Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց անցնող տարվա լավն ու վատը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ Գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց տարին և ներկայացրեց իշխանությունների բացթողումներն ու ձեռքբերումները:

«Տարին բավականին հագեցած էր իր արդյունքներով, դժվարին տարի էր, հեշտ տարի չէր, և պիտի նշեմ, որ այդ տարում ունեցանք թե՛ նվաճումներ, թե՛ ձեռքբերումներ, և թե՛ կորուստներ»,-ընդգծեց նա և  տարին գնահատեց  նաև իրենց կուսակցության տեսանկյունից։

Նրա խոսքով, ՀՀԿ-ի համար ևս հաջող տարի էր, քանզի իրենց կուսակցությունը տարին ավարտում է կրկին որպես ամենահզոր քաղաքական ուժ։

Անդրադառնալով արտաքին քաղաքական խնդիրներին, Շարմազանովն ասաց․ «Ինձ համար գերնպատակ է ՀՀ և ԼՂՀ անվտանգության խնդիրը, և այդ առումով այդ կարևորության խնդիրը անցնող տարում չփոփոխվեց»:

ՀՀԿ խոսնակը նշեց,  որ թիվ մեկ ձեռքբերումը օգոստոսյան դեպքերի ժամանակ համազգային միասնությունն ու քաղաքական ուժերի կոնսոլիդացիան էր։ Իսկ հիմնական կորուստը, Շարմազանովի խոսքով՝ մեր օգոստոսյան դեպքերի ժամանակ զոհված հերոս տղաների կյանքն էր, որն այլևս անդառնալի է։

«Փառք ու պատիվ այդ տղաներին, որոնց շնորհիվ մենք այսօր այստեղ նստած ենք»,-ասաց Էդուարդ Շարմազանովը։




Լրահոս