ԱՎԱՆՑԻՆԵՐԸ ՇԱՏ ԷԼ ՃԻՇՏ ԿՀԱՍԿԱՆԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հրաժարական է ներկայացրել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Նենեց Ռուբո մականունով հայտնի Ռուբեն Հայրապետյանը: Երեկոյան Սերժ Սարգսյանի աշխատասենյակում կայացած հանդիպումից հետո նա հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավորի մանդատը վայր դնելու մասին: Ուշագրավն այն է, որ Հայրապետյանը երեկ նախագահական էր գնացել մենակ՝ առանց թիկնապահների, ընդամենն իր վարորդի հետ: Այնտեղ նրան սպասում էին հարազատ լրատվամիջոցներից մի քանի հոգի, որոնց Հայրապետյանը, բարեբախտաբար, չի հայհոյել:
«Ամեն ինչ կտայի, որ այդ չարաբաստիկ երեկոյան լինեի այնտեղ, բռնեի երիտասարդների վրա բարձրացող բռունցքները, կանգնեցնեի այս դժբախտությունը, որ կյանք խլեց, ընտանիքներ կործանեց, երեխաներ որբացրեց: Ամեն ինչ կտայի այս ամենը հետ պտտելու համար:  Բայց չեմ կարող: Վահեն արդեն չկա: Ու ես դրանով պետք է ապրեմ: Ու պետք է նայեմ նրա ընտանիքի անդամների աչքերին: Չգիտեմ ոնց: Ասում են՝ ամեն ինչ օրենքով պիտի լինի. վստահ եմ՝ օրենքով կլինի, 100 մեղավոր կլինի, 100 պատիժ կլինի: Բայց հարցը միայն օրենքը չի: Հարցը շատ ավելի բարդ է: Ու ես դա շատ լավ եմ հասկանում: Հիմա շատերն են մեղադրում ինձ, նույնիսկ բաների համար, որ ինձ հետ կապ չունեն կամ հորինված են. երեւի իրավունք ունեն: Բայց իմ առաջին մեղադրողը հենց ես եմ: Ես պիտի կանխեի նման դժբախտությունը ու չեմ կարողացել դա անել: Չպետք է իմ եւ իմ ընտանիքի հետ առնչություն ունեցող միջավայրում նման իրադարձություն հնարավոր լիներ: Ես ինձ չեմ ներում, ու չգիտեմ՝ ոնց պիտի ներում հայցեմ: Այս պահին ես հայտարարում եմ, որ բարոյական պարտավորություն եմ զգում եւ վայր եմ դնում ԱԺ պատգամավորի իմ մանդատը: Ես ներողություն եմ խնդրում իմ բոլոր ընտրողներից, որ չեմ կարողանա արդարացնել իրենց սպասելիքները, բայց վստահ եմ, որ ուղղակի պարտավոր եմ այս քայլն անելու: Ուզում եմ հավատալ, որ ավանցիներն ինձ ճիշտ կհասկանան: Հույս ունեմ, որ մի օր էլ կկարողանամ ներում ստանալ Վահեենց ընտանիքում. համենայնդեպս ամեն ինչ կանեմ դրա համար»,-ահա նման սրտառուչ տեքստ է տարածվել Ռուբեն Հայրապետյանի անունից: Կարծում ենք՝ որեւէ մեկի մոտ կասկած չկա, որ Հայրապետյանը հրաժարական է տվել ոչ թե ինքնակամ, ոչ թե գիտակցելով արարքի անթույլատրելիությունը, այլ՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո, նրա պահանջով: Ընդ որում, նա որոշել է կատարվածի համար ափսոսալ դեպքից կես ամիս անց՝ Վահե Ավետյանի մահվանից չորս օր հետո միայն:
Ակնհայտ է, որ այս տեքստը որեւէ կապ չունի Հայրապետյանի հետ եւ գրվել է բոլորովին այլ վայրում, այլ մարդու կողմից: Համենայնդեպս, Նեմեց Ռուբոյի ասուլիսներին գոնե մեկ անգամ ներկա գտնված լրագրողները կամ նրա հետ մեկ-երկու բառ փոխանակած անձինք կարող են վկայել, որ նա ի վիճակի չէ նման մտքեր արտահայտելու, այն էլ՝ նման հուզիչ բառապաշարով: Առավել եւս, երբ Հայրապետյանն իր ասուլիսներում բազմիցս է հայտարարել, որ կողմնակից է մարդկանց ծեծելով պատժելուն, նույնիսկ ասուլիսներից մեկում նման սպառնալիքներ հնչեցրել լրագրողների հասցեին:
Սակայն, անկախ այս ամենից, Հայրապետյանի անունից տարածված հայտարարությունը բավական ուշագրավ նրբերանգներ է պարունակում. հենց սկզբից նա փորձում է տպավորություն ստեղծել, թե իբր այդ օրը ինքը չի եղել «Հարսնաքար»-ում՝ ասելով, որ ամեն ինչ կտար՝ այդ չարաբաստիկ երեկոյան այնտեղ լինելու համար: Մինչդեռ «Ժողովուրդ»-ի աղբյուրները հակառակն են պնդում. այդ օրը նա ոչ միայն եղել է ռեստորանում, այլեւ ինքն է հրահանգել պատժել համարձակներին: Ըստ հավաստի տեղեկությունների՝ իրավապահները Հայրապետյանի՝ «Հարսնաքար»-ում ներկա լինելու մասին ունեցել են հստակ տվյալներ: Սակայն Սերժ Սարգսյանը փորձել է նրան ջրից չոր դուրս բերել: Բոլորը մի քանի օր շարունակ Աստված են կանչել, որ Վահեն չմահանա, սակայն իրավիճակը գլխիվայր շուռ է եկել նրա մահից, այդ կապակցությամբ բարձրացված հասարակական ընդվզումից հետո, հատկապես, երբ «Ժողովուրդ»-ը բացահայտեց, որ նույն ուրբաթ օրը Հայրապետյանի թիկնապահները նոր քաջագործություն են արել՝ ծեծելով 81 համարի երթուղու վարորդին:
Նկատենք, սակայն, որ այս ամենը մեղմ ասած, գոլորշի բաց թողնել է. նախագահական ընտրությունների նախաշեմին Ս. Սարգսյանը ստիպված է նման կտրուկ քայլերի գնալ՝ հասարակությանը հանդարտեցնելու եւ դիվիդենտներ շահելու համար: Մյուս կողմից, մանդատը վայր դնելով, ըստ էության, Հայրապետյանը փորձում է պահել ՀՖՖ նախագահի պաշտոնը, որն իր համար շատ ավելի թանկ է, քան պատգամավորական աթոռը, դեռ ավելին, այդպես նա պահպանում է իր անձի անձեռնմխելիությունը: Հետո՝ ամիսներ անց, ինչպես Գագիկ Բեգլարյանը, գուցե մի նախարար էլ Հայրապետյանը դառնա: Նախադեպն առկա է:
Հ.Գ. Եւս մեկ ուշագրավ հանգամանք. այսօր ոչ բոլորն են հավատում, որ Հայրապետյանն իր խոսքերի տերը կլինի ու ԱԺ նախագահին հրաժարականի դիմում ներկայացնելուց 15 օր անց հետ չի վերցնի այն: Նա ժամանակին հայտարարել էր, թե ԱԺ ընտրություններում չի առաջադրելու իր թեկնածությունը, քանի որ խորհրդարանն իր տեղը չէ: Նույնիսկ ՀՀԿ ԳՄ նիստում որոշվել էր առաջադրել այլ մարդու: Բայց հետո փոշմանեց ու առաջադրվեց: Ամեն դեպքում, Հայրապետյանի հրաժարականի գործընթացը սեպտեմբերից շուտ չի կարող տեղի ունենալ, քանի որ, ըստ ԱԺ Կանոնակարգ օրենքի 13-րդ հոդվածի, պատգամավորը հրաժարականի գրավոր դիմումը ներկայացնում է ԱԺ նախագահին, որն էլ այն հրապարակում է ԱԺ առաջիկա նիստում:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս