ՍՈՂԱՆՔԸ ՉԻ ՍՊԱՍԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2011թ. ապրիլին փլուզում եղավ միջպետական ճանապարհից Իջեւանի տարածաշրջանի Ներքին Ծաղկավան գյուղ տանող միակ, ասֆալտապատ ճանապարհին: Առաջին կիլոմետրում սողանքից փլվել էր 30 մ երկարությամբ, 15 մ լայնությամբ եւ 20 մ խորությամբ հատված, հողը թափվել էր գյուղը սնուցող 130 մմ տրամագծով խմելու ջրագծի վրա, շարքից հանել դրա 30-մետրանոց հատվածը: Պատահարից հետո ջրագծի վնասված հատվածն արագ վերականգնվել է: Գյուղ մտնող ճանապարհը թեեւ նեղացել, սակայն երթեւեկելի է:
Ի՞նչ է փոխվել այս ընթացքում: Ներքին Ծաղկավան համայնքի ղեկավար Նաիրի Աթաբեկյանը հայտնեց, որ ճանապարհի երթեւեկելի մասում ասֆալտին 2 սմ լայնությամբ եւ 2 մ երկարությամբ ճեղք է գոյացել, որը գնալով մեծանում է: Ճեղքի լայնանալով` ճանապարհն ամբողջությամբ կարող է փլվել: Այդ դեպքում հողը կթափվի մոտ 20 մ բարձրությունից, եւ հետո շատ դժվար ու ծախսատար կլինի գյուղն «արտաքին աշխարհին» կապող միակ ճանապարհի նորոգումը: Ն. Աթաբեկյանն ասաց, որ այս տարվա մայիսի 5-ին կապի եւ տրանսպորտի նախարարությունից եկել են, սողանքի վայրում ուսումնասիրություն կատարել: Դրանից հետո գյուղապետը եղել է Տավուշի մարզպետարանի տրանսպորտի բաժնում, ուր ծանոթացել է ճանապարհի վերականգնման նախագծին եւ ստորագրությամբ հավանություն տվել դրան:
«Այդ նախագծով նախատեսվում է, որ նոր ճանապարհը ձգվելու է սողանքի վայրից աջ գտնվող տարածքով, 4-5 տուն այդ գոտուց հանվելու է, դրանց տերերին փոխհատուցում կտրվի»,-ասաց Ն. Աթաբեկյանը: Գյուղապետը չգիտի, թե որքան է կազմում նոր ճանապարհի կառուցման արժեքը, եւ այդ ծրագիրը երբ կիրականացվի: Եթե ավելի քան 1 տարի պահանջվեց ճանապարհի վերականգնման նախագիծ պատրաստելու համար, ապա կարելի է ենթադրել, թե որքան ժամանակ կպահանջվի ֆինանսավորում սկսելու եւ ճանապարհը կառուցապատելու համար: Իսկ սողանքը չի սպասում, այն ակտիվ է: Այդ ճանապարհը ներկայում բանուկ է, այնտեղով երթեւեկողների գլխին մշտապես կախված է տարերքի «դամոկլյան սուրը»:




Լրահոս