ՔՆՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐԸ ՄՈԼՈՐԵՑՆՈՒՄ ԵՆ ԴԻՄՈՐԴԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ի խմբագրություն էր այցելել մանկավարժ Մարիետա Պետրոսյանը, որը դժգոհում էր 2012 ուսումնական տարվա հայոց պատմություն առարկայի ընդունելության քննական թեստերի հարցերից: Դրանք, ըստ մանկավարժի, այնպիսի հարցեր են, որոնց միջոցով պարզապես դիմորդներին մոլորության մեջ են ցանկանում գցել:
“Սովորաբար թեստերը պետք է կազմվեն այնպես, որ վիճելի հարցեր երեխայի առջեւ չդրվեն, դրան գումարած՝ խիստ գիտական ձեւով կազմված նախադասությունները դիմորդներին կարող են շփոթության մեջ գցել: Որոշ հարցերի տարբերակներ հակասություններ ունեն”,-“Ժողովուրդ”-ի հետ զրույցում ներկայացրեց Մ. Պետրոսյանը: Նրա պնդմամբ՝ պատմական կարեւոր երեւույթները, դրանց հետեւանքները, նշանակությունը եւ ականավոր դեմքերն ու դեպքերը քննական թեստերից դուրս են մնացել: Ներկայացնում ենք այդ հարցերից մի քանիսը: 
Հարց 18. Ո՞րն էր “Արեւելյան հարց” հիմնախնդրի բովանդակությունը: Միջազգային հարաբերություններում այդպես էր անվանվում այն հիմնախնդիրը, որի հիմքում ընկած էր…
1. Թուրքիայից զանազան զիջումներ կորզելու միջազգային պայքարը: 
2. Արեւմտահայերին թուրքական լծից ազատագրելու խնդիրը:
3. Օսմանյան կայսրությունը եվրոպական տիպի պետություն դարձնելու հարցը:
4. Թուրքահպատակ քրիստոնյաներին ազատագրելու համար մղվող պայքարը:
“Բայց շարքային պատմաբանն անգամ գիտի, որ “Արեւելյան հարցի” ներքին բովանդակությունը թուրքահպատակ քրիստոնյաների պայքարն էր՝ ազատագրվելու թուրքական լծից, որը եւ անամոթաբար շահարկում էին եվրոպական տերությունները Թուրքիայից զիջումներ կորզելու համար: 4-րդ տարբերակը պատասխանելու դեպքում դիմորդը չէր սխալվի: Չպետք է մեկը մյուսից բխող հարցերը իրար հակադրել”,-պարզաբանեց մեր զրուցակիցը:
Հարց 42. Բերված պնդումներից ո՞րն է վերաբերում Հնչակյան կուսակցությանը:
1. Նրանք հայ քաղաքական մտքի պատմության մեջ առաջինն էին, որ Հայկական հարցի լուծումը համարում էին ամբողջական հայրենիքում պետականության վերաստեղծումը:
2. Այդ կուսակցության կազմակերպման ձեւ ընտրվեց ապակենտրոն սկզբունքը: 
3. Նրանց գործունեության մեջ կարեւոր տեղ ուներ զենքի հայթայթման ու կուտակման, ժողովրդին համահայկական ապստամբության նախապատրաստելու գործը: 
4. Այն իր գլխավոր խնդիր էր հռչակել Արեւմտյան Հայաստանի քաղաքական եւ տնտեսական ազատագրումը:
Պահանջվում էր նշել առաջին տարբերակը, բայց դիմորդը հանգիստ խղճով կարող էր նշել նաեւ 3-րդ եւ 4-րդ տարբերակները: “Եթե 4-րդը նշեր, ապա նրան սխալ կհամարեին: Այսինքն՝ թեստերի հեղինակն ուզում է դրանով ասել, որ հնչակյանների համար Արեւմտյան Հայաստանի տնտեսական ազատագրման հարցը գլխավոր խնդիրը չէր: Դա աբսուրդ է: Դիմորդը միավոր է կորցնում: Նման տարբերակներ առաջադրելն այդ հարցի շրջանակներում անհասկանալի է նաեւ ինձ համարե,-բացատրեց տիկին Մարիետան:
Հարց 44. Ո՞րն էր Առաջին աշխարհամարտի տարիներին ծավալված հայ կամավորական շարժման գլխավոր նպատակը:
1. Արեւմտյան Հայաստանի ազատագրումը եւ անկախ ու միացյալ Հայաստանի ստեղծումը:
2. Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերին նպաստելը: 
3. Արեւմտահայերին կոտորածներից եւ տեղահանությունից փրկելը: 
4. Հայկական նահանգների ու Կիլիկիայի ինքնավարության հաստատումը` Ռուսաստանի հովանավորության ներքո:
Պահանջվում էր նշել 4-րդ տարբերակը եւ մերժել 1-ին, 2-րդ եւ 3-րդ տարբերակները: “Դա պարզապես սրբապղծություն է եւ վիրավորանք հազարավոր կամավորականների հիշատակի հանդեպ, քանի որ նրանք իրենց կյանքը վտանգի էին ենթարկել ժողովրդին փրկելու համար: Եւ հետո հայաթափված երկրում ինքնավարություն չեն ստեղծում”,-ներկայացրեց մեր զրուցակիցը: Նրա կարծիքով՝ պետք էր միայն 44-րդ հարցը ճիշտ եւ պարզ ձեւակերպել՝ շփոթություն չստեղծելու համար. “Իսկ 3-րդ եւ 4-րդ տարբերակները նույն համատեքստում են ու չեն հակասում իրար”:
Հարց 34. Խորհրդային իշխանության տարիներին Հայ դատի եւ պահանջատիրության խնդիրներով ինչո՞ւ էր հիմնականում սփյուռքը զբաղվում: Որովհետեւ…
1. Խորհրդային Հայաստանի ղեկավարները վտանգավոր էին համարում նման խնդիրների արծարծումը:
2. Խորհրդային Հայաստանը զրկված էր ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու հնարավորությունից:
3. Սփյուռքահայ կառույցներն այդ բնագավառում մեծ փորձ էին ձեռք բերել:
4. Արեւմտահայ գաղթականները հաստատվել էին սփյուռքում:
Նախկին մանկավարժի համոզմամբ՝ 1-ին եւ 2-րդ տարբերակները սերտորեն շաղկապված են, եւ չի կարելի դրանք հակադրել իրար. “Դիմորդը լավ գիտի 30-ականների բռնաճնշումների եւ հետպատերազմյան հալածանքների մասին: Իսկ եթե թեստի հեղինակը որոշում է, որ 30-ականներին եւ հետագայում ապրած մարդիկ ու ղեկավարները չէին վախենում, ապա դա արդեն աբսուրդ է”:
Հարց 51. Նշված պնդումներից ո՞րը ճիշտ չէ:
1. Քրիստոնեական համայնքները հայտնի էին Մեծ Հայքում` Ծաղկավետ լեռներում, Արարատ լեռան շրջակայքում, Սյունյաց նահանգում` Թանահատի վանքի տարածքում, ինչպես նաեւ Փոքր Հայքում:
2. Սբ. Գրիգորը, քարոզչության ու ավետարանության գործը տարածելով Հայաստանում, հարավում հասցնում է Կորդուք գավառ, Նոր Շիրական երկիր եւ Ատրպատական: 
3. Արիստակեսի աշակերտները նրա մարմինը հանձնում են հողին Բարձր Հայքի Եկեղյաց գավառի Թիլ ավանում:
4. 607-608թթ. Բյուզանդիայի աջակցությամբ Վրաց եկեղեցին ընդունում է քաղկեդոնականություն եւ անջատվում Հայ եկեղեցուց:
“Մեկ վանկի տարբերությամբ դիմորդին շփոթահար են արել: Բովանդակություն էլ չկա այդ տարբերակների մեջ: Սա խաչբառային մտածողությամբ գրված խաղ է, ոչ թե պատմության հարց: Բանն այն է, որ 4 տարբերակներն էլ ճիշտ են: Ծաղկավետ-Ծաղկանց լեռների խաչբառային բառախաղը օգտագործել են քրիստոնեությունը տարածելու հարցում: Այն տեղին կլիներ, եթե օգտագործվեր Հայկական լեռնաշխարհից սկիզբ առնող մեծ գետերին վերաբերող հարցերում”,-մեկնաբանեց նախկին մանկավարժը:
Զրույցի վերջում տիկին Մարիետան, ամփոփելով վերը նշվածը, ավելացրեց. “Միայն վերերկրային ուժերի օգնությամբ դիմորդները կարող են հաջողությամբ հանձնել հայոց պատմության առարկայի քննությունը կամ աստվածաշնչյան կերպար Մովսեսի նման կանխատեսող երազներ տեսնեն ու կարդան քննական թեստերի պատասխանները: Այլ կերպ հնարավոր չէ լուծել այս թեստերը”:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս