ԲՅՈՒՋԵՆ ԳՆՈՒՄ Է ԻՐԵՆՑ ԳՐՊԱՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ամենահարուստ պաշտոնյաներից մեկը՝ ՀՀ պետեկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանը, անձնական կարողությունների վերաբերյալ բավականին համեստ թվեր է ներկայացնում իր իսկ ղեկավարած մարմնին: “Հետք”-ը, ուսումնասիրելով Գ. Խաչատրյանի՝ 2009թ. գույքի եւ եկամուտների հայտարարագիրը, պարզել է, որ նա այդ տարի ունեցել է ընդամենը 53 միլիոն 833 հազար 900 դրամ եկամուտ եւ ուրիշ ոչինչ: Նույն, “չոր ու ցամաք” վիճակին է եղել նաեւ 2010թ-ին: Այդ տարի էլ հայտարարագրել է միայն դրամային եկամուտ եւ ուրիշ ոչինչ` 58 միլիոն 75 հազար 880 դրամ: Իսկ ահա 2011թ. բեկումնային է եղել Խաչատրյանի կյանքում: 2011թ. ավարտին նա ունեցել է 278 միլիոն դրամ եւ 2 միլիոն 980 հազար դոլար: Սակայն նույն պաշտոնական թվերով ՊԵԿ նախագահի՝ նույն տարվա միակ եկամուտը եղել է նրա նույն աշխատավարձը` 8 միլիոն 463 հազար 500 դրամ:
ՀԱՐՑ. Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս եւ ինչի՞ հաշվին են մեկ տարում շուրջ 200 մլն դրամով եւ 3 մլն ԱՄՆ դոլարով աճել ՊԵԿ նախագահի կարողությունները, երբ ՀՀ-ում աղքատության ցուցանիշը նույն տարում հասել է 36 տոկոս սահմանագծին:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ինձ համար դժվար է պատասխանել այդ հարցին եւ չեմ էլ ուզում պատասխանել: Բայց եւ այնպես ասեմ, որ չեմ կարծում, թե ՊԵԿ-ում աշխատող ղեկավարն այնքան աշխատավարձ պետք է ստանա, որ կարողանա նման հարստություն կուտակել: Դուք հետաքննություն անցկացրե՛ք ու տեսե՛ք, թե ինչու է այդպես ստացվել, քանի որ այդպես չէր կարող լինել:
ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆ
ՀՀ ՊԵԿ նախկին նախարար 
ՊԱՏԱՍԽԱՆ. Միայն Պետեկամուտների կոմիտեի ղեկավարի մոտ չէ այդպես: Սերժ Սարգսյանից սկսած մինչեւ ներքեւ՝ իրենց եկամուտներն ավելացել են: Տնտեսական համակարգն է նպաստում այս երեւույթին, որ հարուստները հարստանան, իսկ աղքատներն աղքատանան: Այլ հարց է, թե ինչ ճանապարհով են նրանք այդ գումարները ձեռք բերել եւ արդյոք իրավունք ունեն բիզնեսով զբաղվել: Եթե դուք վերլուծություն կատարեք եւ այդ մարդկանց կենսագրությունը նայեք, կտեսնեք, որ նույն վարչապետ կոչեցյալը, նույն Ս. Սարգսյանն իրենք իրենց ամբողջ կյանքում պետական պաշտոններ են զբաղեցրել եւ չարաշահել են պաշտոնական դիրքը: Այն գումարները, որոնք պետք է գնան բյուջե, գնում են իրենց գրպանները: Հարստանում են պետության հաշվին:
ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ 
ՀԱԿ անդամ, տնտեսագետ
ՊԱՏԱՍԽԱՆ. Եկե՛ք այդ հարցին չպատասխանեմ: Ախր ես ո՞նց կարող եմ պատասխանել այդ հարցին, եթե չեմ տիրապետում այդ տվյալներին: Այլ հարց ունե՞ք (անջատում է հեռախոսը-Ք.Մ.):
ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
ԱԺ տնտեսական հարցերի մշտական 
հանձնաժողովի փոխնախագահ, 
ԲՀԿ-ական  
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս