Բանկային ավանդ vs կանխիկը ներքնակի տակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ դոլարի փոխարժեքի նվազման և գների զսպման հետ մեկտեղ` ֆինանսական շուկան հետզհետե կայունանում է: Դրա մասին են վկայում բանկերում արտարժույթի ազատ վաճառքի վերսկսումը, ապրանքների ապառիկ գնման վարկավորման նոր թափը և ամենակարևորը` ավանդների աճը: Այն, որ ավանդատուների մի զանգված, տուրք տալով քաղաքում պտտվող ասեկոսեներին, նախընտրեց գումարները հանել բանկերից և կանխիկով պահել տանը, գաղտնիք չէ: Եվ որքան էլ վստահությունը բանկերի նկատմամբ ամուր էր, ոմանք որոշեցին գումարը տանը պահել: Հետաքրքրական է, որ տնտեսապես սխալ կողմնորոշված անձանց մեջ ավելի շատ ոչ թե շարքային քաղաքացիներն էին, այլ` խոշոր բիզնեսի ներկայացուցիչները: Այսինքն` կարող ենք ասել՝ պատահեց չարյաց փոքրագույնը:

Մարդկանց թվում էր` դա գիշերը հանգիստ քնելու այդ պահի միակ երաշխիքն է: Թե որքանով էր դա արդարացված, և ինչ վնասներ կրեցին նրանք խնայողությունները վաղաժամկետ հանելու և թանկ դոլար առնելու արդյունքում, շատ է խոսվել: Կարծում եմ՝ կարիք չկա մեկ անգամ ևս անդրադառնալ այդ թեմային: Բայց ապագայում այդ վնասներից խուսափելու համար արժի գոնե հիմա մտածել:

Այն հաճախորդների ձեռքին, որոնք, լսելով սրա-նրա հորդորը, շտապեցին հանել գումարները բանկային հաշիվներից, փաստորեն, մնացին ազատ դրամական միջոցներ: Ոմանք պահեցին ՀՀ դրամը, ոմանք էլ` վերածեցին դրանք դոլարի: Բայց խնդիրն այն է, ոչ բնակչության մի զանգվածի մոտ կուտակվեց կանխիկ դրամ, որը ներկայումս, պատկերավոր ասած, պահվում է ներքնակի տակ: Բայց չէ՞ որ այդ կանխիկ դրամը մարդկանց տարիներով կուտակված խնայողությունն է, որը պահելով բանկում` որպես ավանդ, ստանում էին եկամուտ տոկոսների տեսքով և ապահովագրում գումարն արժեզրկման ռիսկերից: Այս տարվա երրորդ եռամսյակի տվյալներով՝ Հայաստանի առևտրային բանկերի ավանդների ծավալը կազմել է մոտ 1629,2 մլրդ դրամ:

Բանկերում անցկացված հարցման արդյունքում պարզեցինք, որ թեև ավանդների որոշ խզումներ պիկ օրերին եղել են, սակայն այդ նույն հաճախորդները նախընտրել են նորից վերադարձնել գումարները բանկեր: «Փողը պետք է ապահով լինի և աշխատի»,- նշեց մեր զրուցակիցներից մեկը: Իրոք, դժվար է չհամաձայնել: Բնականաբար, բանկում գումար պահելն ավելի ապահով է, իսկ վրան հաշվարկող տոկոսադրույքն էլ այն դարձնում է շահավետ: Չմոռանանք նաև, որ դրանք երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Բանկերի մեծ մասում կանխատեսում են դրամի էլ ավելի կայունացում և խորհուրդ չեն տալիս գնել արտարժույթ, եթե այն խիստ անհրաժեշտ չէ, օրինակ` արտերկիր մեկնելու համար: Ինչ վերաբերում է ավանդի արժույթին, ապա մասնագետներն առաջարկում են «դասական» տարբերակը` գումարը պահել այն արժույթով, որով նախատեսվում են ծախսերը, և չկրկնել տուժած քաղաքացիների սխալը. հանել դրամը բանկից և գնել թանկ դոլար, սակայն մի քանի օրից, փոխարժեքը նվազելուց հետո, ստիպված նորից այդ դոլարը վերածել դրամի:




Լրահոս