ԹՈՒՐՔԵՐԻ ՁԵՌՔՈՎ ՋԱՎԱԽՔԸ ՀԱՅԱԹԱՓՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության նախկին փոխնախարար, ՍԴՀԿ անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ մինչեւ մեր երկրում լեգիտիմ իշխանություն ու նախագահ չլինի, երկրում դեռեւս կշարունակեն մարդկանց ծեծել ու սպանել:
-Պարո՛ն Եղիազարյան, օր օրի Ջավախքը հայաթափվում է, ինչի մասին ահազանգերը գնալով ահագնանում են: Ըստ Ձեզ՝ ո՞րն է պատճառը:
-Ուրեմն մեր թշնամին ոչ մի կերպ չի կարողանում հանդարտվել, ես նկատի ունեմ Թուրքիային: Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից առաջ սրանք մի ծրագիր էին ներկայացրել, որով մի բան էին ուզում անցկացնել, ինչի արդյունքում Հայաստանը հայտնվում էր փակուղում: Թուրքերի միջամտությամբ սկսեցին շրջանառության մեջ դնել մի ծրագիր, որով Մեղրին փոխանակվում էր Արցախի հետ: Այսինքն՝ մենք տալիս էինք Գորիսի մի հատվածն ու Մեղրիի մի շրջանը, փոխարինում Արցախի հետ, այն պարագայում, երբ Արցախն արդեն ազատագրված էր: Առաջին հայացքից կարելի է ասել՝ բան չկա, բայց թուրքական սադրանքը չի կարելի չնկատել: Հիմա այդ նույն թուրքերն այդ նույն ծրագիրը փորձում են իրականացնել Ջավախքում:
-Այսինքն՝ թուրքական հետք կա Ջավախքի հայաթափման մեջ:
-Այո՛, իսկապես լուրջ խնդիր է այժմ առաջացել: Հիմա թուրքական ստրատեգները լուրջ ներդրումներ են կատարում, այսօր Ջավախքում մոտավորապես 3 միլիարդ 200 միլիոն դոլար ներդրում է կատարվում երկաթգիծ անցկացնելու համար: Այսինքն՝ Ջավախքը հատում են արեւելքից արեւմուտք, նրանք վաղը, մյուս օրը երկու կողմից այդ երկաթգիծը կվերցնեն փշալարերի մեջ, որի պատճառով ստիպված կլինենք թուրքի զինվորից թույլտվություն խնդրել անցնելու համար: Այս ամենի դեմ դուրս եկավ Ջավախքի մեր քաջորդիներից մեկը՝ Մելիք Ռայիսյանը, որը նախկինում երեք անգամ ընտրվել է պատգամավոր: Ու այսօր նրա դեմ ինչ-որ տխմարի ցուցմունքով քրեական գործ է հարուցվել: Այս գործիչը, որը համարձակվել է խոսել 3 միլիարդ 200 միլիոնից, արդեն իսկ երկրից վտարվել է: Այսինքն՝ թուրքերի այդ ամբողջ նախագիծը գործողության մեջ է եւ քիչ-քիչ իրականանում է: Իսկապես, թուրքերի ձեռքով Ջավախքը հայաթափվում է:
-Ջավախքը հայաթափվում է, իսկ Հայաստանում մարդկանց ծեծում, սպանում են: Օրեր առաջ հիվանդանոցում մահացավ ՊՆ բժիշկ Վահե Ավետյանը, որին դաժանաբար ծեծել էին «Հարսնաքար»-ում: Նրա մահվան օրը Հայրապետյանի թիկնազորի անդամներից մեկը դաժանաբար ծեծի էր ենթարկել նաեւ 81 համարի երթուղու վարորդին:
-Այնտեղ հայաթափում են,  իսկ այստեղ, այո՛,  ծեծում, ջարդում են: Գիտեք ինչ, այդ հարցը չի լուծվելու այնքան ժամանակ, մինչեւ մենք լեգիտիմ իշխանություն, լեգիտիմ նախագահ չունենանք: Հանրապետության նախագահը Պողոսից, Պետրոսից ու Մարտիրոսից չպետք է կախում ունենա: Եթե հանրապետության նախագահն ընտրված լինի ժողովրդի կողմից, ոչ մեկն էլ չի համարձակվի օրը ցերեկով մարդ սպանելու հրահանգ տալ կամ ծեծել, դա բացառված կլինի: Ոչ մեկն էլ չի համարձակվի իր վրա վերցնել ոստիկանության ֆունկցիաները: Այսօր ՀՀ քաղաքացին տոտալ հետապնդման մեջ է: Սերժ Սարգսյանը սուսուփուս անում է այն, ինչ-որ իրեն ասում են, դրանք այն օլիգարխներն են, որոնք այս կառույցը ստեղծել են: Սրանք ոչ մեկի մասին չեն մտածում, մտածում են միայն իրենց ստեղծած իշխանությունը պահելու մասին: Քանի ՀՀ նախագահն ընտրված չէ, քաղաքացին վտանգված է: Այսօր Հայաստանը գտնվում է 40 ընտանիքների ձեռքում, որոնք օրինականության դաշտում չեն, միայն իրենք են օրենքը: Բժշկին, որը Հիպոկրատի երդում էր տվել մարդու կյանքը փրկելու համար, դաժանաբար ծեծել են, ի՞նչ մարդ պետք է լինես, որ մարդուն ծեծելով սպանես:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս