Շիրակ կենտրոնը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Գյումրիում փողոցում հայտնվելու խնդրի առջև է հայտնվել հերթական անօթևան ընտանիքը։
Հայտարարությունում, մասնավորապես, ասված է՝
Գյումրիում 1988թ.-ի դեկտեմբերյան երկրաշարժից ի վեր գոյություն ունեցող տասնյակ տնակային ավաններում դեռևս հազարավոր ընտանիքներ բնակվում են վաղուց շարքից դուրս եկած, խարխուլ և խոնավ տնակներում: Առավել անմխիթար և աղքատ վիճակում է գտնվում ավտոկայանի տնակային ավանում բնակվող անօթևան ընտանիքները: Երկու անչափահաս երեխաների մայր Թագուհի Հովհաննիսյանը ապրում է ավտոկայանի 104/008 տնակում: Տնակը ամբողջովին շարքից դուրս է եկած և գրեթե ենթակա չէ անգամ վերանորոգման: Այս ընտանիքի հայրը արդեն 14 տարի է, ինչ մեկնել է Ռուսաստան և նրա գտնվելու վայրը կնոջը և երեխաներին հայտնի չէ, միայն, կնոջ խոսքերով, վերջինս Ռուսաստանում կրկին ամուսնացել է և ունի նոր ընտանիք, թեև առաջին կնոջից իրավաբանորեն ամուսնալուծված չէ:Ընտանեկան ծանր պայմանների պատճառով Թագուհին իր որդուն՝ 16-ամյա Տիգրանին, 3 տարի առաջ ուղարկել է Շիրակի մարզի գյուղերից մեկում ապրող հարազատներից մեկի տուն: Աղջիկը՝ 17-ամյա Զոյան սովորում է գեղարվեստի ուսումնարանում: Նրանք թեև ընդգրկված են երկրաշարժի հետևանքով անօթևան և պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում, սակայն բնակբաշխման այս փուլում ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից շահառու չեն ճանաչվել և, հավանաբար, բնակարան չեն ստանա:
Առավել մանրամասն Շիրակ կենտրոնի պատրաստած տեսանյութում: