ՆԱԽԱՐԱՐԻՑ-ՍՈՒՊԵՐՆԱԽԱՐԱՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ 2014 թվականին ՕԵԿ-ից դուրս գալը եւ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի հետ համագործակցությունը դադարեցնելը բնականոն երեւույթ էր, որը տեղի ունեցավ: Այնուամենայնիվ, ըստ Երիցյանի, անձնական մակարդակով շփումների դադարեցումը ոչ ցանկալի երեւույթ էր:

-Պարո՛ն Երիցյան, ՀՀ ԱԻՆ ու ՏԿ նախարարությունների միավորումից հետո Դուք հայտարարեցիք, որ լայն թափով սկսելու եք Ձեր գործունեությունը: Խնդրում եմ նշեք, թե այս ժամանակահատվածում ի՞նչ եք հասցրել անել եւ արդյո՞ք կարողացել եք նախատեսված ծրագրերն իրագործել:
-Մեր առաջին գործառույթը, որը սկսել ենք, մեկ միասնական նախարարության ձեւավորումն է: Աշխատում ենք մարզերի ու համայնքների հետ: Դուք գիտեք, որ Հայաստանում կա 915 համայնք, ես նախատեսել եմ, որ պետք է մարզերում լինեմ, համայնքների խնդիրներին ծանոթանամ: Արդեն Արագածոտնի մարզում եմ եղել, հանդիպել եմ համայնքի ղեկավարների հետ, նախատեսված է նաեւ Տավուշի մարզ կատարելիք այց-ծանոթություն: Մի խոսքով, եթե ասենք, ապա աշխատանքները կատարվում են ու ընթացքի մեջ են, մենք շատ պլաններ ունենք, որոնք ժամանակի ընթացքում ենք իրագործելու: Պետք է հասկանանք՝ ինչը որտեղ է, ու ինչ ենք անելու, ֆունկցիաները շատ-շատ են, ու երկու նախարարությունում էլ կան պատրաստի թիմեր, որոնք միավորելով էլ մենք առաջ կգնանք:
-Ձեր նշանակումից հետո հայտարարել էիք, որ ամենահեռավոր գյուղն էլ գնալու եք ու լսելու եք գյուղացիներին, նրանց խնդիրները: Ո՞ր գյուղն եք գնացել, պարզե՞լ եք, թե գյուղացին ինչ խնդիր ունի:
-Նախօրեին մենք եղել ենք Թեղուտում, Շնողում, որտեղ ես գյուղապետերի հետ եմ զրուցել, իրենց, այսպես ասած, դարդերին եմ ծանոթացել, տեղեկացել եմ, թե ինչ խնդիր ունեն: Ես ունեմ նաեւ իմ անձնակազմը, որը ինձ ներկայացնում է բոլոր գյուղերի գազաֆիկացիաների, ջրի եւ այլ բնույթի խնդիրները… Ու, ընդհանրապես, գյուղի անձնագիրը՝ ով ինչ խնդիր ունի: Ես չեմ ուզում ասել, որ մինչեւ այս ոչ ոք ոչինչ չի արել, ուղղակի ես ուզում եմ, որ այդ խնդիրները մենք տեսնենք ու գտնենք դրանց լուծումները: Ես իմ գործընկերներին խնդրել եմ, որ իրենք էլ ներկայացնեն իրենց տեսլականը, մարզերում ինչ խնդիր են տեսնում, որ կարողանանք լուծել: Ախր մենակ գյուղ գնալով չի, որ ասեն՝ Արմեն Երիցյանը եկել է գյուղ ու վերջ, պետք է հասկանանք՝ ինչ խնդիր կա գյուղում, դրանք լուծենք: Ես մշտապես էլ գյուղերում եղել եմ, այժմ ավելի ընդլայնված է, հիմա պետք է կոնկրետ հասկանալ նրանց խնդիրները: Դարդեր կան, որոնց լուծման համար գումար պետք չի, պետք չի ինչ-որ տեխնիկա, պետք է ուղղակի որոշում կայացնել:
-Տեսակետ կա, որ Դուք լինելով ոստիկան՝ այդ հոգեբանությամբ եք աշխատում ու այս ոլորտը չեք կարողանալու ղեկավարել, ավելին՝ դա շատ շուտով ակնհայտ կդառնա, քանի որ գյուղապետերին ու մարզպետներին կառավարելը ամենադժվար աշխատանքն է: Մտավախություն չունե՞ք, որ իսկապես կարող եք երկու նախարարությունների աշխատանքը ձախողել:
-Ոստիկանը սովորական ՀՀ քաղաքացի է ու ինքը մտածում է ՀՀ քաղաքացու մասին: Դա թույլ մարդկանց խոսակցություններ են, բացի ոստիկան լինելուց՝ ես իմ ամբողջ կյանքը զբաղվել եմ գիտությամբ, այդ խոսացողներն ընդամենն այն մարդիկ են, որոնք ուզում են, որպեսզի երկրի համար լավ բան չլինի: Ես ուզում եմ նրանց բոլորին հուսախաբ անել, քանի որ շուտով մենք մեր աշխատանքով ամեն ինչ ցույց կտանք, իսկ այն մարդիկ, ովքեր վարկաբեկում են, հենց իրենց հետ էլ կհամագործակցենք: Ով որ ինձ խանգարելու է, ինքն էլ ինձ օգնելու է, ինքը դա չի գիտակցելու, բայց օգնելու է:
-Պարո՛ն նախարար, Դուք դասվում եք այն պետական պաշտոնյաների թվին, որոնց համարում են սեփական PR-ով չափից շատ զբաղվող, ոմանք կարծիք են հայտնում, թե «ընկնելով» Ձեր PR-ի «հետեւից»՝ իրական աշխատանքը թողնելու եք երկրորդ պլանում եւ այդպիսով ձախողելու եք…
-(Ծիծաղում է Ս. Գ.) Այսօր ամենաանպաշտպանը մենք ենք՝ անձինք, ովքեր պաշտոն ունեն, եթե գնում ես գյուղ, ասում են՝ PR է, եթե չես գնում, ասում են՝ պատվից ցածր է համարում գյուղ գնալը, գյուղացու հետ զրուցելը, եթե գնում ես, գյուղացու հետ նստում, մի կտոր հաց ու պանիր ես ուտում, ասում են՝ նկարվելու համար է արել: Դրա համար ես չեմ ուզում, որ ինձ հետ որեւէ մեկը գա, ինձ պետք չի, որ լրագրողները գրեն, թե Երիցյան Արմենը սահմանամերձ գյուղեր է գնացել, ինչը որ հիմա մոդայիկ է: Պետք չի, որ գան, գրեն, թե Երիցյանն ինչ-որ տեղ գնաց, ինչ-որ բան արեց, հետո էլ հայտարարեն, թե ես իմ PR-ով եմ զբաղված: Եթե ես չգնամ գյուղ, գյուղացու հետ չշփվեմ, բա ո՞նց անեմ, միայն պատմելով՝ չես կարող ղեկավարել:
-Երեւի շուտով Ձեր երազանքն իրական կդառնա, քանի որ նախատեսվում է ՀՀ ներքին գործերի նախարարություն ստեղծել, որի ղեկավարը Դուք պետք է նշանակվեք: Կհամաձայնե՞ք կրկին ոստիկանության համակարգ վերադառնալ:
-Ես բազմիցս ասել եմ, որ 30 տարի աշխատել եմ ոստիկանության համակարգում, ես արդեն իմ պարտքը կատարել եմ իմ հայրենիքի առջեւ՝ որպես ոստիկան: Ես դա ասել եմ նաեւ ոստիկանության տոնին, որ հարգելի՛ ոստիկաններ, հարգելի՛ գործընկերներ, ես չեմ ձգտում դառնալ ոստիկանապետ, ես նախարար եմ, ու իմ առջեւ բազմաթիվ խնդիրներ կան դրված, որոնք ես կատարում եմ: Ոստիկանության պետ կա, աշխատում է: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ստեղծվելու է ներքին գործերի նախարարություն, դա ուշ թե շուտ լինելու է, իսկ այդ պաշտոնի նշանակումը կատարելու է ՀՀ վարչապետի առաջարկությամբ՝ ՀՀ նախագահ: Ես ուզում եմ այժմ գլուխս կախ իմ աշխատանքով զբաղվել:
-Դուք հիմա սուպերնախարար եք, ի՞նչ զգացողություններ ունեք, այդ կարգավիճակը Ձեզ ոգեւորե՞լ է:
-Նախ ասեմ, որ շատ դժվար է, օր ու գիշեր պետք է աշխատել, այդ տարիքից դուրս եմ եկել, հիմա չպետք է ոգեւորվել, պետք է աշխատել:
-Ո՞րն է 2014 թվականին Ձեր ձեռքբերումն ու կորուստը: Կորուստ համարո՞ւմ եք ՕԵԿ-ի շարքերից հեռանալը, Արթուր Բաղդասարյանի հետ հարաբերությունների խզումը:
-Տհաճ է, որ երկար ժամանակ ընկերություն ես անում, սակայն հետո ինչ-ինչ պատճառներով այլեւս չես շփվում, եթե չլիներ նման բան, ավելի լավ կլիներ, որ ցանկալի էր: Ես միշտ էլ ասել եմ՝ ամեն մարդ իր ճանապարհն ունի: Դա բնականոն գործընթաց էր: Ես կորուստ համարում եմ իմ ժամանակը, 2014 թվականին նույնպես ես իմ ընտանիքի հետ քիչ եմ շփվել, որն ինձ համար կորուստ է: Ես իմ ընտանիքին շատ եմ սիրում:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

 

ԲԱՂՐԱՄՅԱՆՈՒՄ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԿԱՆԱՅՔ ԵՆ

Նախօրեին ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում ավագանու հետաքրքիր ընտրություններ են տեղի ունեցել: Բանն այն է, որ այս համայնքում ավագանու անդամների արտահերթ ընտրությունների համար առաջադրված հինգ թեկնածուներից չորսը կին է եղել՝ ՀՅԴ-ական Ժաննա Թավակալովան, ով հավաքել է 151 ձայն, ՀՀԿ-ական Մաքրուհի Ղազարյանը, ով ստացել է 47 ձայն, անկուսակցական Մանիկ Մինասյանը՝ 49 ձայն, Ալվարդ Սարգսյանը՝ 11 ձայն եւ ավագանու ընտրված անդամներից միակ տղամարդը՝ Նարեկ Տոմիկյանը՝ 42 ձայն: «Ժողովուրդ»-ը զրուցել է գենդերային` կանացի անհավասարություն արձանագրած համայնքի ղեկավար Կայծակ Մկրտչյանի հետ:

-Պարո՛ն Մկրտչյան, ո՞րն է պատճառը, որ Ձեր համայնքում առավելապես կանայք են առաջադրել իրենց թեկնածությունը:
-Տղամարդիկ հարմար չեն գտել, չեն առաջադրվել: Այս տարվա հունիս ամսից համայնքապետարանի աշխատանքները պարալիզացված են, քանի որ տղամարդիկ իրենց սոցիալական ծանր պայմաններից ելնելով՝ Հայաստանում չեն, մեկնել են արտագնա աշխատանքի՝ ՌԴ: Բացակայում էին, դրա համար էլ նիստեր չէին կայանում: Բացի այդ՝ մարդուն ավելի ձեռնտու է գնա իր հողն ու ծառը ջրի, քան թե գա ու նիստ անի:
-Մտավախություն չունե՞ք, որ մի օր էլ Ձեր պաշտոնում բացառապես կին թեկնածուներ կառաջադրվեն, եւ Բաղրամյանի հաջորդ համայնքապետը կին կլինի:
-Չեմ մտահոգվում: Գյուղի յուրաքանչյուր փողոցից մի կին է առաջադրվել: Ոչ մի պայման չկա այստեղ ապրելու, բա տղամարդիկ մնան այստեղ, ի՞նչ անեն:
-Ի՞նչ եք կարծում՝ կանայք կկարողանա՞ն գլուխ հանել:
-Ինչի չեն կարող: Լո՞ւյս պետք է քաշեն, թե՞ ստոլբա տեղադրեն կամ ասֆալտ անեն: Իրենք իրենց օբյեկտիվ հարցերն առաջ կքաշեն նիստերին, գյուղապետարանն էլ կանի: Խելք խելքի կտանք, կանենք: Թազա նոր Մոսկվան չպետք է ստեղծենք:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

ԼՈՒՐԵՐ

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար Գորիկ Հակոբյանը դեկտեմբերի 20-ին՝ ԱԱԾ աշխատակիցների օրվան նվիրված միջոցառման ժամանակ, ընդդիմադիր ուժերին ուղղակի սպառնացել է: Վերջինս հայտարարել է, թե իբր որոշ քաղաքական ուժեր «ապստամբությունների, իշխանություններին ուժով տապալելու» կոչեր են հնչեցնում: Այդ ամենը Գորիկ Հակոբյանը որակել է որպես սահմանադրական կարգը տապալելուն ուղղված կոչեր եւ սպառնացել է, որ իրենք ամեն ինչ անելու են՝ նման դրսեւորումները կանխելու համար: Հաշվի առնելով մեր երկրի անվտանգությանը սպառնացող իրական վտանգները՝ տարօրինակ է, որ ԱԱԾ ղեկավարը, դրանց կանխարգելմանն ուղղված իր անմիջական գործառույթների իրականացումը թողած, որոշել է խառնվել ներքաղաքական թեմաներին:

 

ԷԼԻ ՔԵՖ ԿԱՆԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը որոշել է նախարարության աշխատակիցների համար Ամանորին նվիրված տոնական միջոցառում կազմակերպել «Ուրարտու» ռեստորանային համալիրում: Տոնական միջոցառումը նախատեսված է անցկացնել դեկտեմբերի 25-ին: «Ժողովուրդ»-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարի մամուլի քարտուղար Անի Սմբատյանից փորձեց պարզել, թե արդյոք այս «քեֆն» էլ է պետական բյուջեի միջոցների հաշվին կազմակերպվելու: Մամլո խոսնակը հավաստիացրեց, որ միջոցառումը պետական բյուջեի միջոցներով չի անցկացվելու: Իսկ թե ո՞վ է ֆինանսավորելու գյուղատնտեսության նախարարության աշխատակիցների «քեֆը», խոսնակը չգաղտնազերծեց:

 

ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ԽԱՆՈՒԹ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն աճուրդի է հանել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի խանութներից մեկը: Սա եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ մանր եւ միջին գործարարներն այլեւս դժվարություններին չեն կարողանում դիմանալ, ինչի արդյունքում Հայաստանի գյուղերն օր օրի դատարկվում են: Այդ իսկ պատճառով 2 մլն 906 հազար դրամով աճուրդի դրված խանութը ձեռք բերելու համար երեկվա դրությամբ որեւէ հայ չկար: Տեղեկացնենք, որ աճուրդի ավարտին մնացել է հինգ օր:




Լրահոս