուսակցութան կենտրոնական կոմիտեի քարտուղար Տուրգուն Սիզդիկովի օգտին՝ 1.6%, իսկ երկրի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի օգտին՝ 97.7%-ը:




Լրահոս