Ինչո՞վ է շրջապատին հայտնի Երևանում դաժանաբար սպանված երիտասարդը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Երևանի Աբելյան փողոցի 3-րդ շենքում դաժան սպանություն է տեղի ունեցել: Ժամը 23:40-ի սահմաններում շենքի 3-րդ մուտքի մետաղյա դռան հետնամասում հայտնաբերվել է 27-ամյա Վազգեն Դալլաքյանի դիակը` մարմնի տարբեր հատվածներում կտրած ծակած վերքերով:

Դեպքի վայրի զննությամբ` մետաղյա դռան հետնամասից մինչև 3-րդ հարկ և 33-րդ բնակարան հայտնաբերվել են արնանման հետքեր: Հաջորդ օրը դեպքի վայր ժամանած Armlur.am-ի թղթակիցը ևս նկատեց այդ հետքերը, ինչը շենքի բնակիչները ջանասիրաբար փորձում էին մաքրել:

«Իսկ ի՞նչ անենք. մենք ենք մինչև 3-րդ հարկ բարձրանում, հո այսպես չե՞նք թողնի»,- ասաց բնակչուհիներից մեկը, ով հրաժարվեց հայտնել իր անունը:

Մեզ հետ զրուցած բնակիչները վստահեցրին, որ դեպքի օրը աղմուկ չեն լսել, սպանության հետ կապված հանգամանքներ չգիտեն: Մեր հարցին` իրենց կարծիքով ճիշտ է արդյոք տարածված վարկածը, որ սպանությունը տեղի է ունեցել խանդի հողի վրա, բնակիչները չհաստատեցին` նշելով, որ չեն պատկերացնում շենքի որ աղջկա մասին կարող է խոսք լինել:

«Դե՛, չի բացառվում, որ հարբած էլ լինեն: Տեսնենք էլի՝ քննությունն ինչ ցույց կտա»,- շարունակեցին մեր զրուցակիցները:

Նշենք, որ մեզ տեղեկություններ են հասել, որ սպանվածն այնքան էլ լավ համբավ չունի շրջապատում: Նա շատերին հայտնի է իր ագրեսիվ բնավորությամբ և ոչ դրական վարքագծով: Իսկ սպանության մեջ կասկածվողի` 27-ամյա Գագիկի հարևանները խուսափեցին այլ հանգամանքներ հայտնել. «Շառից-փորձանքից հեռու: Դրանց հետ գործ պետք չի ունենալ»,- եզրափակեցին նրանք:

Քննչական կոմիտեից Armlur.am-ը տեղեկանում է, որ տեղի ունեցած սպանության գործով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), և կատարվում է նախաքննություն:

Շրջանառվում են լուրեր, թե նշված բնակարան սպանվածը գնացել էր իր ծանոթ աղջկան գտնելու նպատակով։ Սպանվածը չի իմացել, թե աղջիկը կոնկրետ որ բնակարանում է ապրում, հարցուփորձ է արել բնակիչների շրջանում:

Հարցուփորձի ժամանակ վիճաբանություն է առաջացել Դալլաքյանի և 33-րդ բնակարանի բնակչի միջև, այդ ժամանակ էլ վերջինս դանակով հարվածներ է հասցրել նրան` հանելով աչքերը:

Ոստիկանությունից Armlur.am-ը տեղեկացավ, որ հունվարի 19-ին՝ ժամը 18.35-ին, 1988 թ. ծնված Գագիկ Ա.-ն ներկայացել է քննչական բաժին և հայտնել, որ հունվարի 18-ին՝ ժամը 23.55-ին, Աբելյան փողոցի 3 շենքում Վ. Դալլաքյանին և Արման Ա.-ին հարվածել է դանակով, ինչի հետևանքով Վ. Դալլաքյանը մահացել է, իսկ Արման Ա.-ն ստացել է մարմնական վնասվածք:

10754934_848887635183950_257702719_n

10872671_848887451850635_258590142_n

10927907_848887621850618_587600726_n

10934379_848888115183902_1058692539_n

10937832_848888108517236_2102905708_n

10937845_848887445183969_14375584_n




Լրահոս