Օրեր առաջ ահաբեկիչների կողմից հարձակման ենթարկված ֆրանսիական Charlie Hebdo երգիծական թերթի երգիծաբաններից մեկը` հայազգի Մաթյե Մադենյանը, փրկվել է ահաբեկչությունից, քանի որ հունվարի 7-ին աշխատանքի չէր գնացել:
Asbarez.com-ը հայտնում է, որ արյունալի հարձակումից ժամեր առաջ նա զանգահարել է խմբագրություն ու տեղեկացրել, որ այդ օրն ինքն աշխատանքի չի գնալու: Նա ֆրանսիական Canal+ հեռուստաալիքի եթերում բացատրել է իր բացակայության պատճառը:
«Այդ առավոտ ես զանգահարեցի Hebdo-ի խմբագրություն` ասելու, որ չեմ գալու»,- պատմել է Մադենյանը` հավելելով, որ պատրաստվել է Սուրբ Ծննդյան տոներին Ֆրանսիայում մեծ տարածում գտած քաղցրավենիք գնել, նոր գնալ խմբագրություն:
Այս նախադասությունը լսելով` հեռուստահաղորդավարը բացականչել է.«Ձեր կյանքը փրկեց քաղցրավենիքը»:
«Դա ուղղակի անհավանական է: Մայրս արտասվելով զանգահարել էր ինձ` հարցնելու, թե որտեղ եմ, սակայն ես մտածում էի միայն զոհվածների մասին»,- նշել է ֆրանսահայ երգիծաբանը:
Հիշեցնենք, որ հունվարի 7-ին Charlie Hebdo-ի վրա տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է 12 մարդ` այդ թվում նաև երգիծական թերթի գլխավոր խմբագիրը: