ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆԵՐԸ ՄԵԾԱՆՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է մինչեւ տարեվերջ կրկնապատկել Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազաներում զինծառայողների թվաքանակը: Դեռ նախորդ ամիս Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայության ղեկավար, գնդապետ Իգոր Գորբուլը հայտարարել էր, թե Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան համարվում է ԱՊՀ-ի հակաօդային պաշտպանության միասնական համակարգի անբաժանելի մասը, որտեղ էլ կրկնապատկվելու է պայմանագրային զինծառայողների թիվը, բայց չի փոխվի ընդհանուր հզորությունը:  Այս ռազմաբազան հագեցած է զենիթահրթիռային C-300 պաշտպանական համակարգերով եւ ԾԼթ-29 կործանիչներով, իսկ պայմանագրային զինծառայողների թիվը հասնում է 5 հազարի: Ու հիմա, փաստորեն, ենթադրվում է, որ մինչեւ տարեվերջ նրանց թիվը կհասնի 10 հազարի: Նշենք նաեւ, որ Հայաստանում ռուսական ռազմաբազաները տեղակայված են 50 տարով. 2010-ի օգոստոսին ստորագրված նոր պայմանագրով ընդլայնվեցին ռազմաբազաների աշխարհագրական եւ ռազմավարական պատասխանատվության շրջանակները:
Այս ամենը, թերեւս, ուշագրավ է այն առումով, որ տարածաշրջանում բավական լարված է իրավիճակը. հատկապես Սիրիայի խնդիրն իր վրա է բեւեռել աշխարհի ուշադրությունը՝ ստիպելով գնալ կոնկրետ լուծումների: Ընդ որում, չի բացառվում, որ այդ լուծումները նաեւ ռազմական բնույթ կրեն: Ու տարածաշրջանում ՌԴ ռազմական ներկայության ավելացումը կարելի է դիտել հենց այս համատեքստում: Առավել եւս, որ տարածաշրջանում կա մեկ այլ հակամարտություն, որը եւս սպառնում է վերածվել ռազմական գործողությունների. խոսքը ԼՂ խնդրի մասին է:
Պատահական չէ, որ Սիրիայի հարցով ՄԱԿ հատուկ բանագնաց Քոֆի Անանը ,Նյու Յորք Թայմսե թերթին տված հարցազրույցում ասել է, թե այս խնդրի կարգավորման համար առանցքային նշանակություն ունեն Ռուսաստանն ու Իրանը: “Ռուսաստանը լուրջ ազդեցություն ունի Սիրիայի իշխանության վրա, թեեւ վստահ չեմ, որ իրադարձությունների զարգացումը մի միայն այդ կողմն է որոշում: Իրանը նույնպես լուրջ դերակատար է Սիրիայի խնդրում: Այդ երկիրը պետք է դառնա խնդրի կարգավորման մասնակից: Այդ երկիրը նույնպես լուրջ ազդեցություն ունի Սիրիայում, եւ մենք չպետք է դա անտեսենք”,-ասել է նա՝ հավելելով, որ Սիրիայի ներքաղաքական ճգնաժամի խաղաղ կարգավորման իր մշակած ծրագիրը հաջողություն չի ունեցել. ,Հսկայական ջանքեր են գործադրվել խնդիրը քաղաքական ճանապարհով լուծելու համար: Մենք այդ գործում որեւէ հաջողություն չենք արձանագրել, եւ ես չեմ կարող երաշխավորել, որ դա մեզ կհաջողվիե:
ԻՍԿ ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՐԵՎԱՆ ԵՐԿՐՈՒՄ…
Տարածաշրջանային խնդիրները, թերեւս, փոխկապակցված են միմյանց հետ: Ու Սիրիայի խնդրին զուգահեռ գնալով կարեւորվում է նաեւ ԼՂ խնդրիը: Ավելին, այստեղ եւս բավական ուշագրավ իրադարձություններ են ընթանում, միայն թե՝ առայժմ ոչ ռազմական ոլորտի: Միաժամանակ տարածաշրջան են այցելել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյեն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Ստեփանակերտ այցելությունից հետո վաղը արդեն նրանք կլինեն Երեւանում: Բացի այդ, այս օրերին Բաքվում է գտնվում նաեւ ՌԴ պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, որը եւս խոսել է ԼՂ խնդրի մասին: Նա հայտարարել է, որ եթե գտնվի հակամարտության լուծման՝ երկու երկրներին բավարարող ճանապարհ, ապա Ռուսաստանը պատրաստ կլինի հանդես գալ որպես դրա երաշխավոր: “Մենք դեմ ենք ԼՂ հակամարտության լուծմանը պատրաստի բանաձեւերով: Մենք համոզված ենք, որ այդ խնդիրը կլուծվի, եթե երկու կողմերի շահերը բավարարվեն: Ռուսաստանը պատրաստ է նման համաձայնության երաշխավորը դառնալ: Սակայն հակամարտության կարգավորման պատասխանատվությունը շարունակում է մնալ Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների վրա”,-հայտարարել է նա՝ միաժամանակ մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ: 
 
ԵԱՀԿ նախագահ Զանյերն էլ, ընդգծելով ԼՂ խնդրի կարգավորման անհրաժեշտությունն ու այնտեղ քաղաքական կամքի առկայությունը, ասել է, թե հակամարտությունը հսկայական վտանգ է ներկայացնում տարածաշրջանի անվտանգությանը եւ խոչընդոտում է Հարավային Կովկասի տնտեսական առաջընթացին: Նա նաեւ անընդունելի է համարել գործող հակամարտության գոտում առկա ստատուս-քվոն:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս