ՌԱՖՈՆ ԱՄՈՒՍՆԱՑԱՎ, ՈՐ ՍՈՒՏԻՆՅՈՐ ԴԱՌՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
23-ամյա Մարկոսյան Ռաֆիկը “գյուտ” է արել, ավելի ճիշտ` “գույտ”. հանցագործության կատարման նոր սցենար է մշակել, որը, նրա հաշվարկով, շատ արագ մեծ եկամուտներ պետք է բերեր իրեն, բայց կարծես թե երկու “թոթոլ”, երկարաժամկետ ազատազրկման հոդված է բերել: “Ամուսնացել էրե, որ “կնոջը” մարմնավաճառ դարձներ, ինքն էլ “սուտինյոր” դառնար, բայց “կինը” հողագործ էր դարձել, իսկ ինքը` կալանավոր:  
Մեղադրական եզրակացությունից տեղեկանում ենք, որ Ռաֆիկը սրանից մեկ տարի առաջ հրավիրված է եղել իր ծանոթներից մեկի տուն՝ խնջույքի, որտեղ հյուրերի մեջ եղել է նաեւ անչափահաս, 18 տարին չլրացած Անուշիկը (տուժողների անունները փոխված են): Ծանոթացել են, հեռախոսահամարներ փոխանակել, ու հաջորդ օրերին Ռաֆոն հեռահար նպատակներով սկսել է սիրահետել Անուշիկին: Օգտվելով նրա անփորձությունից` ասել է, որ սիրում է նրան եւ նպատակ ունի նրա հետ ամուսնանալ եւ իր հետ տանել Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաք, որտեղ իբր ապրում են իր հարուստ ծնողները, եւ որտեղ իրենց բարեկեցիկ եւ լուսավոր ապագա է սպասվում: Դե Անուշիկն էլ հավատացել է, Ռաֆոյի հետ գնացել Սեւան քաղաքում գտնվող մի տուն (գուցե Ռաֆոյի վարձած), որտեղ վերջինս համոզել է աղջկան` իր հետ սեռական հարաբերություն ունենալ, քանի որ իր համար տարբերություն չկա, թե որտեղից կսկսի ինտիմ կյանքն ապագա “կնոջ” հետ` Սեւանում, թե Վոլգոգրադում: Եւ Անուշիկը տրվել է նրան: 
Սիրահետումների ընթացքում Ռաֆոն ծանոթացել է Անուշիկի ընտանիքի եւ նրա անչափահաս ընկերուհու` Ալինայի հետ: Ռաֆոն Անուշիկի ծնողներին եւս հավաստիացրել է, որ իր նպատակն ազնիվ է, եւ որ իրենք առաջիկայում մեկնելու են այստեղից, իսկ Ալինային փորձել է համոզել, որ Վոլգոգրադում նրա համար լավ վարձատրվող աշխատանք կարող է գտնել, ուստի կարող է իրենց հետ գալ: Իր մտադրությունն անխոչընդոտ իրականացնելու համար գործում ներգրավել է նաեւ իր համախոհին` մարմնավաճառ-սիրուհի Քիսոյին. վերջինիս Անուշիկի ընտանիքում եւ շրջապատում ներկայացրել է որպես իր մորաքրոջ աղջիկ, եւ մի օր էլ վաղուց “կերած”, բայց ավանդական “կարմիր խնձորի” “թաշախուստը” տվել Քիսոյի ձեռքը եւ ուղարկել “աներոջ” տուն, թե` ամեն ինչ “նորմալ է”: Բացի դա, Քիսոն նաեւ Ալինային պետք է համոզեր, որ վերջինս միանար իրենց: 
Իրավաբանական լեզվով ասած` Ռաֆոյին (Քիսոյին եւս, բայց առանձին) մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2011թ. հուլիս ամսին անչափահասներ, 18 տարին չլրացած Անուշիկին եւ Ալինային սեռական շահագործման նպատակով հավաքագրելու եւ ՀՀ պետական սահմանը հատելով՝ Հայաստանից ՌԴ նրանց տեղափոխումը կազմակերպելու եւ այնտեղ վերջիններիս սեռական շահագործման մեջ ներգրավելու դիտավորությամբ նախնական համաձայնության է եկել իր հետ սիրային կապի մեջ գտնվող Քրիստինեի հետ: Ճիշտ է, Քիսոն Ալինային էլ է համոզել, վարդագույն խոստումներ տվել, թե նրա համար այնտեղ այնքան լավ աշխատանք են գտնելու, որ հա՛մ իր կյանքն այնտեղ դասավորի, հա՛մ էլ ընտանիքի անդամներին օգնի, բայց նրանք չեն կարողացել իրենց հանցավոր մտադրությունն ավարտին հասցնել իրենց կամքից անկախ պատճառներով. Ալինան հրաժարվել է մեկնել ՌԴ: 
Իսկ որպեսզի գոնե Անուշիկի հետ խնդիրներ չառաջանան, եւ նա որեւէ կասկած չունենա ու չհրաժարվի մեկնելու մտադրությունից, Ռաֆո-Քիսո զույգը նրան համոզել է, որ իրենք երեքով են այստեղից մեկնելու, ճանապարհին` Վրաստանում, Քիսոն մեկնելու է այլ ուղղությամբ, իսկ Ռաֆոն ու Անուշիկն իբր շարունակելու են իրենց “մեղրամիսային ճամփորդությունը”: Եւ ահա իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Ռաֆիկ Մարկոսյանը Քրիստինե Ներսիսյանի հետ 2011թ. հուլիսի 10-ին ՀՀ Բագրատաշենի սահմանային կետով Անուշիկին տեղափոխել են ՌԴ Մինվոդի քաղաք, որտեղ վերջինիս փախուստը կանխելու նպատակով վերցրել են նրա անձնագիրը:
Ճանապարհին Անուշիկը Քիսոյին “բռնացրել է” Ռաֆոյի գրկում եւ հասկացել, որ նրանք սիրեկաններ են: Վերջիններս եւս խոստովանել են դա, քանի որ Անուշիկը փախչելու տարբերակ չի ունեցել: Դրանից հետո անչափահասի նկատմամբ բռնություն գործադրելով` նրան ծեծի ենթարկելով եւ սպառնալիքներով, փորձել են ներգրավել պոռնկության  մեջ, ստիպել են զբաղվել մարմնավաճառությամբ եւ աշխատած գումարները փոխանցել իրենց, սակայն տեսնելով, որ վերջինս համառորեն հրաժարվում է, ստիպել են, որ գնա, ինչ աշխատանք ուզում է՝ գտնի, բայց աշխատած գումարը բերի, իրենց պահի: Խեղճ Անուշիկը իջել է փողոց, մի քանի օր հարցուփորձ արել, որ աշխատանք գտնի: Բախտը բերել է. տեղի մերձակա գյուղերից մի հայ է հանդիպել, ում ներկայացրել է իր վիճակը եւ նրանից աշխատանք խնդրել. վերջինս ասել է, որ հողագործության աշխատանք կարող է առաջարկել: Սակայն մինչ աշխատանքի անցնելը Քիսոն ու Ռաֆոն են հանդիպել այդ անձնավորությանը եւ պայմանավորվել աշխատանքի պայմանների եւ աշխատավարձի չափի վերաբերյալ: Դրանից հետո զույգն Անուշիկին ներգրավել է այլ շահագործման` հարկադիր աշխատանքի մեջ եւ 2011թ. հուլիսի 12-ից մինչեւ 28-ը շահագործել են` պարտադրելով Մինվոդի քաղաքին հարակից Նագուտսայա գյուղում զբաղվել հողագործությամբ: Այնուհետեւ գյուղի բնակիչների միջամտությամբ աղջիկը վերադարձել է տուն` Երեւան: 
Այսինքն՝ ըստ մեղադրական եզրակացության` Ռաֆիկը կատարել է հանցավոր արարքներ, որոնք նախատեսված են ՀՀ քր. օր.-ի 34- 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով (շահագործման նպատակով երեխային, հոգեկան խանգարման հետեւանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձին հավաքագրելու, տեղափոխելու փորձը, որը կատարվել է երկու եւ ավելի անձանց նկատմամբ, մի խումբ անձանց նախնական համաձայնությամբ, պետական սահմանը հատելով) եւ 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ եւ 7-րդ կետերով (այսինքն՝ նույն հանցանքը` կատարված բռնության գործադրմամբ): Այս հոդվածի սանկցիան նախատեսում է պատիժ` ազատազրկում՝ 10-12 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: Մնում է դատարանը որոշի` ճիշտ է որակված ամբաստանյալի արարքը, թե ոչ: Քրեական գործի դատաքննությունը մեկնարկել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:
ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ




Լրահոս