Մայրաքաղաքում շահագործման են հանձնվել երկու նոր ավտոճանապարհներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի տրանշ 1-ի շրջանակներում վերակառուցված Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից մինչև Շիրակի փողոց ընկած 1.3 կմ երկարությամբ և երթևեկելի մասի 21մ լայնությամբ ճանապարհահատված:

Մայրաքաղաքի երթևեկության բեռնաթափմանն ուղղված Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով իրականացվող ծրագրի նպատակը միջազգային չափանիշներին համապատասխանող Երևանի հարավային ավտոճանապարհային դարպաս ունենալն է, որը նաև զգալիորեն կբեռնաթափի մայրաքաղաքի կենտրոնը տրանսպորտային հոսքերից: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայցի ընթացքում ծանոթացել է ծրագրի առաջին փուլով իրականացված  աշխատանքներին:

«2014 թվականին մայրաքաղաքի զարգացման ծրագրերի մեջ կարևոր տեղ էր զբաղեցնում ճանապարհաշինությունը: Այս ուղղությամբ անցնող տարում մենք մայրաքաղաքի համար կարևոր նշանակության մի քանի  ճանապարհներ շահագործման հանձնեցինք, որոնցից մեկն էլ այս ճանապարհահատվածն է: Երևանի գլխավոր հատակագծով սա դեռ խորհրդային տարիներին է նախատեսված եղել` որպես Երևանի արևմտյան շրջանցիկ ճանապարհ, և ծրագրի առաջին փուլով մենք իրականացրեցինք առայժմ այս հատվածի շինարարությունը»,- ընդգծել է քաղաքապետը:

Ճանապարհահատվածը շահագործման հանձնելու պաշտոնական արարողության ժամանակ, քաղաքապետին ներկայացնելով ծրագրի մանրամասները, պատասխանատուները զեկուցել են, որ ասֆալտապատվել է շուրջ 27000 քմ մակերես: Աշխատանքների շնորհիվ լայնացվել է ճանապարհի երթևեկելի մասը՝ ապահովելով 4-6 երթևեկելի գոտիներ: Մեկ առանձնացված երթևեկելի գոտի էլ կառուցվել է հարակից թաղամասի բնակչությանն սպասարկելու համար: Տարանջատվել են հանդիպակաց երթևեկելի գոտիները, կառուցվել են նոր մայթեր: Փողոցն ամբողջ երկայնքով ապահովված է ջրահեռացման համակարգով: Շինարարության ընթացքում ամբողջովին փոխվել են տվյալ հատվածում առկա հաղորդուղիները: Ճանապարհն ապահովված է եվրոպական չափանիշներին համապատասխանող, էներգախնայող լուսավորության համակարգով: Նշվել է նաև, որ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների իրականացման ազդեցության տակ ընկնող տարածքների հողօգտագործողներին տրամադրվել են համապատասխան փոխհատուցումներ:

Տեղում՝ նախագծի մոտ, քաղաքապետին նաև զեկուցվել է, որ առաջիկայում կմեկնարկեն ծրագրի հաջորդ փուլի շինարարական աշխատանքները, որը նախատեսվում է ավարտել 2016թ.: Առանձնակի կարևորելով նոր ճանապարհային հանգույցի ընձեռած հնարավորությունները՝ քաղաքապետը նշել է, որ այն ևս կկառուցվի ժամանակակից պահանջներին համապատասխան:

«Ծրագրի հաջորդ փուլով նախատեսում ենք Շիրակի փողոցի և Արշակունյաց պողոտայի հատման մասում կառուցել շրջանաձև երթևեկությամբ ճանապարհային խոշոր հանգույց՝ թունելային երկու բացվածքներով: Այն Արտաշատի խճուղու լայնացման արդյունքում կապահովի Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի տրանսպորտային հոսքերի անխափան ելքը դեպի մայրաքաղաքի հարավային ավտոճանապարհային դարպաս և դրանով իսկ զգալիորեն կբեռնաթափի նաև փոքր կենտրոնի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մեկ անգամ ևս վստահեցնելով, որ մայրաքաղաքում երթևեկության կանոնակարգմանն ուղղված քաղաքապետարանի ծրագրի բաղկացուցիչ մասը կազմող շրջանցիկ նոր ճանապարհների կառուցման աշխատանքները առաջիկա տարիներին ևս լինելու են շարունակական:

Մայրաքաղաքում շահագործման է հանձնվել նաև Վիլնյուսի փողոցի՝ Նոր Նորքի 8-րդ զանգվածը 9-րդ զանգվածին միացնող 537 մետր երկարությամբ և 8-11 մետր լայնությամբ նոր ճանապարհատավածը: Ճանապարհի հնարավորություններին տեղում ծանոթացել է նաև Երևանի քաղաքապետը: Դեռ խորհրդային տարիներից նախատեսված այս ճանապարհի կառուցումն իրականացվել է բացառապես համայնքային բյուջեի միջոցներով: Հարկ է նշել, որ այն կառուցելու անհրաժեշտությունը հենց տեղի բնակիչների կողմից էր բարձրացվել քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ անմիջական հանդիպման շրջանակում, որը և կարճ ժամանակ անց կյանքի կոչվեց:

«Աշխատանքներն ընթացել են բավական բարդ պայմաններում: Տեղանքով պայմանավորված՝ որոշ հատվածներում նաև ժայռի պայթեցման աշխատանքներ ենք կատարել: Այդ ճանապարհահատվածը երկար տարիներ սպասված էր մեր բնակիչների կողմից, քանի որ այն զգալիորեն կրճատում է տրանսպորտի՝ մի զանգվածից մյուսը գնալու ժամանակահատվածը: Նախկինում, ըստ էության, իրար կողքի գտնվող մի զանգվածից մյուսը տեղափոխվելու համար տրանսպորտային միջոցները ստիպված էին շրջանցիկ երկար ճանապարհով անցնել: Իսկ այժմ այդ խնդիրն այլևս կարգավորված է», – ընդգծել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին իրենց խնդրանքը չմերժելու և ծրագիրը կյանքի կոչելու համար՝ հարակից տարածքի բնակիչները նշել են, որ ճանապարհն իսկապես անհրաժեշտություն էր ու սպասված՝ տարածքի հազարավոր բնակիչների համար:




Լրահոս