ՀՀ կառավարության ծրագրի կրթական գերակայությունները հիմնականում համընկնում են Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի կրթական գերակայությունների հետ, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
“Եթե նախկինում 9-րդ դասարանն էր համարվում ավարտական դասարան, ապա այս ծրագրով 9-րդ դասարանն ավարտող աշակերտը կամ պետք է շարունակի կրթությունը ավագ դպրոցում, կամ պետք է սովորի միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում”,- ասաց Աշոտյանը։
“Ստեղծվելու են WiFi կենտրոններ, որտեղից աշակերտները կկարողանան անվճար օգտվել համակարգչից: Առաջին դասարան հաճախող յուրաքանչյուր աշակերտ ստանալու է համակարգիչ, և այդ համակարգիչները իրենց մեջ կունենան հայագիտական ծրագրեր”,- նշեց նա:
Բարձրագույն ուսումնական ոլորտի բարեփոխումներին անդրադառնալով՝ Արմեն Աշոտյանն ասաց, որ առաջիկա տարիների ընթացքում պետական բուհերի կարգավիճակը փոխվելու է և դրանք կդառնան հանրային բուհեր:
Արմեն Աշոտյանը նշեց, որ հատուկ ուշադրության է դարձվելու նաև հայագիտական ոլորտների վրա: