ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ԿԱԽՎԵԼ ԵՆ ՏԱՆ ԱՌԱՍՏԱՂԻՑ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանում: Առավոտյան՝ ժամը 08:20-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Այվազովսկու 68 տանն ինքնասպան են եղել հայր ու որդի: Նշված սեփական տան 2-րդ հարկի կիսակառույց շինության մեջ ամրանից մետաղյա ճոպանով կախվելու միջոցով ինքնասպան են եղել 62-ամյա Պետրոս Գալուստովը եւ նրա որդին՝ 30-ամյա Արթուր Գալուստյանը: 
Տեղեկացանք, որ որդին` Արթուր Գալուստյանը, մի քանի օր առաջ էր ազատվել “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկից: Վերջինս մեկ այլ անձի հետ 2011թ. նոյեմբերին Արշակունյաց պողոտայի վրա կայանված “Ինֆինիթի” մակնիշի ավտոմեքենայի ապակին կոտրելու միջոցով հափշտակել էր ավտոմեքենայում եղած առանձնապես խոշոր (56 մլն դրամ) գումար: Նշված գումարը պատկանում էր “Մանանա գրեյն” ՍՊԸ-ին, որի աշխատակիցը պետք է տեղափոխեր բանկ:
Գողության փաստով ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ 177 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` գողությունը` ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը: Ա. Գալուստյանը եւ նրա հետ եղած մասնակիցը կալանավորվել էին, սակայն որոշ ժամանակ հետո 30-ամյա տղան ազատ էր արձակվել: 
“Ժողովուրդ”-ը եղավ այն տանը, որի երկրորդ, կիսակառույց հարկում հայր եւ որդի ինքնասպանություն են գործել: Նշենք, որ տունն ուղղակի անմխիթար վիճակում էր, զուրկ տարրական կենցաղային պայմաններից: Ինքնասպանություն գործածների հարազատների հետ զրույցից տեղեկացանք, որ հայր ու որդի արհեստավորներ էին: “Հայրը, տղան, մայրը՝ Գայանեն, ու աղջիկը՝ Ասյան, չորսով էս տան մեջ են ապրել, էս պայմաններում, միայն կարողացել են հաց վաստակել: Ազնիվ ընտանիք էր, մենք տեղյակ չենք, թե ինչ է եղել, գողություն եղել է, թե չէ, մենք ըտենց բաներից անտեղյակ ենք: Մենակ գիտենք, որ իրանց ընտանիքի նման ընտանիք չկար, շատ համեստ, շատ խելացի ընտանիք էր”,-նշեց մեր զրուցակից Սիլվան, որն ասաց, թե Պետրոս Գալուստովի հորեղբոր կինն է:
Տանը հավաքվածները ցավով էին նշում տեղի ունեցածը` շեշտելով, որ իրենք մինչեւ այժմ կատարվածից շոկի մեջ են. “Նոր ենք լսել ու վազելով էկել ենք, տեսել ենք, որ վերեւում կախվել են: Արհեստավոր մարդ էր, անգամ մի 1000 դրամ մարդուց ավել չէր վերցնում, ոնց ա եղել, ում ազդեցության տակ են ընկել՝ չենք հասկանում, սենց չենք իմանում՝ ոնց ա եղել, ուղղակի ապշահար ենք: 30 տարեկան տղան պայմաններ չուներ ամուսնանալու համար, 32 տարեկան էլ աղջիկն էր, ընտանիքը վատ պայմաններում էր ապրում, եւրեւի դա է ստիպել էդ մարդկանց այդ քայլին գնալ, ի՞նչ ասենք”,-նշեցին հարազատները:
“Իսկ կինը` Գայանեն, պոչկաներից հիվանդ ա, մի քանի անգամ վիրահատել են, չեք պատկերացնում իրանց ծայրահեղ ծանր վիճակը, ինչ իմնանաք՝ ինչն ա ստիպել էդ մարդկանց էդ քայլին գնալ, մենք էլ բան չենք կարող ասել: Ես ենթադրում եմ, որ տղան ա գնացել կախվել, հետո հայրն էկել տեսել ա ու չի դիմացել, չեմ իմանում, չեք պատկերացնում մեր վիճակը, բան չենք հասկանում”,-լացակումած ասաց տիկին Սիլվան:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից տեղեկացանք, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 110 հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Նշանակվել են փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս