Կոկա-կոլան, Պեպսին ծնվել են հարավում: Երկրորդի բաղադրությունը մշակել է նախկին սպա Կալեբ Բրեդհեմը: Կալեբը ժամանակին ստիպված էր դուրս գալ բժշկական ինստիտուտից, քանի որ նրա հոր գործերը շատ վատ էին ընթանում: Ուստի՝ ապրուստ հայթայթելու միակ ելքը սեփական գործ սկսելն էր: 1893 թվականին նա բացում է իր դեղատունն ու սկսում սոդայով ջուր վաճառել: Նա այնպիսի մարդկանցից էր, ով տեղում հանգիստ չէր նստում և օրերով կարող էր տարբեր փորձեր անել՝ հիմնվելով իր ունեցած գիտելիքների վրա:
Հենց այդ փորձերից մեկի արդյունքում էլ Կալեբը մի օր տեսնում է, որ Կոկա-կոլայի համ համի նման մի հյութ է ստացվել, որն ինքը նախատեսել էր ստամոքսի ցավի դեմ որպես հակամիջոց: Այդ հյութը նա անվանեց Brad’s Drink, որի նախնական բաղադրության մեջ մտնում էր վանիլին, պեպսին, տրոպիկական մրգերի յուղ, շաքար, կոլայի պտուղներից պատրաստած հեղուկ և այլն: Բայց Կալեբը դժգոհ էր հյութի անունից, քանի որ հնչեղ չէր և հարկավոր էր փոխել այն: Եվ քանի որ հյութի մեջ կար պեպսին և կոլա, որոշեց, որ հյութը կարելի է վերանվանել Pepsi-Cola: 1898 թվականի օգոստոսի 28-ին հյութը վերանվանվեց Pepsi-Cola: Իհարկե, վերանվանումը չստացվեց, քանի որ այն պատկանում էր սնանկացած մրցակիցներից մեկին: Եվ Կալեբը նրանից Pepsi-Cola անունը գնեց 100 դոլարով:
Այսպիսով՝ լույս աշխարհ եկավ Pepsi-Cola-ն՝ Coca-cola-ից 12 տարի ուշ, և այն երկրորդն էր: Կալեբը մտածում էր, որ հյութի վաճառքի համար հարկավոր է լավ գովազդ: Եվ այդ լավ գովազդը հայտնվեց 1903 թվականին, երբ New Bern Sun Journal թերթում Պեպսին գովազդվեց որպես մարսողության համար օգտակար հյութ: Կալեբը մտածում էր, որ միայն հայտնի մարդկանց միջոցով կարելի է լավ ապրանքը գովազդել, ուստի՝ որպես գովազդային դեմք ընտրեց ավտոարշավորդ Բառնի Օլդֆիլդին: 1909 թվականին հայտնվեց Բառնիի մասնակցությամբ գովազդը հետևյալ տեքստով՝ «Հիանալի հյութ, որը թարմացնում, էներգիա է տալիս և լուրջ խթան հանդիսանում մրցույթից առաջ»: Պեպսին սկսեց շատ լավ վաճառվել, և Կալեբ Բրեդհեմը սկսեց հարստանալ:
Սակայն Առաջին համաշխարհային պատերազմը խառնեց ընկերության խաղաքարտերը, քանի որ շաքարի գները բարձրացել էին: Կալեբը մեծ պարտքեր կուտակեց և չկարողացավ մարել դրանք: Սնանացումն այնպես արագ եղավ, որ 1922 թվականին նա պարզապես թողեց այս բիզնեսը: Ինչպես Կոկա-կոլայի դեպքում, երբ Պեմբերտոնը վաճառեց այն, Կալեբը ստիպված էր նույնպես վաճառել իր Պեպսին, որն էլ գնեց Ռոյ Մեգարջելը 30 հազ դոլարով: Այստեղ մի ցավալի դեպք է լինում ընկերության պատմության մեջ, երբ սնանկացումը ձևակերպելու համար Կալեբը ստիպված էր ֆեդերալ դատարանի և ներկաների առջև հայտնել Պեպսիի ստեղծման ֆորմուլան: Սակայն Մեգարջելը նույնպես չկարողացավ պահել Պեպսին, քանի որ 1932 թվականին ընկերությունում հրդեհ եղավ և ամեն ինչ ջուրն ընկավ: Մեգարջելին օգնության եկավ նրա գործընկերը, ով կիսով չափ գնեց Պեպսին:
Բայց Պեպսին չպիտի վերանար, քանի որ այդ ծանր պահին հայտնվում է Չարլզ Գուտը՝ Loft Corporation-ի ղեկավարը, որը խանութների ցանց էր, որտեղ վաճառում էր նաև Coca-cola: Բայց Գուտն անիմաստ տեղն այն չգնեց, քանի որ նրան մի քանի անգամ Coca-cola-ն զեղչերի տրամադրման համար մերժել էր, ինչն էլ նրա մոտ զայրույթ էր առաջացրել: Վիրավորանքը մտքում պահելով՝ Գուտը որոշեց դառնալ Կոկա-կոլային մրցակից: Այստեղ մի հետաքրքիր փաստ ևս: Գուտը հրաժարվում է իր խանութներում Կոկա-կոլա վաճառել, բայց մի դրվագ մնում է պատմության մեջ: Այն մարդիկ, ովքեր ցանկանում էին Կոկա-կոլա խմել, Գուտը նրանց Պեպսի էր տալիս, բայց չէր ասում, որ դա Պեպսի է: Այսպես նա իր նոր հյութը կամաց-կամաց տարածում էր: Այս լուրը գալիս հասնում է Կոկա-կոլա ընկերություն և բոլորը սկսում են մտածել` ինչ անել հանցանքի պահին Գուտին բռնելու համար:
Կոկա-կոլան գաղտնի գործակալներ է վարձում և ուղարկում Գուտի խանութներ: Հենց այդ օրվանից սկսվում է այս ընկերությունների դատական հավերժ գործընթացը, քանի որ Կոկա-կոլան դատի էր տվել իր հյութի փոխարեն Պեպսի ներկայացնելու համար, իսկ Պեպսին՝ անօրինական գործակալների առկայության համար:
Այս պատմությունն այնպես էր զայրացրել Մեգարջելին, որ նա մտադիր էր Պեպսին վաճառել Կոկա-կոլային շատ էժան գնով: Բայց Ատլանտայի հսկան մերժում է և չի գնում Պեպսին: Գուտն ամբողջությամբ որոշում է գնել Պեպսին 35 հազ. դոլարով և դառնում է ընկերության սեփականատերը:
Գուտն անընդհատ մտածում էր, թե ինչ անել, որպ Կոկա-կոլան ուժեղ հարված ստանա: Առջևում 30-ականների Մեծ դեպրեսիան էր, որն էլ լավ առիթ հանդիսացավ Պեպսիի համար, որպեսզի հարվածի Կոկա-կոլային: Գուտը սկսեց մտածել և ուսումնասիրել Կոկա-կոլա-ն: Սակայն նա չկարողացավ որևէ լուրջ քայլ անել, բայց Գուտի երազանքն իրականացրեց նրան հաջորդողը՝ Ուոլտեր Մեքը:
1915 թվականին Կոկա-կոլայի դիզայները մշակել էր 6 ունցիայանոց շիշ, որն ընդգծում էր Coca–Cola-ի յուրահատկությունը: Մոտակա տարիների ընթացքում Կոկա-կոլան թողարկել էր շուրջ 6 մլրդ այդպիսի շշեր և բոլորից տարբերվում էր այդ շշով: Կոկա-կոլան այդ տարիներին հպարտանում էր իր շշի տեսքով, որը գովազդվում էր ամեն տեղ: Իսկ Մեքը մտածում էր՝ ինչ անել, որ այս շիշ կոչված ուժեղ կողմը վերածել թուլության: Նա տեսնում է, որ Կոկա-կոլան ունի 6 ունցիայի շիշ, իսկ ինքը կարող է Պեպսիի շիշը մեծացնել մինչև 12 ունցիա և վաճառել նույն գնով: Հետաքրքիրն այն է, որ Կոկա-կոլան գովազդի վրա ծախսում էր 15 մլն դոլար, իսկ Պեպսին` ընդամենը 600 հազ դոլար: Ահա և առանց լուրջ ներդրումների մարքեթինգը, որն իսկապես հօգուտ Պեպսիի հիանալի աշխատեց: Մտքի հանճարեղությունը կայանում էր նրանում, որ Պեպսին հարվածում է հենց սրտին՝ անընդհատ գովազդվող շշին, գինը պահում նույնը և ավելի շատ հյութ առաջարկում:
1939 թվականն էր, երբ ռադիոյով հնչում է հետևյալ բառերը՝ «Պեպսի-կոլան արդեն ճանապարհին է: 12 ունցիան էլ բավականին շատ է, քանի որ վճարում ես նախկինի պես, բայց ստանում ես կրկնակի շատ»: Բրենդը հայտնի դարձավ, հատկապես՝ երեխաների շրջանում, քանի որ ակնհայտ է` քաղցրավենիքի ու հյութերի պարագայում երեխաները նախընտրում են քանակությունը: Պարզ է դառնում նաև, որ Պեպսին ստանում էր այն հաճախորդներին, ովքեր խնայում էին ամեն ինչում, եթե կարող էին 5 ցենտով ավելի շատ հյութ խմել, ինչո՞ւ չփորձել: Այսպիսով Պեպսին կարողանում է այնպիսի շահ ներկայացնել, որ մարդիկ փորձեն այդ հյութը: Կոկա-կոլան շատ բարդ դրության մեջ էր, քանի որ տարայի չափսերը մեծացնելն անհնար էր, որովհետև դեն էր նետելու արդեն արտադրված միլիարդավոր տարաները: Գները նույնպես չէր կարող իջեցնել, քանի որ գումարն ընդունող ավոտոմատներն ընդունում էին միայն 5 ցենտը: