ՀՐՇԵՋ ՄԵՔԵՆԱ՝ ԳՅՈՒՂԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի անկախանալուց հետո Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից արտագաղթ եղավ: Մյուս գյուղերի համեմատ Բերդի տարածաշրջանի Մովսես գյուղից արտագաղթն ավելի մեծ չափով է եղել: Մովսեսցիները հիմնականում վերաբնակվել են ՌԴ մայրաքաղաքում: Մոսկվայի դպրոցներում դասարաններ կան, որոնց աշակերտների մեծ մասը սերում է Մովսեսից: Մոսկվայաբնակ մովսեսցիներից ոմանք օգնում են իրենց ծննդավայրին: 2011թ. օգոստոսի 7-ին գյուղում տեղի ունեցավ մոսկվայաբնակ մովսեսցի գործարար Վազգեն Վանեսյանի եւ իր ընկերների ֆինանսավորմամբ կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու օծումը: Նույն Վազգեն Վանեսյանը երկու «ՈՒԱԶ» ավտոմեքենա է նվիրել սահմանապահներին: Նա ծննդավայրին նաեւ հրշեջ մեքենա է նվիրել, որն այժմ  կայանած է Մովսեսում:
«Վազգեն Վանեսյանը մեր գյուղից երկու աշխատողի վարձատրում է, որոնք հրշեջ մեքենայի մոտ հերթապահում են: Փառք Աստծո, առայժմ գյուղում հրդեհներ չեն եղել, մեքենան գործարկելու կարիք չի եղել»,-ասաց Մովսեսի գյուղապետ Լյուդվիգ Ապերյանը:
Լավ է, որ Մոսկվայում բնակվող գործարար մովսեսցին օգնում է հայրենի գյուղին, սակայն սահմանամերձ գյուղերից արտագաղթը, սահմանագոտում բնակչության, հատկապես երիտասարդության քանակի նվազումը մտահոգիչ են: Դրա վատ հետեւանքներն ամբողջովին կզգացվեն առաջիկա տարիներին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս