Ինչ մեղադրանքով է «Կայարանցի Թևոսիկի» եղբոր սպանության գործը մտել դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեական աշխարհում հայտնի հեղինակություն Թևոս Սաֆարյանի` Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության և Մովսես Ներսիսյանի` Մոսոյի ենթադրյալ սպանության գործն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի վարույթ:

Գործը դատարան է ուղարկվել մեղադրյալ Իսրայել Սարգսյանի` Իսոյի մասով:

Ըստ մեղադրական եզրակացության` Իսրայել Սարգսյանը կազմակերպել և օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա՝ այդ հանցանքը թաքցնելու նպատակով ապօրինաբար, դիտավորությամբ զրկել կյանքից Մովսես Ներսիսյանին:

Բացի այդ՝ նա, ըստ մեղադրանքի, ապօրինի ձեռք է բերել և կրել հրազեն հանդիսացող «ՏԿ» մոդելի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող` 3 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտ, ինչպես նաև ապօրինի ձեռք է բերել ու իր փաստացի բնակության վայրին հարող տարածքում գտնվող ավտոտնակում առկա երկաթյա պահարանում պահել է ռազմամթերք հանդիսացող, նպատակային օգտագործման համար պիտանի, գործարանային արտադրության «ԷԴՊ» տեսակի էլեկտրական թվով 4 հատ Ճայթիչ և նետողական պայթուցիկ նյութերի շարքին դասվող` գործարանային արտադրության դեղնաշագանակագույն և շագանակագույն գլանաձև արկային վառոդի 5 հատիկ:

Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Հիշեցնենք, որ 2014 հունվարի 27-ին Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել էին 41-ամյա Արթուր Սաֆարյանի վրա և արդեն մահացած վիճակում տեղափոխել թիվ 3 հիվանդանոց: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասով (սպանություն) և 235 հոդվածով:

Այս գործով կա ևս մեկ կալանավոր, ով Արթուրի սանիկ Տիգրանն է: Նշենք` երբ այս քրեական գործի նախաքննությունն ապրիլ ամսին ոստիկանությունից փոխանցվեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն, նոր նախաքննական մարմինը փաստաբաններից ստորագրություն պահանջեց նախաքննական գաղտնիքը չբացահայտելու համար, և գործի քննության ընթացքը մտավ գաղտնի փուլ:

Հավելենք, որ սպանված Մովսես Ներսիսյանի դին մինչ այժմ չի գտնվել:

Նշենք, որ դեկտեմբերի 20-ին քրեական հեղինակություն համարվող Թևոս Սաֆարյանը՝«Կայարանցի Թևոսիկը», ազատ է արձակվել: Հիշեցնենք, որ նրա կալանքի ժամկետը երկարացվել էր մինչև դեկտեմբերի 27-ը, սակայն, ինչպես տեսանք, կալանքի ժամկետը չլրացած՝ նա ազատ արձակվեց: Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 28-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչի միջնորդությունը՝ անձի առևանգման մեջ կասկածվող Թևոսիկի նկատմամբ խափանման միջոց կալանավորում նշանակելու մասով:

Իսկ այս տարվա հունվարի 27-ին Երևանի կենտրոնում՝ Արամի նրբանցքի 5/ա շենքի բակում, սպանվել էր Թևոսիկի եղբայրը՝ Արթուր Սաֆարյանը: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Նախաքննության սկզբում՝ 2014 թվականի փետրվարի 10-ին, ոստիկանությունը հայտարարեց, որ քրեական հեղինակության եղբոր սպանությունը պատվիրել է Իսրայել Սարգսյանը (Իսո)՝ ընկեր Մովսես Ներսիսյանին (Մոսո):

Իսկ երբ վերջինս կատարել է պատվերը, իր կատարած հանցանքը թաքցնելու դիտավորությամբ՝ Իսրայել Սարգսյանը 2014թ. փետրվարի 1-ին Մովսես Ներսիսյանին հրավիրել է Դավիթաշենում գտնվող հյուրանոցներից մեկը, որտեղ անձամբ սպանել է Մովսես Ներսիսյանին, ապա ավտոմեքենայով նրա դին տեղափոխել է Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի դաշտային ավան և գցել այնտեղ գտնվող կոյուղու դիտահորը:

Սույն գործով որպես մեղադրյալ է ներգրավվել նաև երկրորդ անձը՝ Տիգրան Ասատրյանը, ով, ըստ ոստիկանության, տեղյակ լինելով  Մովսես Ներսիսյանի սպանության հանգամանքներին, այդ մասին չի հայտնել համապատասխան մարմիններին: Նշենք, որ վարկածներ կային, թե Թևոսիկը համարվել է քրեական և քաղաքական «արդարադատություն» իրականացնող, ինչը, ենթադրվում է, կասեցվեց նրա եղբոր սպանությամբ: Ինչևէ, քննարկման ենթակա չէ այն, որ իշխանությունը քրեական աշխարհի նկատմամբ մի՛շտ է ջերմ եղել: Քրեական հեղինակությունները, կամ իրենց այսպիսին համարողները Հայաստանում իրավունք ունեն հանցագործություններ անել, մարդ սպանել ու անպատիժ մնալ: Կայարանցի Թևոսիկն էլ, ինչպես իրեն հարգող ցանկացած հեղինակություն, իրեն իրավունք է վերապահել պատժել նախագահի կամ գլխավոր դատախազի սիրելի օլիգարխներին:

Սրա վառ ապացույցը Թևոսիկի հետ կապված ամենաաղմկահարույց դեպքերից մեկն է: 2008 թ. մայիսին «Չորրորդ իշխանություն» օրաթերթը հրապարակել էր հոդված, որի համաձայն՝ «Երևան» կինոթատրոնի մոտ գտնվող «Երևան սիթի» խանութի երիտասարդ աշխատակցուհիներին «պատանդ էին վերցրել» ընդամենը 17 հազար դրամի պակասորդի համար: «… ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի բարեկամները գերի են վերցրել երիտասարդ աղջիկներին ու ըստ ճշտվող լուրերի, փորձել բռնաբարել նրանց: Խոսակցություններ կան, որ երկու երիտասարդ աղջիկներին մի քանի օր շարունակ պահել են «Երևան սիթի» խանութի պահեստում: Առևանգված աղջիկներից մեկի հայրը իր տան սեփականության վկայականն էր բերել, 17 հազար դրամի դիմաց հանձնել խանութի վարիչին և իր դստերն ազատել գերությունից: Իսկ մյուս աղջիկը, որի եղբայրն աշխատում էր ոստիկանության 7-րդ վարչությունում, ըստ լուրերի, ազգակցական կապ ունի հայտնի քրեական հեղինակություն Թևոսիկի հետ: Դա է պատճառը, որ վերջինս միջամտել է գործին:




Լրահոս