ԱԼՅՈՒՐ ԵՎ ՀԱՑ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ ՀԱԿԱՍԱԿԱՆ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դրամի կտրուկ արժեզրկման օրերին ալյուրի՝ 50 կիլոգրամանոց պարկի գինը հասել էր 18 հազար դրամի: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաց արտադրողները կրկնել են այդ տեղեկությունը` պնդելով, որ իրենք ալյուրի գների բարձրանալուց հետո պարկը գնել են 18 հազար դրամով: Մյուս կողմից ալյուր արտադրողներն իրենց հերթին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պնդել են, թե նման թանկացում երբեք չի եղել: Ըստ արտադրողների՝ իրենց մոտից բաց թողման ամենաբարձր գինը եղել է 14 հազար դրամը՝ 50 կիլոգրամանոց պարկի համար: Այսինքն՝ ակնհայտ է, որ հացի շուկայի երկու հիմնական խաղացողների` ալյուր եւ հաց արտադրողների ասածներն իրար չեն համապատասխանում եւ էապես մեկը մյուսից տարբերվում են: Այստեղ հարց է առաջանում. ինչպե՞ս է գոյացել 18 հազար դրամ գինը, եւ ում գրպանն է մտել «ավելցուկը»: Հուսանք՝ չգործող կառույց հիշեցնող ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, ի վերջո, կպարզաբանի, թե այս շուկայում ինչ է կատարվում, եւ ով է դրա համար պատասխանատու: Թե չէ խանութներ մտնելով, գնապիտակները պոկելով՝ ՀՀ Կառավարության ղեկավարը ոչնչի չի հասնի:

 

 

 

 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ էլ Ամանորյա քեֆ է արել Արաբկիր վարչական շրջանի ներկայացուցիչների հետ: Միջոցառումը մեկնարկել է 19.30-ի սահմաններում: Արաբկիր վարչական շրջանի իշխանական ներկայացուցիչների քեֆ-ուրախությունը կազմակերպել են «Աֆրիկյանների պանդոկում»: Մեր տեղեկություններով՝ այս «ուտուշ-խմուշին», վարչական շրջանի աշխատակազմից բացի, մասնակցել են նաեւ Սերժ Սարգսյանի կրտսեր դստեր ամուսինը՝ Հայկ Խաչատրյանը, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ), ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը եւ այլք: Հիշեցնենք, որ նախօրեին էլ Տ. Մարգարյանը Դավիթաշեն վարչական շրջանի աշխատակիցների հետ էր Նոր տարին ռեստորանում նշել, որին, ի թիվս այլ անձանց, մասնակցել էր նաեւ ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանը:

 

 

 

 
Դեկտեմբերի 23-ին, ժամը 12.00-ին, «Ազատամարտիկների դաշինք»-ը ասուլիս կհրավիրի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նրանք կներկայացնեն իրենց վերջնական դիրքորոշումը` ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանի, Ռազմիկ Պետրոսյանի եւ Սուրեն Սարգսյանի ծեծի հետ կապված: «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Գագիկ Մելքոնյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ նշված օրն իրենք բոլոր հարցերի պատասխանները կտան, եւ լրագրողները հնարավորություն կունենան անձամբ ազատամարտիկներից ճշտել նրանց գնահատականն ու անելիքները: «Ազատամարտիկների դաշինք»-ը ասուլիս կհրավիրի, որպեսզի բոլոր հարցերին, որոնք կան, մենք վերջնական պատասխան տանք, վերջացնենք»,- հավելեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը:

 

 

 

 
ՀՀ ֆինանսների նախարարությունը տուգանել է «Թատերական գործիչների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Ղազանչյանին: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ նոյեմբերի 14-ին «Թատերական գործիչների միավորում» ՀԿ-ի անունով Հայաստան է ներմուծվել 685 կգ քաշով բեռ: Դեկտեմբերի 2-ին Հակոբ Ղազանչյանը դիմում է ներկայացրել մաքսատան պետին եւ հայտնել, որ բեռը հայտարարագրելիս սխալ մաքսային ռեժիմ է ընտրել: Ֆինանսների նախարարության մաքսային ծառայության կողմից նշանակվել է քննություն, ինչի արդյունքում պարզվել է, որ Հակոբ Ղազանչյանի կողմից սխալ ռեժիմ նշելը չի եղել դիտավորյալ: Պարզվել է, որ նրա արարքն անզգուշության հետեւանքով է, եւ նրա նկատմամբ կիրառվել է ավելի մեղմ տույժ: ՀՀ ֆինանսների նախարարությունը սխալ տվյալ նշելու համար որոշել է «Թատերական գործիչների միավորում» ՀԿ նախագահ Հակոբ Ղազանչյանին վարչական պատասխանատվության ենթարկել` տուգանելով 50 հազար դրամի չափով:

 

 

 
ԷԼԻ ՌՈՒՍՆԵՐԸ

Հայաստանում երկինքը կարծես թե կրկին «փակվեց»: ՀՀ Կառավարության նախորդ ներկայացուցիչների կողմից հայտարարված «Բաց երկնքի» քաղաքականությունը հնարավոր չեղավ շարունակել: «Էյր Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ավետիսյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ընկերությունը պայմանագիր է ստորագրել «East Prospect Fund» ընկերության հետ՝ նրան դարձնելով 49 տոկոսի բաժնետեր: Ընկերությունը ռուսական է, եւ երեկվա ասուլիսին մասնակցում էին նաեւ «East Prospect Fund»-ի ներկայացուցիչներ Վլադիմիր Բաբիլյովը եւ Եկատերինա Պավլյուկը: Իսկ մյուս՝ 51 տոկոսը պատկանում է հենց Արսեն Ավետիսյանին: Նրա պարզաբանմամբ՝ վերջին շրջանում ավիատոմսերի վաճառքը նվազել էր շուրջ 50 տոկոսով, որն էլ պատճառ էր դարձել կանոնավոր ուղեւորափոխադրումների դադարեցման համար, եւ այս ընթացքում իրենք զբաղված էին նոր ներդրողներ փնտրելով:
Իհարկե, համոզիչ խոսքեր են. աղքատության եւ արտագաղթի նման տեմպերի պայմաններում նախ՝ մարդկանց թիվն է պակասել երկրում, ապա՝ վճարունակների, ուստի ավիատոմսերի վաճառքի նվազումը տրամաբանական է: Բայց իրականում հասկանալի է, որ միակ հայկական ավիափոխադրող ընկերությանը ռուսական «գայլերը» պարզապես կուլ տվեցին: Մեկ տարի էլ դեռ գործունեություն չէր ծավալել «Էյր Արմենիան» (նրանք սկսել են աշխատել նախորդ տարվա հոկտեմբերի 22-ից), երբ սեպտեմբերի 11-ին Ռուսաստանում ավիահաղորդակցության ոլորտը կարգավորող մարմինը՝ «Ռոսաէրոնավիգացիան», ռուսական լրատվամիջոցների միջոցով հայտարարություն տարածեց առ այն, որ «Էյր Արմենիա» ընկերությանը սեպտեմբերի 21-ից արգելվելու է չվերթներ իրականացնել դեպի Ռուսաստան, ինչը մեծ վնաս է հասցրել եւ լուրջ խնդիրների պատճառ դարձել ընկերության համար: Պարզվեց՝ «Էյր Արմենիայի» ուղարկած գումարները եվրոպա-ամերիկյան պատժամիջոցների պատճառով չէին ստացել ՌԴ-ում: Բնականաբար, մեկ տարեկան նորաթուխ ընկերության համար սա շատ մեծ հարված էր, եւ չդիմացավ: Թեեւ խոսվում էր, որ «Էյր Արմենիայի» թիկունքում կանգնած է ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը, այնուամենայնիվ, նույնիսկ այդ պարագայում հնարավոր չեղավ պահպանել միակ հայկական ավիաընկերություն լինելու տիտղոսը: Երեկ արդեն հայտնի դարձավ, որ նախատեսվածի համաձայն՝ դեկտեմբերի 20-ից «Էյր Արմենիան» չի վերսկսի չվերթները: Դեռ պետք է վերազինվեն, պատրաստվեն եւ այլն:
Այսպիսով՝ ՀՀ Կառավարությունը ոչինչ չկարողացավ անել՝ «փրկելու» հայկական միակ ավիաընկերությանը: Իսկ դա անհրաժեշտ էր, քանի որ նախագահական ինքնաթիռով երկրի ղեկավարության չվերթները կազմակերպելու համար խիստ անհրաժեշտ է ունենալ, գոնե ֆորմալ առումով, մեկ հայկական ավիաընկերություն: Դրա համար էլ ստիպված ռուսների հետ «կիսովի» պայմաններին համաձայնել են ՀՀ Կառավարությունից:




Լրահոս