ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՋՐԻ ՃԱՄՓԱ
Սերժ Սարգսյանը հունիսի 27-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն: Նա Բրյուսելում կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթաժողովին, հանդիպումներ կունենա ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի, ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարթենսի հետ:

ՀԱԿ-Ը «ԳՑԵԼ» Է
Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի պաշտպանությունն 8 ամիս իրականացրած փաստաբանը՝ Վարդուհի Էլբակյանը, դեռ վիրավորված է: Նրան հասանելիք 600 հազար դրամ գումարն Առաքելյանի ընտանիքը դեռ չի տվել, իսկ ՀԱԿ-ն էլ, որը ստանձնել էր փաստաբանի հետ բանակցելու առաքելությունը, չեզոք դիրք է գրավել: Փաստաբանի ավտոմեքենայի վրա արգելանքը մնում է:

ՉԵՆ ԿԱՐՃԻ
ՀՀ գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող եւ կիբեռ հանցագործությունների գործերով վարչության դատախազը որոշել է մերժել Ազգային Ժողովի պատգամավոր Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի բողոքը ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու մասին որոշումը վերացնելու մասին: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրել է գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը:

ԿԱՆԽԵԼ ԵՆ
Գերմանացի Քրիստոֆեր Շտրոսերի զեկույցը ստացել է  ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի հավանությունը: «Ա1+»-ի տեղեկացմամբ՝ «Քաղբանտարկյալի սահմանումը» խորագրով զեկույցն ընդգրկում է նաեւ ադրբեջանցի քաղբանտարկյալների պատմությունները: Սակայն զեկուցողն այդպես էլ հնարավորություն չի ունեցել այցելել Ադրբեջան եւ տեղում ծանոթանալ իրավիճակին: Ադրբեջանական իշխանություններն ամեն կերպ կանխել են նրա մուտքը եւ փաստահավաք առաքելությունն այդ երկրում: Հանձնաժողովի անդամներ են  հայ պատվիրակներից Զարուհի Փոստանջյանն ու Արմեն Ռուստամյանը, որոնք կողմ են քվեարկել գերմանացի պատվիրակի զեկույցին:

ՆՍՏԱՑՈՒՅՑ
Երկմալյան, Բուզանդի եւ Արամի փողոցների խաբված բնակիչները երեկ կառավարության շենքի մոտ նստացույց են հայտարարել` իրենցից վերցրած տների դիմաց նոր ձեւավորված կառավարությունից փոխհատուցում պահանջելով: Բնակիչները նշել են, որ խորհրդարանի ընտրություններից առաջ ՀՀԿ-ական պատգամավորի թեկնածուներն իրենց ձայների դիմաց խոստացել էին լուծում տալ խնդրին:

ՆՈՐ ԿԱԶՄՈՎ
Երեկ՝ հունիսի 26-ին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է ՀՀԿ-ից եւ ՀԱԿ-ից ընտրված Երեւանի ավագանու նոր անդամներին: ՀՀԿ-ից խորհրդի նոր անդամներ են դարձել Համբարձում Շահինյանը, Դերենիկ Զիրոյանը եւ Հովհաննես Մկրտչյանը, ՀԱԿ-ից՝ Լյովա Եղիազարյանը, Նորիկ Եղիազարյանը, Արտակ Զեյնալյանը, Ռուբեն Թորոսյանը եւ Վահագն Խաչատրյանը:

ԱՎԱԳԱՆԻՆ` ԿԱՄԱԿԱՏԱՐ
ՀԱԿ-ից Երեւանի ավագանու անդամ ընտրված Ռուբեն Թորոսյանը հայտարարություն է տարածել, որով քննադատում է   ավագանու աշխատանքները: «Երեք տարի շարունակ ավագանու «գործող» անդամները միաձայն կողմ են արտահայտվել քաղաքապետի ցանկություններին… բոլոր … ավագանու անդամներին պարտադրել են, որ հաստատեն քաղաքապետի կազմած օրակարգը»,-ասված է հայտարարության մեջ:




Լրահոս