Հայ բանաստեղծ, հրապարակախոս և մանկավարժ Սմբատ Շահազիզը ծնվել է 1840 թվականին Աշտարակ գյուղում՝ եկեղեցականի ընտանիքում։ Ունեցել է հինգ ավագ եղբայրներ։ Մինչև տաս տարեկանը լրանալը սովորել է տեղական դպրոցում, 1851 թվականին հայրը ուղարկում է նրան Մոսկվա՝ Լազարյան ճեմարանում սովորելու։ Ավարտում է այն 1862 թ.-ին, ապա մնում է ճեմարանում իբրև հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ Ուսման տարիներին նա ոգեշնչվում է Ալիշանի, Նալբանդյանի և Պատկանյանի ստեղծագործություններով և ջերմ բարեկամությամբ կապվում է իր ուսուցիչներից Ստեփանոս Նազարյանցի հետ։
Մանկավարժական ասպարեզը թողնում է 35 տարի աշխատելուց հետո։ 1895 թվականին լույս է տեսնում նրա «Լևոնի վիշտը և զանազան բանաստեղծություններ» վերնագրով ժողովածուն, որից հետո նա փաստորեն այլևս չի ստեղծագործում և հանդես է գալիս հրապարակախոսական բնույթի գործերով։ Նա ծանրաշարժ էր և հասարակական քաղաքական ակտիվ գործերից հեռու, զգույշ։ Ամբողջ 55 տարիների ընթացքում միայն մի անգամ է այցելել իր ծննդավայրը։ Շահազիզը վախճանվեց 1907 թվականին։
Գրական գործունեությունն սկսում է 1862թ-ին։ Բեղմնավոր շրջանը տևում է ընդամենը մի քանի տարի։ Այդ տարիները տալիս են այն, ինչը որ կազմում է Ս. Շահազիզի ամբողջ գրական բովանդակությունը։ Իր կյանքի հետագա 42 տարիների ընթացքում գրում է միայն ոտանավորներ՝ ոչինչ չավելացնելով իր գրական անվանը։ Այդ տարիների ընթացքում նա գրում է նաև մի քանի հրապարակախոսական գրվածքներ։
Սմբատ Շահազիզը «Հյուսիսափայլի» հետևողներից էր, բայց շատ չափավոր։ Այն, ինչ «Հյուսիսափայլի» ղեկավարները հրապարակախոսության միջոցով էին ուսուցանում, Սմբատ Շահազիզը փորձում էր քարոզել բանաստեղծական գրվածքներով։ Ազգ, հայրենիք, փոքր ինչ վերակազմված եկեղեցի – ահա Շահազիզի բանաստեղծության առարկան։ Թույլ էր նրա կարողությունը, կարճ՝ նրա արվեստի շունչը։ Նրա ոգևորության ուժ տվող աղբյուրները եղել են ռուսական և եվրոպական մի քանի գրողներ։ Այդ ազդեցությունն այնքան մեծ էր, որ գրելիս նա չի կարողացել սահմանազատել դրսից կրած ազդեցությունը և իր ինքնուրույնությունը։
Այդ իսկ պատճառով նրա ինքնուրույն հաջողված գործերը, օրինակ՝ «Ազնիվ ընկերը» կամ «Երազը», ավելի շուտ ազատ թարգմանություններ են քան ինքնուրույն գործեր։ Շահազիզի ստեղծագործությունների վրա էական ազդեցություն է ունեցել Բայրոնը. նրա «Լևոնի վիշտը» պոեմը բայրոնիզմի ազդեցության տակ է գրված։ Շահազիզի առաջին բանաստեղծությունները՝ «Ազատության ժամեր» ընդհանուր վերնագրով, տպագրվեցին 1860 թվականին։ Նրա ստեղծագործության համար առհասարակ բնորոշ են ժողովրդի լուսավորության և ազատության՝ այդ «սուրբ աքսորականի» գաղափարներին նվիրված ոտանավորները։ Շահազիզը խիստ հարձակումներ է գործում կղերականության վրա՝ ներկայացնելով նրանց ոչ միայն լուսավորության հակառակորդներ, այլև մինչ անգամ քաղաքական ու սոցիալական առումով ժողովրդի դահիճներ.
Հովիվ դառնալով ազգին հոգևոր՝ Մի սարսափելի նպատակ ունեն՝ Որպես մոլեռանդ դահիճ թունավոր, Զրկել, պատառել ժողովուրդներին…։
Իրենց ժողովրդի «հովիվներ» և «առաջնորդներ» համարող հոգևորականները մշտապես դավաճանում են ազատագրության գործին, որով հայությանը պահում են կապանքների մեջ և շարունակ կեղեքում նրան։ Այս բոլորը շատ ավելի խիստ է ասված, քան ասել են նրա ժամանակակից բանաստեղծներից շատերը։
Բայց սրանով հանդերձ Շահազիզին բնորոշ է նաև հասարակական պատկերացումների անհետևողականությունը դեմոկրատական արմատական հայացքներից՝ դեպի լիբերալիզմի կատարած անցումները։ Այսպես՝ «Լևոնի վիշտը» լիրիկական պոեմում լուսավորության և առաջադիմության հակառակորդների սուր քննադատության կողքին արծարծվում է Էջմիածնում եկեղեցական պետերի հովանու տակ ակադեմիա ունենալու հարցը։ Ի դեպ, Շահազիզն առաջինն էր, որ պոեմի ժանրը օգտագործեց պատմական թեմաների փոխարեն՝ ժամանակակից կյանքի հուզող հարցերը ստեղծագործության նյութ դարձնելու իմաստով։
Շահազիզը, ով մեր քաղաքական պոեզիայի աչքի ընկնող ներկայացուցիչներից էր, հայտնի դարձավ նաև, այսպես կոչված, անձնական քնարերգությանը վերաբերող իր մի քանի փայլուն բանաստեղծություններով, որոնք Պեշիկթաշլյանի՝ այդօրինակ գործերի հետ նախապատրաստեցին Հովհաննես Հովհաննիսյանի հանդես գալը։ Բոլոր դեպքերում Շահազիզի այդ բնույթի գործերն էլ, ինչպես՝ «Երազ», «Ինձ մի սիրի», «Ոգի Հայաստանի», «Գիշեր», «Աշտարակ» և այլն, ունեն որոշակի հայրենասիրական շեշտվածություն։