«Բանկերի հավանական միացումը «կջրի» օֆշորի գործը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օֆշորային սկանդալի գործով հայտնի գործարար Փայլակ Հայրապետյանն ու նրան սնանկացման եզրին հասցրած Աշոտ Սուքիասյանի առերեսումից հետո քննչական որևէ գործընթացի մասին Փ. Հայրապետանին չի հաջողվում տեղեկանալ: Այս մասին Armlur.am-ին հայտնեց գործարարը` հավելելով, թե իրենից ամեն ինչ գաղտնի է պահվում:

«Իզուր չի, որ ձուկը գլխից է հոտում: Երեկ էլ իմացա, որ հնարավոր է՝ բանկերը միանան: Սա լրիվ իմ գործերը կտապալի: Ասում են` էդ «Ամերիաբանկն» էլ միավորվում է, ոնց որ, «Կոնվերս բանկին»: Ուրիշ ի՞նչ անենք, թողնեմ գնամ, հրաժարվե՞մ հայ լինելուց: Դուք պատկերացնո՞ւմ եք` ինչ կլինի: Ինչ ուզում` անում են: Ես արդեն ասել եմ, որ եթե էս ձև շարունակվի, գժի տեղ դրած` նորմալ չքննեն, ծայրահեղ քայլերի կդիմեմ»,- վրդովված շարունակեց մեր զրուցակիցը:

Armlur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարել էր, որ գործը գտնվում է իր ուշադրության կենտրոնում, և փաստը, որ գործում ներառված անձանցից Աշոտ Սուքիասյանն արդեն արտահանձնվել է, նոր թափ կհաղորդի գործի քննությանը:

Հիշեցնենք, որ Փայլակ Հայրապետյանի խոսքով` իր և Աշոտ Սուքիասյանի միջև տեղի ունեցած առերեսման ժամանակ վերջինս խոստովանել է, թե Տիգրան Սարգսյանն առնչություն է ունեցել օֆշորային սկանդալի հետ:

Հիշեցնենք նաև, որ նախորդ տարվա հունիսից ՀՀ քննչական գխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերով քննության վարչությունում նախորդ տարվա հունիսից Սուքիասյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գործարար Ա. Սուքիասյանին ձերբակալել էին սույն թվականի փետրվարի 1-ին` Թուրքիայից Վրաստան ժամանման ընթացքում, իսկ արտահանձնման մասին որոշումը Վրաստանի արդարադատության նախարարը ստորագրել է հունիսի 3-ին:

Նշենք նաև, որ 2009-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ ՀՀ այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հանդիպում-խորհրդակցություն էր կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ: Խորհրդակցության ժամանակ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպության միջև, որպեսզի դրանք սկսեին աշխատել։

Գործարար Փայլակ Հայրապետյանն առաջարկել էր գրավադրել իր՝ 33 մլն դոլար արժողությամբ ամբողջ անշարժ գույքը և «Ամերիաբանկ»-ից ստացած մոտ 10 միլիոն դոլարը տվել էր Աշոտ Սուքիասյանին: Վերջինս, այդ գումարը վերցնելով,  փախել էր Հայաստանից:




Լրահոս