Գյումրիի սպանությունների գործը պետք է քննվի ՀՀ արդարադատության կողմից. օմբուդսմեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օմբուդսմենի հայտարարությունը՝ Գյումրու ոճրագործության հետևանքով տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ

«Երեկ՝ մինչև ուշ գիշեր, ես և իմ ներկայացուցիչներն այցերի, արագ արձագանքումների և այլ եղանակներով դիտարկել ենք Գյումրիում և Երևանում տեղի ունեցած հավաքների ընթացքը, ինչպես նաև ոստիկանության բաժիններում իրավիճակը: Այսօր ես հարուցել եմ համապատասխան վարույթներ, որոնց արդյունքում կուսումնասիրվեն պատասխանատու պետական բոլոր մարմինների գործողությունները, և դրանց կտրվեն իրավական գնահատականներ: Մինչ այդ ներկայացնում եմ իմ նախնական գնահատականները, դիտարկումներն ու առաջարկությունները.

1. Կրկին վերահաստատում եմ հունվարի 15-ի առավոտյան արված հրապարակային պնդումս առ այն, որ միջազգային իրավունքի, Հայ-ռուսական միջպետական պայմանագրի, Հայաստանի Սահմանադրության և օրենսդրության համապատասխան՝ Գյումրիում կատարված սպանությունների գործը պետք է քննության ենթարկվի Հայաստանի Հանրապետության իրավապահ և դատական համակարգի կողմից: Կրկնում եմ նաև ավելի վաղ արված այն պնդումս, որ ոճրագործության մեջ մեղադրվող անձը պետք է փոխանցվի հայկական կողմին ՀՀ Գլխավոր դատախազի գրավոր պահանջով: Ընդ որում, իրավական ճիշտ եզրույթն ու կարգավորումը ոչ թե արտահանձնումը կամ հանձնումն է, այլ փոխանցումը:

2. Ոստիկանությունը պետք է հանրությանը պատշաճ ներկայացնի և մանրամասն հիմնավորի իր կողմից երեկ կատարված գործողությունները, իսկ մենք բոլոր դրվագներով ոստիկանությանը կներկայացնենք մեր հարցապնդումները և կհրապարակենք արդյունքներն ու մեր վերջնական գնահատականները: Մինչ այդ մեր խորին մտահոգությունն ենք հայտնում խաղաղ հավաքների ընթացքում օրինապաշտ ցանկացած քաղաքացու ոստիկանության անհիմն բերման ենթարկելու կապակցությամբ: Հավաքի խաղաղ ընթացքը խախտող գործողություններում չներգրավված անձանց հավաքի վայրից հեռացնելը կամ բերման ենթարկելը չի կարող համարվել իրավաչափ:

3. Ինչ վերաբերում է հավաքի որոշ մասնակիցների կողմից հավաքի այլ մասնակիցների և ոստիկանների ուղղությամբ քարեր նետելուն, ապա այս գործողություններն ակնհայտորեն որևէ կերպ չեն կարող տեղավորվել խաղաղ հավաքի պաշտպանության շրջանակներում: Նշված անձինք ենթակա էին հեռացման հավաքի անցկացման վայրից, քանի որ Ոստիկանության պարտականությունն է ոչ միայն պահպանել հասարակական անվտանգությունը և կարգը, այլև աջակցել հավաքի անցկացմանը և պաշտպանել հավաքի մասնակիցների իրավունքները:

4. Հասկանալով և կիսելով մեր համաքաղաքացիների ցավը, վրդովմունքը և շատ դեպքերում արդարացի դժգոհությունը՝ միաժամանակ հիշեցնում եմ, որ ցանկացած հակաիրավական գործողություն կարող է, ըստ օրենքի, արժանանալ պետական մարմինների համաչափ արձագանքին:

5. Հատուկ անհանգստությամբ տեղեկացա նաև, որ գիշերն, ի թիվս այլ քաղաքացիական ակտիվիստների, ոստիկանության Կենտրոնի բաժին բերման է ենթարկվել հայտնի իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հետախուզման մեջ գտնվելու կասկածանքով, ինչն առաջին իսկ հայացքից տարակուսելի է թվում: Ակնկալում եմ ոստիկանության արժանահավատ հիմնավորումները և համապատասխան քայլերը՝ տեղի ունեցածի վերաբերյալ: Նախկինում նշել ենք և այժմ էլ կրկնում ենք, որ անթույլատրելի է իրավապաշտպանների նկատմամբ ցանկացած ոտնձգություն:

6. Երեկ Գյումրիում և Երևանում տեղի ունեցած հավաքների ընթացքում տասնյակ մասնակիցներ, այդ թվում՝ Արգիշտի Կիվիրյանը, Լուսինե Սահակյանը, Տիգրան Խզմալյանը, Կարեն Հարությունյանը, Կարո Եղնուկյանը, Դվին Իսանյանսը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը, Ալեք Ենիգոմշյանը, Կարապետ Ռուբինյանը տարվել են ոստիկանության բաժիններ: Իմ տեղակալը, աշխատակազմի ղեկավարը և արագ արձագանքման աշխատակիցները գիշերը՝ մինչև ժամը 03:40-ը, այցելել են Երևանի Կենտրոնի, Նոր Նորքի, Քանաքեռ-Զեյթունի, Արաբկիրի, Մալաթիա-Սեբաստիայի և Գյումրիի ոստիկանության բաժիններ և հանդիպել բերման ենթարկված քաղաքացիների հետ: Իմ ներկայացուցիչների այցերը և մուտքը ոստիկանություն հիմնականում եղել են անարգել՝ բացառությամբ Գյումրու ոստիկանության բաժնի, որտեղ խոչընդոտվել է Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հանդիպումը բերման ենթարկվածների հետ: Նմանատիպ խոչընդոտներն անթույլատրելի են և չեն նպաստում ոստիկանության գործողությունների նկատմամբ հանրության վստահության ձևավորմանը:

Ոստիկանությանը դարձյալ հորդորում եմ հնարավորինս աջակցել խաղաղ ցուցարարներին, ինչպես նաև ապահովել ցույցի մասնակիցների անվտանգությունը՝ այդ թվում բոլոր սադրիչների հակաիրավական գործողություններից:

Ոստիկանությունը պետք է զերծ մնա մարդկանց իրավունքների իրավաչափ իրացման ցանկացած խոչընդոտից: Հավաքը համարվում է խաղաղ, քանի դեռ առկա չեն համոզիչ և ծանրակշիռ ապացույցներ այն մասին, որ այն անձինք, ովքեր կազմակերպել կամ մասնակցում են համապատասխան հավաքին, անձամբ կկիրառեն, կոչ կանեն կամ կհրահրեն անմիջական բռնություն: Ընդ որում, բռնություն կիրառելու մտադրության ապացուցման բեռը կրում է պետությունը:

Իմ զորակցությունն եմ հայտնում երեկ քաղաքացիների և ոստիկանության բախումների հետևանքով բոլոր տուժածներին և մաղթում առողջության շուտափույթ վերականգնում:

Կարեն Անդրեասյան
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան




Լրահոս