«ՈՐՔԱՆ ԷԼ ԴԺՎԱՐ Է, ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ՊԱՀԵԼ ՍԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կարին» ավանդական երգի-պարի խումբն այս տարվա հետ կապված մի շարք ծրագրեր ունի: Խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն ընդամենը մի քանի օրից մեկնելու է Պերմ՝ տեղի հայ համայնքի հետ վարպետության դասեր անցկացնելու նպատակով: «Ժողովուրդը» նրա հետ զրուցել է Հայաստանում ազգային մշակույթի զարգացման նախադրյալների, վերջերս Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության եւ դրան հետեւած իրադարձությունների մասին:

-2014-ից Հայաստանի 13 դպրոցներում անցկացվում են ազգային երգի եւ պարի դասեր: Փորձարարական այս ծրագիրն ի՞նչ փուլում է, եւ 2015-ին ի՞նչ առաջընթաց կարելի է ակնկալել:
-Ուսումնական տարվա հաջորդ տարեսկզբին, ենթադրաբար, Հայաստանի եւս 100 դպրոց կմիանա ծրագրին, հույս կա, որ այդ դպրոցների քանակն աստիճանաբար կմեծանա:
-Մեր երկրում կարելի է հանդիպել, այսպես կոչված` «բարձր հովանու» ներքո կազմակերպվող տարատեսակ համերգների, այնինչ ազգային մշակույթը, կարծես թե, նույն ակտիվությամբ չի հովանավորվում…
-Առհասարակ, ազգային մշակույթը հովանավորության, պետական ուշադրության կարիք ունի: Թերեւս իշխանությունները դրա մեջ շոուի տարր չեն տեսնում կամ, գուցե, բարձր մշակույթ չեն տեսնում, չգիտեմ… Մինչդեռ հարկավոր է առաջին հերթին ներդրումներ կատարել հենց ազգային մշակույթը զարգացնելու ուղղությամբ: Հուսով եմ՝ շուտով սառույցը կկոտրվի:
-Կարծես թե մեր պետությունը դեռ չի եկել նաեւ այն գիտակցությանը, որ հարկավոր է ավելի շատ ֆինանսավորում հատկացնել ազգային մշակույթը աշխարհին ներկայացնելու համար…
-Այդ ֆինանսավորման կարիքն, իսկապես, կա: Բացի այդ՝ պետությունը պետք է ֆինանսավորի այն խմբերին, որոնք ազգային մշակույթը լավագույնս կներկայացնեն արտերկրում եւ բարձր կպահեն մեր երկրի պատիվը, եւ ոչ թե հովանավորի պատահական խմբերի եւ անիմաստ ծախսեր անի:
-Դուք հաճախ եք նշում, որ մեզ մոտ անհրաժեշտ է զարգացնել վերկուսակցական մտավորականության գաղափարը, ի՞նչ եք կարծում՝ այսօր մտավորականի խոսքը լսելի՞ է հանրությանը, եւ ի՞նչ է պակասում դրա համար:
-Եթե մտավորականն ամբիոն ունենա իր տեսակետներն արտահայտելու համար եւ եթե իրոք մտավորական է, ժողովուրդն ականջալուր կլինի հենց նրան, քան թե, օրինակ, ինչ-ինչ անհայտ ուժերի: Պարզապես մտավորականներին հաճախ զրկում ենք այդ ամբիոններից:
-Այդ մտավորականության ձայնը պետք է որ լսելի լիներ նաեւ վերջին օրերին Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության եւ դրան հետեւած իրադարձությունների ընթացքում, մինչդեռ…
-Կարծում եմ, երբ հիմա առանց այդ էլ իրավիճակը բավական լարված է, սադրիչ հայտարարությունները ոչ մեկին լավ բանի չեն դրդելու:
-Ինչ սադրիչ հայտարարությունների մասին է խոսքը, ցուցարարներն ընդամենը պահանջում էին, որ հանցագործը դատվի Հայաստանում: Ո՞րն է հարցի շուրջ Ձեր տեսակետը:
-Բնականաբար, միակ ճշմարիտ տարբերակը դա է: Ի վերջո, Պերմյակովը մարտի ընթացքում գերի ընկած զինվոր չէ, որին պետք է վերադարձնել հայրենիք, նա հերթական մարդասպան է եւ մի ամբողջ ընտանիքի է սպանել: Նրա հրեշային արարքի նկատմամբ ադեկվատ մոտեցում է պետք ցուցաբերել: Սա, կարծում եմ, երկու պետությունների ղեկավարների լուծելու խնդիրն է:
-ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի ասուլիսը ոմանք որպես աճպարարություն որակեցին՝ նկատելով, որ նա խոսում է հանելուկներով: Դատախազի պարզաբանումները ցուցարարների սրտով չէին, նրանք չեն հավատում, որ Պերմյակովը պատիժը կկրի Հայաստանում:
-Կարծում եմ՝ այս սպանության դեպքն, առհասարակ, լի է հանելուկներով: Մեր դատախազի համար դեռ կան հանելուկներ, թերեւս ինչ-որ բաներ դեռ կբացահայտվեն, եւ հստակ պատասխաններ կհնչեն:
-Ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք այս ողբերգական դեպքի կապակցությամբ Հայաստանում չպետք է սուգ հայտարարվեր:
-Իհարկե, պետք էր. սա պատահական միջադեպ չէր… Անհրաժեշտ էր նաեւ, որ Ռուսաստանը Հայաստանին ցավակցություն հայտներ ոչ թե ՊՆ տեղակալի, այլ պետության առաջին դեմքի մակարդակով ու ներողություն խնդրեր մեզանից:
-Այս օրերին, երբ Ռուսաստանի դեմ բողոքն արտահայտելու ճանապարհին հայը հայի դեմ է դուրս եկել, ցուցարարների ու ոստիկանների միջեւ բախումների արդյունքում ունենք վիրավորներ եւ ձերբակալվածներ, ի՞նչ կոչ կանեք ժողովրդին:
-Կոչ եմ անում՝ որքան էլ այս պահին դժվար է, պահել սթափությունը, ես կողմ չեմ մարդասպանին «խալաթ» հագցնելուն ու նվաստացնելուն, պետք չէ այդչափ ցածրանալ, փոխարենը հարկավոր է հստակ որոշումներ կայացնել:

 

 

 

 

ՕՖԵԼՅԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ ԿՄԵԾԱՐԵՆ ԱՎԵԼԻ ՈՒՇ

Օրերս վաստակաշատ երգչուհի, ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանը նշեց իր ծննդյան 90-րդ տարեդարձը: Ժողովուրդը շտապում էր շնորհավորել «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի արժանացած, համաժողովրդական սեր վայելող երգչուհուն, ում արվեստով դաստիարակվել են սերունդներ ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում:

Սիրված երգչուհու երկրպագուների մի մասը ծաղիկներ էր ուղարկում, մյուս մասը զանգահարում էր, մի ստվար զանգված էլ համացանցում արվեստագետի երգերն էր տարածում, նրա մասին հետաքրքիր պատմություններ հիշում: Երգչուհու մեծ ավանդին ուղերձի միջոցով անդրադարձավ նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա, մասնավորապես, նշեց, որ տասնամյակներ շարունակ Օֆելյա Համբարձումյանը եղել է ոչ միայն հայ ժողովրդական երգի անզուգական կատարող, այլ նաեւ հայ երգարվեստը նոր մակարդակի բարձրացնող երգչուհի:
Շնորհավորական խոսքերին, սակայն, շատ շուտով փոխարինեցին հիասթափություն արտահայտող տեքստերն ու դժգոհությունները: Արտիստուհու երկրպագուները եւ պարզապես սրտացավ մարդիկ Facebook սոցիալական ցանցում իրենց դժգոհությունն արտահայտեցին այն բանից հետո, երբ օրերն անցան, իսկ հայ երգի հանրահռչակմանը նպաստած երգչուհու 90-ամյակի առթիվ ոչ մի հոբելյանական միջոցառում տեղի չունեցավ:
«Իսկական ժողովրդական արտիստ, եւ ոչ մի արժանի մեծարում»,-սոցցանցի իր էջում նկատել էր օգտատերերից մեկը: «Ուղերձ հղելու, ծաղիկ ուղարկելու փոխարեն թող մի արժանի միջոցառում կազմակերպեին, ինչպես հարկն է՝ մեծարեին»,-ավելացրել է մյուսը:
«Ժողովուրդ» օրաթերթը, հասարակական դժգոհության այս ալիքին հետեւելով, ճշտել է Օֆելյա Համբարձումյանի հոբելյանական համերգին առնչվող մանրամասները: Երգչուհու որդին՝ Հովհաննես Հովհաննիսյանը, մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ ՀՀ մշակույթի նախարարությունն առաջիկայում կազմակերպելու է հոբելյանական միջոցառում. «Միջոցառում լինելու է, սակայն ավելի ուշ, մի քիչ եղանակը տաքանա, նոր»:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

ՍՄԲԱՏՅԱՆԸ՝ ԿՈՐԵԱՅՈՒՄ
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հունիսի 14-ին ղեկավարել է Կորեայի կամերային նվագախումբը: Համերգը կայացել է Սեուլի արվեստների կենտրոնի համերգասրահում: Այն իր ձեւաչափով առանձնահատուկ է եղել. երեկոյի ընթացքում միահյուսվել են դասական երաժշտությունն ու գրականությունը: Հանդիսատեսն ունկնդրել է 20-րդ դարի 2-րդ կեսի նշանավոր երաժշտական գործիչ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի եւ լարային նվագախմբի կոնցերտի կատարման եւ Լատինական Ամերիկայի ամենահետաքրքիր գրողներից մեկի՝ Էռնեստո Սաբատոյի «Հերոսների եւ գերեզմանների մասին» նովելի ընթերցանության միաժամանակյա համադրությունը: Համերգային ծրագրի ընթացքում նվագախմբի հետ հանդես են եկել դաշնակահար Քսենիա Կոգանը, սոպրանո Յերեե Սուհը եւ ասմունքող, հոլիվուդյան դերասան Ջոն Մալկովիչը:

 

ԱՌՈՂՋԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ
Գուսան Հայկազունը (Գագիկ Նազարյան), ով հանրությանը հայտնի է իր հեղինակած «Գետաշեն», «Պատերազմ ենք գնում», «Մոնթե Մելքոնյան», «Լավագույն տղերքը մենք ենք» եւ մի շարք այլ երգերով, առողջական խնդիրներ ունի: Նա վիրահատվել է եւ առաջիկայում պետք է անցնի բուժման լուրջ կուրսեր: ՀՀ մշակույթի վաստակավոր գործչին օգնելու նպատակով համախմբվել են նրա երաժիշտ ընկերները: Փետրվարի 5-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Միացե՛ք, հայեր» խորագիրը կրող բարեգործական համերգը, որի ամբողջ հասույթը կուղղվի գուսան Հայկազունի բուժմանը: Համերգի ընթացքում ելույթ են ունենալու Մրոն, Նունե Եսայանը, Շուշան Պետրոսյանը, Դավիթ Ամալյանը, Գոհար Հովհաննիսյանը եւ այլք:

 

ՆՈՐ ՍԻՐԱՎԵ՞Պ
Դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի եւ երգչուհի Ռիհանայի սիրավեպի մասին լուրերը, կարծես, հաստատվում են: Վերջերս նրանք միասին ժամանակ են անցկացրել եւ զվարճացել Kings of Leon խմբի մենակատար Կալեբ Ֆոլոուիլի ծննդյան տոնին: Եվ սա առաջին դեպքը չէ, երբ զույգը հայտնվում է հանրության ուշադրության կենտրոնում: Ավելի վաղ Լեոյին եւ Ռիհանային պապարացիները տեսել էին Playboy ամսագրի կազմակերպած ընթրիքին:




Լրահոս