«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը հսկայական պարտքեր ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆինանսական միջոցների անարդյունավետ օգտագործման հետևանքով էներգոհամակարգում գործող ընկերություններում առաջացել են կրեդիտորական պարտավորություններ օգտագործված էներգակիրների, ապրանքների և ծառայությունների գծով՝ 23,8 մլրդ դրամի չափով: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

Նրա խոսքով, այս ամենի պատճառը նաև «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում առաջացած ֆինանսական ճեղքվածքն է, որը կազմել է շուրջ 27,6 մլրդ դրամ:

«Դա էականորեն ազդել է վերջինիս ֆինանսական վիճակի վրա: Այդ գումարից 3,8 մլրդ դրամը փոխհատուցվել է, իսկ ընթացիկ մարժային տարում նախատեսված է փոխհատուցում ևս՝ 9,2 մլրդ դրամ», – նշեց նախարարը` հավելելով, որ ստեղծված իրավիճակը պայմանավորված է սակագների հիմքում դրված էլեկտրաէներգիայի արտադրությամբ և սպառման կառուցվածքի շեղումներով, ինչպես նաև կառավարման խնդիրներով:

««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն արտադրող կայանների նկատմամբ կուտակել է մեծ պարտքեր, միայն պետական մասնակցությամբ ընտրություններին, 2015թ. հունվարի 1-ի դրությամբ, պարտքը կազմել է 15,8 մլրդ դրամ, այդ թվում ժամկետանց պարտքը՝ 7,8 մլրդ դրամ: Այսօրվա դրությամբ ՀԷՑ-ի պարտավորությունները բանկերի նկատմամբ գերազանցում են 220 մլն դոլարը, իսկ պետական ընկերությունների առևտրային բանկերի ներգրաված վարկերը կազմում են 10,8 մլրդ դրամ: Ընդ որում, վարկերի սպասարկման հիմնական ծախսերը ներառված չեն սակագներում, ինչն իր հերթին լրացուցիչ բեռ է ընկերությունների համար», – ընդգծեց Զախարյանը:

Նախարարը հայտնեց, որ նախնական տվյալներով, 2014թ. օգոստոսի 1-ից գործող սակագների հիմքում վերցված պլանային էներգահաշվեկշռի շեղումների հետևանքով, մինչև մարժային տարվա ավարտը, ընկերությունը չի ստանա 4,2 մլրդ դրամ: Նրա խոսքով, հիմնականում գործող սակագները չեն արտացոլում ընկերություններին անհրաժեշտ ծախսերը՝ ուղղված շահագործմանն ու անվտանգություն ապահովող միջոցառումներին:

Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացմանը՝ նա նշեց. «Սակագների փոփոխություններն անխուսափելի են բոլոր երկրներում, և այլ պետություններում տարեկան մեկ անգամ անդրադառնում են սակագների փոփոխություններին: Մեր շուրջը կատարվող իրադարձությունները դինամիկ են և կապված են նաև դրամի արժեզրկման հետ: Հայաստանի Հանրապետության դեպքում նախագահի և կառավարության դիրքորոշումը հետևյալն է. անել ամեն ինչ, որպեսզի սակագների բարձրացման հետ կապված այս տարի մենք խնդիր չունենանք», – նշեց նա:




Լրահոս