ԻՆՉՈ՞Ւ ՀԻՇԵՑԻՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանական Chatham House հայտնի վերլուծական կենտրոնի հրապարակած զեկույցում սկանդալային գնահատականներ են հնչել Հայաստանի իշխանությունների մասին: Զեկույցում նշվում է, որ ՀՀ-ն տնտեսապես արդեն հանձնվել է Ռուսաստանին, ինչը սպառնում է նաեւ ՀՀ-ի ինքնիշխանությանը: Նաեւ նշված է, որ 2003թ. ՌԴ-ն տոտալ վերահսկողություն ձեռք բերեց ՀՀ-ի էներգետիկ շուկայի վրա: «Ռոբերտ Քոչարյանը` 1998-2008թթ. ՀՀ նախագահը, փաստացի վաճառեց ՀՀ-ն ռուսական միասնական էներգահամակարգին, Անատոլի Չուբայսին եւ ռուսական այլ առեւտրային ու քաղաքական շահերին»,-գրել է բրիտանական վերլուծական կենտրոնը: Ըստ նրանց՝ Քոչարյանի հաջորդ Սերժ Սարգսյանն ավելի քիչ ռուսամետ է թվում, սակայն 2008-ին, երբ նա ընտրվեց նախագահ, երկրի մեծ մասն արդեն վաճառված էր:

ՀԱՐՑ. Ինչո՞ւ հենց հիմա բրիտանական Chatham House հայտնի վերլուծական ընկերությունը հիշեց ՀՀ էքս նախագահին: Ձեր կարծիքով` այդ հրապարակումը հատկապես այս օրերին նախապես պատվիրվա՞ծ էր, թե՞ պատահականություն: Եթե պատվիրված էր, ապա ո՞ւմ կողմից:

ՊԱՏԱՍԽԱՆ. Եվրոպական ընկերություններն իրենց զեկույցներով տարբեր հետաքրքրություններ ունեն: Պետք չէ այս հարցն այդքան ուռճացնել եւ պատվեր փնտրել նրանում:

ԵՐՎԱՆԴ ԲՈԶՈՅԱՆ
քաղաքագետ

ՊԱՏԱՍԽԱՆ. Այս ամենը ես պատահականություն չեմ համարում: Այդ ընկերությունը թիրախ է ընտրել Ռոբերտ Քոչարյանին, եւ ես դեմ չեմ, որ Ռոբերտ Քոչարյանին թիրախ ընտրեն, քանի որ նա ամեն ինչ արել է այդ կարգավիճակում հայտնվելու համար: Շուտով նախագահական ընտրություններն են, եւ դիտարկվում է, որ թեկնածուներից մեկը Ռ. Քոչարյանն է, որն իր հետեւից լավ փառք չի թողել: Բրիտանական այս ընկերությանը եւ ընդհանրապես աշխարհին չի հետաքրքրում նրա լավ կամ վատ հետքը, բայց նկատելի է, որ արեւմուտքին Ռ. Քոչարյանի գործոնը չի բավարարում: Իսկ մեզ տեսանելի է, որ արեւմուտքն աջակցում է Սերժ Սարգսյանին,  եւ ամբողջությամբ տրամաբանական է, որ թիրախ են ընտրում Ռ. Քոչարյանին:  Համաձայն եմ այդ հրապարակման հետ, քանի որ Ռ. Քոչարյանը թալանեց երկիրն ու ամեն ինչ առք ու վաճառքի առարկա դարձրեց: Չի կարելի ասել, որ նույն ուղղությամբ չի գնում նաեւ Սերժ Սարգսյանը, պարզապես վերջինս բան չունի: Այնուամենայնիվ, այս ամենում ես քաղաքական պատվեր եմ տեսնում:

ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ
ՍԴՀԿ ատենապետ, ԱԺ պատգամավոր

Հ.Գ Այս հարցը մեկնաբանելու խնդրանքով «Ժողովուրդ»-ը դիմեց նաեւ ԱԺ պատգամավոր, Հանրապետական կուսակցության նորաթուխ անդամ Սամվել Ֆարմանյանին: Սակայն վերջինս ասաց, թե չի կարող անմիջապես պատասխանել, քանի որ պետք է խորը մտածի: Թե որքան կարող էր տեւել ԱԺ պատգամավորի բացառիկ մտածելու կարեւորագույն գործընթացը, հարց է, իսկ «Ժողովուրդ» օրաթերթը, ունենալով օպերատիվության խնդիր, այդքան «խորությամբ» չէր կարող սպասել նրա պատասխանին:

Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս