2014-ին անպակաս էին բողոքի ցույցերը. ինչ տվեց այն հանրությանը (ֆոտո, տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014 թվականն ավարտին է մոտենում: Այս տարին նշանավորվեց ոչ միայն աղմկահարույց պաշտոնանկություններով և նշանակումներով, այլև բազմաթիվ բողոքի ցույցերով: Armlur.am-ն ամբողջ տարվա ընթացքում լուսաբանել է բոլոր կարևոր բողոքի ցույցերը, իսկ այսօր էլ ամփոփ կերպով այն կներկայացնենք մեր ընթերցողներին:

Տարին մեկնարկեց «Դեմ եմ պարտադիրին» պայքարի շարունակությամբ, որը մեկնարկել էր դեռ 2013-ի վերջին: Այս պայքարին միացան ներկայացուցիչներ տարբեր հիմնարկներից, որոնց բոլորի պահանջը մեկն էր: Ընդդիմադիր ուժերն ու պայքարի ելած կամավորներն ի վերջո հասան նրան, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի սահմանադրականությունը վիճարկվեց Սահմանադրական դատարանում: Ամիսներ տևած ու համակիրների բազմահազարանոց բանակ հավաքած շարժումը կարծես արդյունք ունեցավ. Սահմանադրական դատարանն օրենքի մի շարք դրույթներ հակասահմանադրական ճանաչեց, սակայն կառավարությունը «պարտադիր կուտակային վճար» եզրույթը փոխարինեց «նպատակային սոցիալական վճարով:

25

Բողոքի ցույցի պատճառ դարձած հաջորդ պատճառը «Շրջանառության հարկի մասին» օրենքն էր: Այն վերաբերում էր փոքր և միջին ձեռնարկություններին և, իբրև թե պետք է նվազեցներ նրանց հարկային բեռը, սակայն, իրականում ճիշտ հակառակն էր լինելու:

Օրեր շարունակ հայաստանյան տոնավաճառների աշխատակիցները բողոքի ցույցեր էին անցկացնում կառավարության ու ԱԺ-ի դիմաց` պահանջելով օրենքը չկիրառել: Այս ամենն այն արդյունքը տվեց, որ օրենքում փոփոխություններ կատարվեցին և կիրառումը հետաձգեցին մինչև փետրվարի 1-ը:

MHM91082-600x424

Հաջորդ օրենքը, որը մարդկանց դուրս բերեց փողոց՝ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն էր, որով նախատեսվում էր կրճատել հղիության և ծննդաբերության նպաստները: Հենց այս փոփոխության դեմ պայքարելու համար էլ փողոց դուրս եկան մեծ թվով աշխատող մայրեր, հղի կանայք:

Բողոքի ակցիաների պատճառ հանդիսացավ նաև ՀՀ-ի ԵՏՄ անդամակցության վերաբերյալ պայմանագրի վավերացումը, սակայն այն չվերածվեց բազմամարդ ցույցերի: Ակցիաները հատկապես ակտիվացան այն ժամանակ, երբ խորհրդարանում պետք է արդեն քվեարկության դրվեր նախագիծը, սակայն կրկին ոչ մի արդյունք չտվեց, իսկ խորհրդարանն էլ օրենքն ընդունեց ընդամենը յոթը դեմ ձայնով:

naxag-600x399

Ամենակարևոր բողոքների շարքին է դասվում «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձերի պահանջը: Նրանք այս տարվա ընթացքում բազմաթիվ անգամներ հավաքվել են թե՛ գործարանի մոտ, թե՛ նախագահականի և թե՛ կառավարության: Արդյունք այդպես էլ չկա:

Սա, իհարկե, ցույցերի, անհամաձայնության արտահայտությունների մի մասն է միայն. տարվա ընթացքում եղել են բազմաթիվ ցույցեր: Այս ամենը թերևս ավելի սուր բնույթ կարող է կրել հունվարից հետո, երբ ի վերջո կպարզվի՝ կբարձրանա երթուղային տաքսիների ուղևորավճարը, թե՝ ոչ:




Լրահոս