Դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Շենգավիթ համայնքում, Կաշեգործների փողոցում գտնվող տնակում հայտնաբերվել էր ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Սամվել Մարգարյանի որդու՝ 26-ամյա Սուրեն Մարգարյանի դին: Պարզվում է՝ դեռես 2010թ. Սուրենին թմրանյութեր օգտագործելու համար հեռացրել էին «Արմավիա» ավիաընկերությունից: Ավելին՝ կանչել են ԱԱԾ, ստիպել են անուններ տալ, սպառնացել խայտառակել, ազատել աշխատանքից եւ կալանավորել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ երիտասարդը մահացել է երկփողանի որսորդական հրացանի կրակոցից: Վնասվածքը եղել է պարանոցի շրջանում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երիտասարդի դին հայտնաբերվել է նրա ընկերոջ տանը: Եւ հենց այդ ընկերն էլ զանգահարել է ոստիկանություն: Զարմանալին այն է, որ լուրեր են տարածվել, թե տղան ինքնասպան է եղել: Բայց ինչպե՞ս կարող էր Սուրենը որսորդական զենքով կրակել իր վզին, ու դեռ ձեռքն էլ մնար ձգանի վրա: Նշենք, որ, ըստ տեղեկությունների, երբ Սուրենի դին հայտնաբերվել է, նշված բնակարանում եղել է նաեւ մի ծեր պապիկ, որն ասել է, թե որեւէ բանից տեղյակ չէ ու անգամ ձայն չի լսել, խուլ է: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ քաղավիացիայի նախկին պետի հարազատները չեն հավատում, որ Սուրենը կարող էր ինքնասպան լինել, քանի որ տղան պարտք ու պահանջ չի ունեցել:
Ո՞վ է Սուրեն Մարգարյանը
Սուրենը ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Սամվել Մարգարյանի որդին է: Հիշեցնենք, որ 2002 թվականին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշումով Հովհաննես Երիցյանը ազատվել էր ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից եւ նրա փոխարեն ՔԱԳՎ վարչության պետ էր նշանակվել Սամվել Մարգարյանը: Նրա որդին էլ մինչեւ 2010-ը աշխատում էր «Արմավիա» ավիաընկերությունում որպես A-319/320 տիպի օդանավի երկրորդ օդաչու: Երկու տարի անց՝ 2004թ., Սամվել Մարգարյանն առողջական խնդիրների պատճառով ազատվել էր ՔԱԳՎ վարչության պետի պաշտոնից եւ նրան փոխարինել է Արտյոմ Մովսեսյանը:
Սպանվածի կամ ինքնասպանի հայտնի նամակը
Եվ այսպես՝ դեռեւս 2010թ. քաղավիացիայի վարչության նախկին պետ Սամվել Մարգարյանի որդին՝ տնակում հրազենային վիրավորումից մահացած Սուրենը, բաց նամակն էր ուղղել Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետին, ԱԺ նախագահին, արդարադատության նախարարին եւ մարդու իրավունքների պաշտպանին:
Նամակում Սուրեն Մարգարյանը գրել էր. «Մինչեւ 2010թ. սեպտեմբերի 7-ը ես աշխատում էի «Արմավիա» ավիաընկերությունում որպես A-319/320 տիպի օդանավի երկրորդ օդաչու: Նշված օրը քաղավիացիայի գլխավոր վարչության բարձրագույն որակավորման հանձնաժողովի որոշմամբ դադարեցվեց ինձ տրված կոմերցիոն օդաչուի վկայականի գործողությունը՝ պատճառաբանելով, իբր ես թմրանյութ եմ օգտագործում: Սեպտեմբերի 8-ին ազատեցին ինձ: Ես Սամվել Մարգարյանի որդին եմ, մարդու, ով երկար տարիներ աշխատել է որպես ՀՀ քաղավիացիայի վարչության պետ, 1975-ից նվիրված էր հայկական ավիացիային եւ նույնպես օդաչու էր: Ես մեծացել եմ օդաչուի ընտանիքում, մանկուց երազել եմ լինել հորս նման վաստակավոր օդաչու: Խնդրում եմ ուշադրություն դարձնել ամսաթվերին՝ սեպտեմբերի 7 եւ սեպտեմբերի 8: Դրանք այնքան իրար մոտ են, որ անգամ հնարավորություն չեն տվել, որպեսզի ես օրենքով սահմանված հնգօրյա ժամկետում բողոքարկեմ հիշյալ որակավորման հանձնաժողովի որոշումը:
Մինչ այդ՝ օգոստոսի 11-ին, ինձ զանգահարեցին, ներկայացան որպես ազգային անվտանգության աշխատակիցներ եւ պահանջեցին, որ ներկայանամ հանդիպման: Այդ ժամանակ ասվեց, թե իբր ՀՀ նախագահին վեց ամիս անց անհրաժեշտ է լինելու օդաչուական նոր անձնակազմ, եւ իբր ինձ դիտարկում են որպես հավանական թեկնածու, եւ այդ օրն ինձ անհրաժեշտ է ամբողջական հետազոտություն անցնել ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում, որտեղ մասնավորապես պիտի ստուգվեր թմրանյութի պարունակությունն իմ օրգանիզմում: Ես հետեւեցի նրանց: Մի քանի օր անց զանգահարեց նույն մարդը եւ պահանջեց, որ ներկայանամ ԱԱԾ: Ներկայացա: Ինձ ցույց տվեցին հետազոտության արդյունքները, ըստ որոնց, իբր իմ օրգանիզմում գտնվել են թմրանյութի օգտագործման հետքեր: Հղում անելով այդ արդյունքներին՝ ինձ ստիպում էին խոստովանել, թե իբր օգտագործում եմ թմրանյութ, եւ ավելին՝ տալ մարդկանց անուններ, ովքեր իբր մատակարարում են այն: Սպառնացին, որ եթե չգրեմ խոստովանությունը, կխայտառակեն գործընկերներիս առջեւ եւ կազատեն աշխատանքից, ապա կկալանավորեն: Ես պահանջեցի կրկնակի հետազոտություն, որն անցկացրեցին նույն օրը, նույն վայրում, քանի որ ՀՀ նախագահի անունից հանդես եկող մարդիկ չհամաձայնեցին ընտրել այլ՝ անկախ լաբորատորիա: Նորից հետեւեցի նրանց: Արդյունքին սպասելու ընթացքում, իսկ դա պիտի տեւեր հինգ օր, հենց հաջորդ օրն ինքնուրույն հետազոտություն եմ անցել ՀՀ դատաբժշկական փորձաքննության կենտրոնում, եւ, բնականաբար, իմ օրգանիզմում չի գտնվել թմրանյութի պարունակություն: ԱԱԾ-ում ինձանից խլեցին անձնագիրս եւ վերադարձրին միայն մեկ շաբաթ անց՝ իմ իրավաբանի պահանջով: Մի քանի օր անց ինձ կրկին զանգահարեցին նույն մարդիկ ու տեղեկացրին, թե երկրորդ հետազոտության արդյունքներն արդեն պարզ են: Դրանք էլ, ինչը սպասելի էր, իբր նույնպես դրական արդյունք են տվել: Ինչո՞ւ էր սպասելի: Քանի որ այս ամենը խնամքով պատրաստված զրպարտություն էր, որի նպատակն էր մեկ ակնթարթում վերջ դնել իմ՝ մեծ դժվարությամբ ձեռք բերածին: Ընդ որում, բժշկական եզրակացություններից եւ ոչ մեկն ինձ չի տրամադրվել: «Արմավիա» ավիաընկերության գլխավոր տնօրենի՝ պարոն Ն. Բելլույանի եւ իմ նախկին գործընկերների՝ «Արմավիայում» աշխատող օդաչուների կողմից նամակներ են ուղղվել քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանին՝ խնդրելով, որ նա վերանայի իր որոշումը՝ հղում անելով անկախ լաբորատորիաներում արված հետազոտության արդյունքներին, որոնք չեն համապատասխանում նախորդներին: Սակայն պարոն Ա. Մովսեսյանը մինչեւ օրս պատասխան չի տվել: Հարգելի՛ պր. Նախագահ, սույն նամակով խնդրում եմ համապատասխան պաշտոնյաներին ու աշխատակիցներին հանձնարարել տեղեկություն տալ, թե ինչի հիման վրա են ինձ ենթարկել փորձաքննության: Նշեմ, որ փորձաքննություն եմ անցել նաեւ ՌԴ-ում, 2010թ. սեպտեմբերի 2-ին, «Մոսկովյան ռեգիոնալ նարկոդիսպանսերում», որտեղ նույնպես իմ օրգանիզմում թմրանյութ չի հայտնաբերվել: Խնդրում եմ աջակցել դեպքի հանգամանքները բացահայտելու ուղղությամբ, քանի որ փորձագետի եզրակացությունը խիստ կասկածելի է: Խնդրում եմ հետամուտ լինել տիրող անօրինականություններին, աջակցել ոտնահարված իրավունքներիս վերականգնման հարցում: Խնդրում եմ թույլ չտալ, որ ՀՀ-ում անարդարության ու կազմակերպված զրպարտության պատճառով վերջ դրվի իմ աշխատանքային գործունեությանն ու, ընդհանրապես, կյանքիս: Ակնկալում եմ Ձեր անմիջական աջակցությունը՝ սարսափելի զրպարտության զոհ չդառնալու համար»:
Ոչինչ չարեցին
Այս նամակը մնաց անարձագանք: ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից որեւէ մեկը՝ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը (նախկին), Աժ նախագահ Հովիկ Աբրահամյան, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը եւ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, ըստ էության, ոչինչ չեն արել: Եւ ահա 4 տարի անց Սուրենի դին՝ հրազենային վիրավորմամբ, հայտնաբերվեց ընկերոջ տնակում: Հիմա ո՞վ է պատասխանատու 26-ամյա տղայի կյանքի համար:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԽԱՉԻԿԸ, ՁՎԵՐՆ ՈՒ ՏՈՒԳԱՆՔԸ
«Արաքս» թռչնաֆաբրիկան, որի սեփականատերը գործարար Խաչիկ Խաչատրյանն է, շուրջ 100 միլիոն դրամի չարաշահումներ է կատարել:
Դեռեւս 2014թ. օգոստոսի 8-ին Հայաստանի ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության 8-րդ բաժինը խոշոր խախտում է բացահայտել «Արաքս» թռչնաֆաբրիկայում: Պարզվել էր, որ թռչնաֆաբրիկային պատկանող Երեւանի Արտաշիսյան 103 հասցեում գործող պահեստ-սառնարանից «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով մատակարարում է իրականացվել Վանաձոր քաղաք: Բեռնափոխադրման պահին աշխատակիցները, օրենքով սահմանված կարգով, պահանջել են բեռն ուղեկցող փաստաթուղթ: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ առաքումների գրքում առկա են անճշտություններ՝ օրենքի կոպիտ խախտումներով: Փաստաթղթերով, որպես ապրանքների ստացող կողմ, ցույց է տրվել «Գազել» մակնիշի պահեստ-ավտոմեքենան, սակայն մեքենայում եղածն իրականում բեռնաթափվել է Վանաձորի շուկայի հետնամասում գտնվող պահեստային տարածք, որը, սակայն հայտարարագրված չէ հարկային տեսչությունում: Ասել է թե ընկերությունը խուսափել է հարկային պարտավորությունների ամբողջական կատարումից:
Երեկ էլ հայտնի դարձավ, որ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության 3-րդ բաժինը «Արաքս» թռչնաֆաբրիկայում էլի խոշոր ապօրինություններ է բացահայտել: Ընկերությունը ստեղծել է չհիմնավորված գերավճարներ: Հայտնաբերվել են խախտումներ նաեւ ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվարկման գծով: Պարզվել է, որ արտասահմանյան կազմակերպությունները ընկերությանը մատուցել են տրանսպորտային ծառայություններ, սակայն նրանց կատարած վճարումներից չի հաշվարկվել եւ բյուջե չի վճարվել ոչ ռեզիդենտի շահութահարկ՝ 5 տոկոս դրույքաչափով: Խեղաթյուրված տվյալներ է ներկայացրել «Սեյֆ Մոդ» ընկերությունը: Արդյունքում «Արաքս» թռչնաֆաբրիկայի եւ «Սեյֆ Մոդե» ընկերությունում բացահայտված խախտումների առնչությամբ ավելի քան 100 մլն դրամի տուգանք է նշանակվել:
Եւ այս մեքենայություններն իրականացնողների փաստացի ղեկավար Խաչիկ Խաչատրյանն իր պատիվը փրկելու համար դատարան է դիմել եւ շուրջ երկու տարի է՝ «Ժողովուրդ» օրաթերթից ամեն կերպ ցանկանում է մի քանի միլիոն դրամ գումար «պոկել»:
Հետաքրքիր է՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանը, երբ վճռել էր Խաչիկ Խաչատրյանին վիրավորելու դիմաց «Ժողովուրդ» օրաթերթից 1 մլն 850 հազար դրամ գանձել, ՀՀ-ում չի բնակվո՞ւմ: Տեղյակ չէ՞, թե ինչ գործունեություն է ծավալում եւ իրականում ի՞նչ հեղինակություն ունի ձվերի, ջրերի Խաչիկը: Իսկապես որ ծուռ հայելիների թագավորությունում ենք ապրում:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԷԼԻ ԴՈՒՐՍ ՀԱՆԵՑ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՄԻՋԻՑ
Երեկ ոստիկանության Մարտունու բաժնի պետ Վահան Մարգարյանն ազատվել է պաշտոնից` լիազորությունները չարաշահելու համար: Armlur.am-ի տեղեկություններով՝ պաշտոնանկության պատճառը եղել է այն, որ ոստիկանապետ Վահան Մարգարյանն իր աշխատակիցներից մեկի հետ վիճաբանել է, իսկ հետո բանը հասել է ծեծկռտուքին: Ըստ երեւույթին, վիճաբանությանը մասնակից է եղել նաեւ Վահան Մարգարյանի տեղակալը, ով եւս ազատվել է պաշտոնից: Որն է եղել վիճաբանության պատճառը, պաշտոնապես դեռ պարզել չհաջողվեց: Armlur.am-ի հետ զրույցում Վահան Մարգարյանը հրաժարվեց պատասխանել հարցերին:
Նկատենք, որ դեկտեմբերի 12-ին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքից ազատել էր ոստիկանության տարբեր ստորաբաժանումների 10 աշխատակցի: Իսկ «զանգվածային» պաշտոնանկությունների նախորդ օրը ոստիկանապետը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր. «Ոստիկանությունից գնում են բոլոր նրանք, ովքեր նոր համազգեստի մեջ չեն տեղավորվում իրենց մտածելակերպով եւ վարքագծով»: