Քրեական աշխարհի իրադարձություններին քաջատեղյակ, վերլուծաբան Սերգեյ Գալոյանը վստահ է, որ 2014 թվականին Հայաստանում որևէ աչքի ընկնող կամ շատ կարևոր իրադարձություն` քրեական հեղինակությունների մասնակցությամբ տեղի չի ունեցել:
Սերգեյ Գալոյանի խոսքով` քրեական պատմություններ հայերի մասնակցությամբ, անցնող տարում տեղի են ունեցել միայն արտասահմանում: Որպես այդպիսին` միակ իրադարձությունը, ըստ Գալոյանի` հայտնի «բանդայի» գործով դատավարությունն է, որը «ցնցող» հանգամանքներով է առանձնանում:
«Երեկ այդ գործով դատավարության ժամանակ ցնցող հայտարարություն է եղել, հաջորդ դատական նիստին էլ, որ հավանաբար կլինի վերջինը, ևս ցնցող հայտարարություն է սպասվում: Տուժողներից ոչ մեկը դատարան չներկայացավ իր կորցրածը հետ ուզելու, իսկ ամբաստանյալների մեղքն ապացուցող փաստեր այդպես էլ չներկայացվեցին»,- այսպիսի հանգամանքներ նկատեց բանախոսը:
Armlur.am-ի հարցին` ինչ կարելի է սպասել քրեական աշխարհում հայտնի հեղինակություն համարվող Թևոս Սաֆարյանի` Թևոսիկի` ազատության մեջ հայտնվելուց, Սերգեյ Գալոյանն ասաց, թե Թևոսիկն այն կերպարը չէ, ում ինքը արժանի կհամարի անդրադառնալ: Մեր հիշեցմանը, որ որոշ ժամանակ առաջ հավանական էր համարել այն հանգամանք, որ Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանությունը վրեժ էր Թևոսիկից, Սերգեյ Գալոյանն ասաց. «Տեսականորեն, իհարկե, կարող ենք նման բան ասել, բայց քանի որ ես չգիտեմ` ով է Թևոսիկը, ինչ է արել նա Մոսկվայում, ինչ է վաճառել կամ գնել, ինչի հետ է կապված եղել, հստակ չեմ կարող ասել` ինչ կարող է հիմա տեղի ունենալ»,- շարունակեց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ 2014 հունվարի 27-ին Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել էին 41-ամյա Արթուր Սաֆարյանի վրա և արդեն մահացած վիճակում տեղափոխել թիվ 3 հիվանդանոց: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասով (սպանություն) և 235 հոդվածով: Այս գործով կա ևս մեկ կալանավոր, ով Արթուրի սանիկ Տիգրանն է:
Նշենք` երբ այս քրեական գործի նախաքննությունն ապրիլ ամսին ոստիկանությունից փոխանցվեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն, նոր նախաքննական մարմինը փաստաբաններից ստորագրություն պահանջեց նախաքննական գաղտնիքը չբացահայտելու համար, և գործի քննության ընթացքը մտավ գաղտնի փուլ: Հավելենք, որ սպանված Մովսես Ներսիսյանի դին մինչ այժմ չի գտնվել: