ԻՇԽԱՆԱԿԱՆ ՄԵԴԻԱԴԱՇՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին պարբերաբար լուրեր են շրջանառվում «Պանարմենիա Մեդիա Գրուպ» ՓԲԸ-ի կառավարման ներքո գտնվող հեռուստաընկերություններում սպասվող ինչ-որ լուրջ փոփոխությունների մասին:

Լուրերը հիմնականում վերաբերում էին «Արմնյուզ» լրատվական հեռուստաընկերությունը «Արմենիա TV»-ի հետ միավորելու եւ առաջինի գործունեությունը դադարեցնելուն,ինչպես նաեւ՝ ազատված հեռուստաալիքը Հանրապետական կուսակցությանը տալուն: Բանը հասավ նրան, որ «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ՓԲԸ-ի բաժնետերերի խորհրդի նախագահ եւ գլխավոր տնօրեն Արմեն Արզումանյանն իր ֆեյսբուքյան էջում հատուկ գրառում կատարեց` հայտարարելով, որ «Արմնյուզը» չի փակվելու, եւ իրենք ոչ մի կուսակցության հեռուստաալիք չեն տվել: Սակայն ուշագրավն այն է, որ այդ գրառման մեջ Արզումանյանն անդրադարձել է երեք հեռուստաալիքների` «Արմենիա TV»-ին, «ԱՏՎ»,-ին եւ «Արմնյուզ»-ին: Իսկ ի՞նչ է լինելու «Լայմ» հեռուստաընկերության հետ:
Դեռեւս երկու տարի առաջ, երբ պաշտոնապես հայտարարվեց մեդիադաշտում «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ընկերության նախաձեռնած համակենտրոնացման գործընթացի մասին, հայտնի էր, որ այդ կառույցի ենթակայության տակ են անցել չորս հեռուստաընկերություններ` «Արմենիա TV»-ին, «ԱՏՎ»,-ին, «Արմնյուզ»-ը եւ «Լայմ»-ը, որը նախկին «Հայ TV»-ին է ու նույն հաճախականութան վրա է հեռարձակվում: Հայաստանի լրատվական դաշտում բոլորը գիտեն, որ վերը նշված չորս հեռուստաընկերությունները կառավարվում են «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ընկերության կողմից, որի հիմնական սեփականատերը, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանն է ու Comedy Club Production-ի հիմնադիր եւ գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը: Սակայն վերջին օրերի իրարամերժ լուրերի տարածման արդյունքում պարզվում է, որ «Լայմը» այլեւս «Պանարմենիան Մեդիա Գրուպի» կողմից չի կառավարվում: Ավելին՝ վերջին շրջանում այս հեռուստաընկերության եթերը հիմնականում զբաղված է ֆուտբոլով եւ երաժշտական հոլովակներով: Հեռուստաընկերության պաշտոնական կայքը` www.limetv.am, արդեն չորս ամսից ավել է՝ չի թարմացվել: Մի խոսքով՝ ակնհայտ է, որ այս հեռուստաընկերությունն ինչ-որ փոփոխության է ենթարկվում: Շրջանառվող լուրերի համաձայն՝ հենց այս հեռուստաընկերության հիմքի վրա է ստեղծվելու իշխող Հանրապետական կուսակցության հեռուստաալիքը, որը, ըստ տեղեկությունների, կոչվելու է «Հայրենիք» կամ «Հայք»:
Ի դեպ, «Լայմ» հեռուստաընկերության սեփականատերը «Շարկ» ՍՊԸ-ն է: Այս ընկերության սեփականատերը ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանն է: Նա ՀՌԱՀ նախագահ նշանակվել է 2013-ի մայիսին, իսկ մինչ այդ զբաղեցնում էր «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնը:
Այս պատմության մեջ ամենակարեւոր հարցը, որը մնում է անհասկանելի, այն է, թե Միքայել Մինասյանին ինչու է պետք այս փոփոխությունը, արդյո՞ք նրան ձեռնտու է, որ ՀՀԿ-ն իր առանձին հեռուստաալիքն ունենա:
Միքայել Մինասյանը հիրավի կարող է համարվել Հայաստանի մեդիա մագնատը, ում տիրապետման տակ են գտնվում հեռուստաընկերություններ, ռադիոներ, կայքեր եւ թերթեր: Հայաստանում լրատվական դաշտը վերահսկելը քաղաքական տեսանկյունից շահավետ է, բայց միաժամանակ, հատկապես նման ծավալների դեպքում, չի կարող եկամտաբեր բիզնես լինել: Մոտ երկու տասնյակ տարբեր բնույթի լրատվամիջոց պահելու համար հսկայական ֆինանսական ռեսուրսներ են հարկավոր: Մյուս կողմից՝ այդ կայսրությունը հենց այնպես չի ստեղծվել: Դա հնարավոր է եղել իրականացնել նաեւ իշխանական լծակների շնորհիվ: Ուստի Միքայել Մինասյանն ինչ-որ առումով բարոյական պարտավորություն ունի. Սերժ Սարգսյանի քարոզչությունն ապահովելուց բացի՝ հոգալ ողջ իշխանության քարոզչության խնդիրները:
Կասկածից վեր է, որ Միքայել Մինասյանը սեփական քաղաքական հաշվարկներն ունի եւ նրան անհրաժեշտ է իշխանական դաշտին ցույց տալ, թե ով ով է: Այս տեսանկյունից առավել քան ձեռնտու է, որ ՀՀԿ-ն իր հեռուստաալիքն ունենա: ՀՀԿ-ն վաղուց իրենով է արել մի քանի կայքեր, սեփական քարոզչության համար պատասխանատվությունը ստանձնելու համար պակասում է միայն հեռուստաալիքը: Երբ այդ ամենն արդեն կլինի, Միքայել Մինասյանը կարող է նաեւ հրաժարվել ողջ իշխանության քարոզչությունն ապահովելուց: Այդպես ավելի հեշտ կլինի, քանի որ ինչքան էլ ՀՀԿ-ի իմիջը փորձ արվի բարձրացնել, միեւնույն է, անհույս գործ է:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 
ԼՈՒՐԵՐ

ԿՄԻԱՎՈՐՎԵ՞Ն
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջին շրջանում ակտիվ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ «Ֆինքա» եւ «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպություններն առաջիկայում միավորվելու են: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ այսօրվա դրությամբ երկու ընկերությունների միջեւ պայմանավորվածություն կա իրար ուսումնասիրելու եւ միավորման հնարավորություններ քննարկելու մասին: Այսինքն՝ այս պահին ընկերությունները փորձում են հասկանալ՝ հնարավորություն կա՞ միավորվելու, թե՞ ոչ: Այս տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել «Ֆինքա» կազմակերպության հետ, սակայն չհաջողվեց:

 

ԱՍՈՒՄ ԵՆ՝ ԷԺԱՆԱՑԵԼ Է
Երեկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին կրկին ներկայացրել է խանութներում մի շարք ապրանքատեսակների իրացման գների եւ Երեւան քաղաքում գործող մի շարք բենզալցակայաններում բենզինի եւ ավտոմեքենաների լիցքավորման բնական սեղմված գազի իրացման գների դիտանցման մասին տեղեկանքը: Ըստ հանձնաժողովի ներկայացրած տեղեկանքի՝ շաքարավազի 1 կգ դեկտեմբերի 17-ին վաճառվել է 482 դրամով, 18-ին՝ 401 դրամով, իսկ երեկ՝ 385 դրամով: Թթվասերը դեկտեմբերի 17-ին վաճառվել է 250-260 դրամով եւ այսպես անփոփոխ է մնացել մինչեւ երեկ: Պանրի գինը նույնպես դեկտեմբերի 17-ից մինչ երեկ անփոփոխ է եղել՝ 2.450-2.590 դրամ: Իսկ, ահա, կարագի գինը՝ 2.930-3.300 դրամից իջել է եւ դարձել 2.810-3.190: Ի դեպ, ձվի շուկայում էլ է հանձնաժողովը գնանկում արձանագրել՝ 01 կարգի 30 հատանոց տուփի մեկ հատիկը 68-80 դրամից դարձել է 68-75 դրամ: Արեւածաղկի ձեթն էլ 840-850 դրամի փոխարեն երեկ վաճառվել է 805-810 դրամով: Սակայն «ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրը 10 դրամով թանկացել է, 470-ից դարձել է 480: Իսկ գազալցակայաններում գազի 1խ/մ-ն վաճառվում է 210 դրամով:

 

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ՝ ԹԱՏՐՈՆՆԵՐ
Պարզվում է՝ մարզերում ծաղկում է թատերական կյանքը: Համենայնդեպս, պետական հատկացումներն այդ մասին են վկայում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ պետական բյուջեից «Թատերական ներկայացումներ» հիմնավորմամբ Սյունիքի մարզպետարանին նախատեսվել է հատկացնել 57 միլիոն 560 հազար դրամ: Երեկվա դրութամբ այդ գումարից 51 միլիոն 428 հազարն արդեն հատկացվել էր մարզպետարանին: Իսկ մնացած 6 միլիոն 131 հազարը կհատկացվի մինչեւ տարեվերջ:
Ի դեպ, նույն հիմնավորմամբ Գեղարքունիքի մարզպետարանին էլ հատկացվել է 44 միլիոն 196 հազար դրամ: Երեկվա դրությամբ ողջ գումարն արդեն հատկացվել էր:
Այսպիսով՝ մարզի բնակիչների «թատերական կյանքի» խնդիրներն ապահովված են: Անհրաժեշտության դեպքում մյուս մարզպետարանները եւս կարող են «ներկայացումներ» կազմակերպել, ցանկության դեպքում՝ ավելի արյունոտ եւ դրամատիկ, քան, ասենք, Սյունիքում են բեմադրում:

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ
«Երկրում պետք է վստահություն լինի, որ գումարներ ներդրվեն: Առանց ներդրման ոչ մի դեպքում զարգացում չի կարող լինել»,-այս մասին այսօր «Մուլտի Գրանդ» հյուրանոցի բացման ժամանակ նշել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նա հավելել է. «Ես լիարժեք տիրապետում եմ իրավիճակին, եւ ձեռքս պուլսի վրա է: Ինչպես 2009 թվականին էի ասում, որ պետք է արտոնություն ու հնարավորություն տրվի մարդկանց, ոչ թե հարկերը բարձրացվի, ավելի խեղճացնեն, ավելի խեղդեն, այլ ընդհակառակը, պետք է պակասեցվեն, որ մարդիկ կարողանան աշխատել, ապրել: Եվ տեսանք, որ արդյունքում 2009 թվականի ասածս եղավ»:

 

ԿՓԱԿԵ՞Ն ԿԵՏԵՐԸ
Փոխանակման կետերում սպեկուլյացիաների շարունակման դեպքում Կառավարությունը կքննարկի փոխանակման կետերի գործունեությունը օրենսդրորեն կտրուկ սահմանափակելու հարցը: Այս մասին NEWS.am-ին ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով արտարժույթի շուկայում վերջին օրերին գրանցված տատանումներին:
«Ամբողջ աշխարհում արժութային շուկայում առկա է սպեկուլյատիվ վարք: Որպես կանոն դա արվում է համապատասխան հարթակներում՝ որոշակի կանոններով, եւ դրա անմիջական ազդեցությունը վերջնական սպառողի վրա միջնորդավորված է եւ ավելի չափավորված: Ցավոք, Հայաստանում այս առումով սպեկուլյատիվ վարքի ամենացցուն օրինակները, կարծես թե, փոխանակման կետերում են, որոնք հաճախ կոնկրետ շահեր են սպասարկում: Նման վարքի շարունակականության պարագայում Կառավարությունը կքննարկի ինքնուրույն փոխանակման կետերի գործունեության օրենսդրական կտրուկ սահմանափակման խնդիրը»,-ասել վարչապետը:

 

ԵՏՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՀԵՏԱՁԳՎԻ
Ղրղզստանի Կառավարության նիստում վարչապետ Ջոոմարտ Օտորբաեւն անսպասելի կերպով առաջարկել է հետաձգել ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցելու վերաբերյալ պայմանագրի քննարկումը: Կառավարության ղեկավարը հայտնել է, որ փորձագետներն այս պահին գտնվում են Մոսկվայում, եւ բանակցությունները շարունակվում են:

 

ԿՇԱՀԵՆՔ
«Միացյալ Նահանգները ցանկանում է աջակցել Հայաստանին՝ ստեղծելու ռազմավարական հնարավորություններ, որպեսզի Երեւանը կարողանա շահել ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Արեւմուտքի հետ համագործակցությունից»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը:
«Կարծում ենք՝ Հայաստանը կարող է շահել երկու կազմակերպությունների, երկու կողմի հետ հարաբերություններից էլ: Օրինակ՝ անվտանգության ոլորտում Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է եւ դաշնակից է կազմակերպության մյուս պետությունների հետ: Բայց միեւնույն ժամանակ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը շատ ամուր է, Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի գործողություններին եւ ՆԱՏՕ-ի միջոցով շատ գործ է արվում պաշտպանական ոլորտի բարեփոխումների հետ կապված: Ուստի Հայաստանը շահում է երկու կազմակերպությունների հետ համագործակցությունից, եւ երկու կազմակերպություններն էլ շահում են Հայաստանի հետ համագործակցությունից»,-հայտարարել է Հայաստանում իր պաշտոնավարումն ավարտած դեսպանը:

 

ԿՄԵԿՆԻ
Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 22-ի երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Նա մասնակցելու է Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի նստաշրջանին եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:




Լրահոս