ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Թոռնիկս՝ Արամ Պետրոսյանը, 17 տարեկան է եւ որոշել է ամառային արձակուրդների ընթացքում աշխատել՝ ժամանակն անիմաստ չկորցնելու համար: Սակայն իմացանք, որ մինչեւ տասնութ տարեկան լինելու դեպքում կան սահմանափակումներ, եւ նրան ոչ բոլոր աշխատանքներում է, որ կարող են  ներգրավվել: Որտե՞ղ է գրված այդ մասին:

Աղավնի Պետրոսյան, 69 տարեկան, թոշակառու

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 257-րդ հոդվածով սահմանվում է.
Մինչեւ տասնութ տարեկան անձինք չեն կարող ներգրավվել՝ կատարելու՝
1) ծանր աշխատանքներ,
2) թունավոր, քաղցկեղածին կամ առողջության համար վտանգավոր գործոնների ազդեցությամբ արտադրություններում աշխատանքներ,
3) աշխատանքներ, որոնց կատարման ժամանակ հնարավոր է իոնացած ռադիացիայի ազդեցությունը,
4) աշխատանքներ, որոնց կատարման ժամանակ առկա է դժբախտ պատահարների կամ մասնագիտական հիվանդություններով հիվանդանալու մեծ հավանականություն, ինչպես նաեւ աշխատանքներ, որոնց անվտանգ իրականացումը պահանջում է բարձր զգոնություն կամ փորձառություն:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի
նախարարություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գովելի է, որ 17-ամյա տղան արդեն իսկ ցանկություն ունի աշխատանքի անցնել: Ճիշտ է, նրա ամառային վաստակը մեծ գումար չի կազմի, բայց եւ պատանին աշխատանքային փորձ ձեռք կբերի: Նրա ծնողներին էլ խորհուրդ կտայինք հետեւել ՀՀ աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածի սահմանափակումներին՝ երեխային հեռու պահելով առողջության համար վտանգավոր աշխատանքներում ներգրավվելուց:




Լրահոս