ԻՆՉ ՃԱԿԱՏԱԳԻՐ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲԱՆԿԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014-ի վերջին աշխատանքային օրը՝ դեկտեմբերի 30-ին կայացած խորհրդի նիստի ընթացքում ՀՀ Կենտրոնական բանկը որոշում է կայացրել բարձրացնել բանկերին առաջադրվող ընդհանուր կապիտալի նվազագույն չափը: ՀՀ-ում գործող յուրաքանչյուր (այդ թվում եւ՝ նոր բացվող) բանկ մինչեւ 2017-ի հունվարի 1-ը պետք է ունենա ոչ թե նվազագույնը 5 միլիարդ դրամ կապիտալ, այլ 30 միլիարդ դրամ:

Armlur.am-ը որոշեց պարզել, թե վերոնշյալ որոշման պատճառով ՀՀ 21 բանկերից որոնք են գտնվում ռիսկային գոտում:

Հայաստանյան բանկերից թերեւս ամենաքիչ կապիտալ ունի «ԲՏԱ բանկ»-ը: 2013 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը 5 մլրդ 727 մլն դրամ է կազմում: Սա նշանակում է, որ մինչեւ 2017 թվականը այս բանկը պետք է իր ընդհանուր կապիտալին գումարի մոտ 25 մլրդ դրամ, որպեսզի չլուծարվի կամ չմիավորվի որեւէ այլ բանկի:

2014 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Զարգացման հայկական բանկ»-ի ընդհանուր կապիտալը կազմել է 9 մլրդ 601 մլն 690 հազար դրամ: Նույն պատկերն է «Բիբլոս Բանկ Արմենիա»-ի մոտ. 2012-ի հունիսի դրությամբ այս բանկի կապիտալը 9 մլրդ 28 մլն է: Այսինքն՝ մինչեւ 2017 թվականը այս բանկերը պետք է 20 մլրդ դրամով ավելացնեն իրենց կապիտալը:

Նախանձելի վիճակում չէ նաեւ Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկ»-ը: 2013թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ այս բանկի ընդհանուր կապիտալը 10 մլրդ 224 մլն դրամ է: «Մելլաթ Բանկ»-ն էլ 2012-ի հունիսի դրությամբ ունի 10 մլրդ 60 մլն դրամ ընդհանուր կապիտալ: Երկու տարում այս բանկերը պետք է երկու անգամ ավելացնեն իրենց կապիտալը:

Փայլուն վիճակում չէ նաեւ «Պրոկրեդիտ բանկ»-ը: 2014թ. հունիսի 30-ի դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը 11 մլրդ 794 մլն 197 հազ. 505 ՀՀ դրամ է: Երկու տարում բանկը մոտ 21 մլրդ դրամով պետք է ավելացնի իր կապիտալը:

«Անելիք բանկ»-ի ընդհանուր կապիտալը 2013 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ 12 մլրդ 938 մլն դրամ է: Շուրջ 17 մլրդ դրամ էլ այս բանկը պետք է ավելացնի իր կապիտալին:

«Արմսվիսբանկ»-ի ընդհանուր կապիտալը 2013 թվականի հունիսի 30-ի դրությամբ 13 մլրդ 683 մլն դրամ է: Գրեթե նույն վիճակում են գտնվում «Արցախբանկ»-ը, որը 2014թ. մարտի 1-ի դրությամբ ունի 13 մլրդ 31 մլն հազ. ՀՀ դրամ ընդհանուր կապիտալ, եւ «Յունիբանկ»-ը, որը 2014 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ունի 13 մլրդ 100 մլն դրամ կապիտալ: Այս բանկերը գրեթե պետք է կրկնապատկեն իրենց կապիտալը:

«Առէկսիմբանկ»-ը 2014 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ունի 20 մլրդ 388 մլն դրամ. անհրաժեշտ կլինի երկու տարում շուրջ 10 մլրդ դրամով ավելացնել «Առեքսիմբանկի» ընդհանուր կապիտալը:

Նույն պատկերն է «ՎՏԲ-Հայաստան» եւ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ի պարագայում: «ՎՏԲ-Հայաստան»-ը 2014 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ունի 20 մլրդ 775 մլն 690 հազար դրամ, իսկ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ի ընդհանուր կապիտալը 2014թ. մայիսի 31-ի դրությամբ 20 մլրդ 739 մլն դրամ է:

«Հայբիզնեսբանկ»-ը, որ 2013թ. մարտի 31-ի դրությամբ ունի 21 մլրդ 67 մլն դրամ, պետք է երկու տարում մոտ 8 մլրդ-ով ավելացնի իր կապիտալը:

2014 սեպտեմբերի 30-ի դրությամբ «Պրոմեթեյ բանկ»-ի ընդհանուր կապիտալը կազմել է 22 մլրդ 75 մլն 159 հազար դրամ: Նրան էլ պակասում է շուրջ 8 մլրդ դրամ: «Կոնվերս բանկ»-ն էլ գրեթե նույն վիճակում է. 2014-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ այս բանկն ունի 22 մլրդ 396 մլն դրամ:

«Ինեկոբանկ»-ի տվյալները բավականին հին են. 2013 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը 23 մլրդ 469 մլն դրամ է: 7 մլրդ էլ նրան անհրաժեշտ կլինի երկու տարում կուտակել, որպեսզի պահպանի իր դիրքերը:

Վերջում արձանագրենք, որ այս պահի դրությամբ գործող 21 բանկերից ընդամենը 4-ն են պատրաստ աշխատելու ՀՀ Կենտրոնական բանկի թելադրած նոր կանոններով. «Արդշինբանկ»-ը, որը 2014 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ունի 47 մլրդ 137 մլն դրամ, «Էյչ էյս Բի Սի բանկ»-ը, որի կապիտալը 2014 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ 46 մլրդ 848 մլն 004 հազար դրամ է կազմում, «Ամերիաբանկ»-ը, որի կապիտալը 2014-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ 40 մլրդ 907 մլն է, եւ «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկը»՝ իր 52 մլրդ 998 մլն դրամ կապիտալով: Մյուս բոլոր բանկերը պետք է ներդրումներ կատարեն, ֆինանսական լրացուցիչ հոսքեր ապահովեն, որպեսզի կարողանան պահպանել իրենց դիրքերը. հակառակ դեպքում կա՛մ կմիավորվեն մեկը մյուսի հետ, որպեսզի ընդհանուր կապիտալը հասնի 30 մլրդ դրամի, կա՛մ էլ պարզապես կլուծարվեն՝ ընթացակարգային նորմատիվները պահպանելով:

Մինչ այդ, նկատենք, որ հայաստանյան շատ բանկեր այս պահի դրությամբ չեն շտապում թարմացնել իրենց տվյալները, որովհետեւ նախորդ տարեվերջին հրապարակված խոշոր հարկատուների ցուցակում գրաված նրանց տեղերն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ շատ բանկերի եկամուտները նվազել են: Իսկ թե ինչու է իրականում ՀՀ Կենտրոնական բանկը որոշել նման բարձր շեմ սահմանել բանկերի համար, թերեւս առանձին վերլուծության առարկա է: Հավանաբար փողի տեղաշարժի վերահսկողությունը 2017-ին առավել անհրաժեշտ կլինի, քանի որ խորհրդարանական ու նախագահական ճակատագրական ընտրություններ են կայանալու:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

ՀԷՑ-Ը 10 ՄԼՆ ԴՐԱՄՈՎ ՏՈՒԳԱՆՎԵԼ Է

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկվա նիստում որոշում է կայացվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին տուգանելու մասին: Այսպիսով՝ ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ին տուգանել է 10 մլն դրամի չափով:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացված հատուկ հաշիվներում դրամական միջոցների շարժի վերաբերյալ տեղեկատվության 2014 թվականի սեպտեմբեր ամսվա արդյունքներով լրացված ցուցանիշների վերլուծությունից պարզվել է, որ սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից հավաքագրված գումարներն ամբողջ ծավալով չեն մուտքագրվել ՀԷՑ-ի հատուկ հաշիվներում:

Այսինքն՝ ընկերություն առաքված էլեկտրաէներգիայի դիմաց «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր», «Միջազգային էներգետիկ կորպորացիա», «Երեւանի ջերմաէլեկտրակենտրոն» եւ մատուցված ծառայությունների դիմաց «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերություններին վճարումները կատարել է ուշացումներով եւ ոչ ամբողջությամբ:

Նշենք, որ հանձնաժողովը 2014 թվականի նոյեմբերի 12-ին ՀԷՑ-ի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ: Այնուհետեւ հարուցված վարչական վարույթի ժամկետը հանձնաժողովը երկու անգամ 10 օր ժամկետով երկարաձգել է:

Այս ընթացքում ՀԷՑ-ը դեկտեմբերի 8-ի գրությամբ իր հերթին ներկայացրել է մի շարք հիմնավորումներ: Այսպիսով՝ ՀԷՑ-ի կողմից ներկայացված հիմնավորումների համաձայն՝ ընկերության կողմից կատարված խախտումները պայմանավորված են եղել էլեկտրաէներգետիկական համակարգի արտադրող կայաններին վճարման ծավալների՝ սակագնի հաշվարկի հիմքում պլանավորվածից շեշտակի ավելացման եւ դրա արդյունքում ընկերության շահույթի եւ իրացվելիության մակարդակի կտրուկ նվազման, ստանձնած վարկային պարտավորությունների կատարումը բարդանալու եւ այլ պարտավորությունները կատարելու անհնարինության հանգամանքներով:

Այսպիսով՝ հանձնաժողովի աշխատակազմի կողմից իրականացված վարչական վարույթի շրջանակում փաստվել է, որ ՀԷՑ-ը խախտել է որոշման եւ կարգի պահանջները՝ վտանգելով համակարգի անվտանգությունն ու հուսալիությունը, ըստ այդմ, հանձնաժողովը որոշել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին տուգանել 10 միլիոն դրամ գումարի չափով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՏԱՐԻՆ ԴԻՄԱՎՈՐԵԼ ԵՆ ՊԱՐՏՔԵՐՈՎ

Ասում են՝ ինչպես դիմավորես տարեմուտը, այդպես էլ կանցնի նոր տարին: Տավուշի մարզի բնակիչների մի զգալի մասը 2015 թվականը դիմավորել է պարտքերով: Ադրբեջանին սահմանակից մարզի խանութներում «նիսյայի» մեծ ցուցակներ կան: Խանութների տերերից տեղեկացանք, որ ամանորին այդ ցուցակներն ուռճացել են: Սահմանամերձ մարզի բնակիչների մի մասը տոնական սեղանի գնումները կատարել է ապառիկ: Գյուղերում եւ ոչ մեծ քաղաքներում մարդիկ իրար ճանաչում են, վստահում եւ ապառիկով ապրանք վաճառում: Նոյեմբերյան քաղաքի սննդի խանութներից մեկի վաճառողն ասաց, որ հունվարին սովորականից ավելի բարձր աշխատավարձ է ստանալու: Նա բացատրեց, որ ինքը որպես աշխատավարձ  ստանում է խանութի կանխիկ շրջանառության որոշ տոկոսը կազմող գումարից, իսկ  տարեմուտին կատարած ապառիկ գնումների համար գնորդները հիմնականում կվճարեն հունվարին:

 

 

«ԴՈՒՔ ՈՋԻԼ ԵՔ»

Հեռուստամեկնաբան Ռաֆայել Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հուսով եմ՝ իմ ռուս ընկերներն անուշադրության չեն մատնի իմ այս գրառումը: Գյումրիի ռուսական ռազմաբազայում ծառայող ժամկետային զինծառայողը սառնասրտորեն սպանել է 6 հոգանոց ընտանիքին: Այդ թվում` երկամյա երեխայի: Այնուհետեւ սվինով խոցել է 6 ամսական երեխայի, որը ներկայումս հիվանդանոցում է: Մարդասպանի անունն է վալերի պերմյակով: Նրան բռնել են սահմանը հատելու փորձի ժամանակ: Սրա նախադեպը չկա: Ես չեմ հիշում, որ խաղաղ ժամանակներում որեւէ խաղաղ քաղաքում ռուս զինվորը գնդակահարի խաղաղ բնակիչների: Սակայն ո՛չ Առաջին ալիքը, ո՛չ շան որդի Россия-ն ոչ մի խոսք չեն ասել այդ մասին: Որովհետեւ այդ ռուս վիժվածքն ուղղակի, առանց պատճառի թաղեց մի ամբողջ հայ ընտանիք: Հայը չէ, ուզբեկը չէ, չեչենը չէ, այլ ՌՈՒՍԸ: Ես ոչինչ չունեմ ռուսների դեմ: Եվ երբեք չեմ ունեցել: Միայն ցանկանում եմ ասել ռուսական առաջատար ալիքների ղեկավարությանը, որ դուք ոջիլ եք եւ «կրեմլյան ծծիչներ»: Ձեր մեջ տղամարդկային ոչինչ չկա: Ինչպես նաեւ՝ մարդկային: Ոչ ոքի մեջ: Հույսով եմ՝ նույնին կարժանանաք: Շնորհավոր Նոր տարի, անասուննե՛ր»:

 




Լրահոս