Տեղական, թե ազգային փոխադրող. դեպի ուր են գնում իշխանությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր խորհրդարանում վստահեցրել է, թե առաջիկայում ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանն ունենա տեղական ավիացիա:Ընդ որում, խոսքն  իրական հայաստանյան ավիափոխադրողի և ոչ թե վիրտուալ, Հայաստանում ձևական գրանցված ինչ-որ արհեստական միավորի մասին է:

«2019թ-ը ՀՀ ավիացիայի համար աննախադեպ էր: Մենք հնարավորություն ստացանք ապահովել եվրոպական մի քանի ավիաընկերությունների մուտքը ՀՀ և Հայաստանի քաղաքացիների համար մատչելի գներով ավիատոմսեր ապահովել մասնավորապես դեպի եվրոպական երկրներ: Դուք էլ գիտեք, որ այդ խնդիրները մեկ օրում չէ, որ արձանագրվել են ու ամենևին էլ 2019թ-ի արգասիքը չեն»,- 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի նախագծի քննարկման ժամանակ նշել էր Պապիկյանը՝ խոսելով ավիացիայի ոլորտի խնդիրների և սև ցուցակում հայտնվելո ւմասին:

Նա ընդգծեց, որ ՀՀ ներկա ղեկավարները ստիպված են իրենց ուսերին կրել նաև նախկինների ստեղծած խնդիրների պատասխանատվությունը և այժմ իրենց առաջ խնդիր են դրել ամուր հիմքերի վրա կառուցել ավիացիայի ոլորտը:

«Առաջին հերթին մենք պետք է ունենանք տեղական փոխադրող: Ես դրա ջատագովն եմ և առաջիկայում ամեն ինչ անելու եմ, որպեսզի մենք ունենանք տեղական ավիացիա: Բայց խոսքը վերաբերում է իրական հայաստանյան ավիափոխադրողներին, ոչ թե վիրտուալ, ձևական, Հայաստանում գրանցված ու ինչ-որ արհեստական միավորների մասին»,-շեշտեց Պաապիկյանը, վստահեցնելով, որ հետևողական է լինելու, որպեսզի տեղական ավիաընկերությունը ստեղծվի և առկա խնդիրները հաղթահարվեն:

Այստեղ նկատենք, որ տեղական փոխադրող ունենալու կարևորության մասին դեռ ամիսներ առաջ նշել էր նաև Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը:  Ըստ Քաղաքացիական ավաիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի, Հայաստանին պետք է տեղական ավիաընկերություն, որը կբազավորվի Հայաստանում։ Պատասխանելով հարցին, թե արդյոք մեզ պետք է ազգային ավիափոխադրող, նա պատասխանել էր. «Այդ հարցն իրականում մի քիչ անհասկանալի հարց է, ու ասեմ ինչու՝ որովհետև տարբերություն կա ազգային փոխադրող, կամ տեղական փոխադրող, ու ես նկատել եմ, որ մենք շատ հաճախ այդ տարբերությունը չենք դիտարկում։ Այո, իմ կարծիքով մեզ պետք է տեղական ավիաընկերություն, որը կբազավորվի Հայաստանում, որովհետև, եթե ընկերությունը բազավորվի Հայաստանում, աշխատատեղեր կստեղծվեն ոչ միայն մեր օդաչուների համար, բայց նաև մեր ինժեներների համար էլ, որովհետև կարիքը կլինի էդ ինքնաթիռը վերանորոգել և այլն», – նշել էր նա։

Հավելենք, որ հունիսի 2-ին հայտնի դարձավ, որ Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի ավիաընկերությունները ներառել է ԵՄ թռիչքների անվտանգության թարմացված ցանկում, այլ կերպ ասած ՝ «սև ցուցակում»։ Դա նշանակում է, որ Եվրոպական միության շրջանակում շահագործման արգելքը կտարածվի հայկական ավիաընկերությունների վրա, քանի որ դրանք չեն համապատասխանում անվտանգության միջազգային չափանիշներին։ «ԵՄ-ի թռիչքների անվտանգության ցուցակը պետք է օգտագործվի որպես գործիք, որը ավիաընկերություններին ու ցուցակում ներառված երկրներին կօգնի վերանայել ու բարելավել թռիչքների չափանիշները։ Հանձնաժողովը Եվրոպական միության թռիչքների անվտանգության գործակալության աջակցությամբ պատրաստ է համագործակցել և ներդրումներ կատարել Հայաստանում թռիչքների անվտանգության բարձրացման համար»,– ասել է Տրանսպորտի հանձնակատարր Ադինա Վալեանը:

Որոշումը կայացվել է Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի և հայկական 6 ավիափոխադրողների աշխատանքների վերլուծությունից հետո։ «Սև ցուցակում» Հայաստանը հայտնվել է այնպիսի երկրների կողքին, ինչպիսիք են Աֆղանստանը, Անգոլան, Կոնգոն, Նեպալը, Սուդանը և այլն:

Ն.Հ.




Լրահոս