Տավուշում աղմկահարույց սպանությունների հեղինակը նախապես փորել էր իր գերեզմանափոսը (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժանի Տավուշի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր.-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի  և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է այսօր Տավուշի մարզի Նավուր գյուղում տեղի ունեցած արտակարգ միջադեպի փաստով:
Ֆոտոլրագրողը նոր մանրամասներ է հայտնում տեղի ունեցածի վերաբերյալ: Ըստ Շամշյանի, հավանաբար, սպանությունները կատարած Վալենտին Սարգսյանը նախորոք պլանավորած է եղել իր անելիքը, քանի որ մինչև նշված տուն գնալը նա 2-3 օր անցկացրել է իր ծնողների գերեզմանատանը, մաքրել է գերեզմանը, գերեզմանից շրջակայքից հեռացրել մոլախոտերը և իր ծնողների գերեզմանի կողքին գերեզմանափոս է փորել: Շամշյանի տեղեկություններով՝ նա նախկինում դատապարտված է եղել, իսկ իր սեփական տան բակում աճեցրել է կանեփ:
Գյուղացիները Գ. Շամշյանին նաև պատմել են, որ նրա երկու տղաները գտնվում են Սանկտ Պետերբուրգում: Բերդի հիվանդանոցում ֆոտոլրագրողին հայտնել են, որ այս պահին 62-ամյա Բորիս Պետրոսյանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, և միայն վաղը բժիշկները վերջնական պատասխան կտան հիվանդի եզրակացության մասին և հնարավոր է անհրաժեշտ լինի նրան տեղափոխել Երևան:
Ինչպես ավելի վաղ armlur .am-ին հայտնել էր Գ. Շամշյանը, այսօր. առավոտյան, ժամը 12.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Նավուր գյուղում Տավուշի մարզի բնակիչ 53-ամյա Վալենտին Սարգսյանը մտել էր իր աներոջ տուն և հայհոյանքներ տալով այնտեղ գտնվող իր կնոջը, աներորդուն, նրա կնոջը և մի քանի հոգու` սպառնացել է, որ իր մոտ եղած նռնակը կպայթեցնի:
Վիճաբանության ընթացքում նա իր մոտ եղած նռնակը պայթեցրել էր, ինչի հետևանքով ինքը, իր կինը՝ 61-ամյա Թամարա Հարությունյանը, աներորդու կինը՝ 60-ամյա Լարիսա Պետրոսյանը, մահացել են, իսկ աներորդին՝ 62-ամյա Բորիս Պետրոսյանը, մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է Շամշադինի բժշկական կենտրոն:
Հարևանները ֆոտոլրագրողին պատմել էին, որ երկու օր առաջ ամուսինների միջև վիճաբանություն էր տեղի ունեցել, և կինը ամուսնու տանից թողել, եկել է հայրական տուն:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ պայթյունի արդյունքում սատկել է նաև տան շունը:
 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս