Նախքան կրակոցները Գոռ Առաքելյանին «Վերնիսաժի» հակառակ մասում հարվածել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց «Վերնիսաժի գործով» դատական քննությունը:

Նիստը սկսվեց դատավորի կողմից արված խիստ զգուշացմամբ, որը կապված էր կողմերի ուշացումների հետ: Հիշեցնենք, որ երեկվա նիստը հետաձգվել էր ամբաստանյալ Գոռ Առաքելյանի պաշտպանի` Երեմ Սարգսյանի մոտ մեկ ժամ ուշացման պատճառով: Պաշտպանը հայտնեց դատարանին, որ մեկ այլ գործով ոստիկանությունում իր պաշտպանյալի ձերբակալման որոշումն էր կայացվում, ինչը բաց թողնելու իրավունք ինքը չուներ:

Տեղեկացնենք, որ այսօրվա նիստին չէր ներկայացել տուժող Մնացական Սուքիասյանը, ում բացակայությունը, կողմերի դիրքորոշմամբ, չէր կարող խանգարել գործի քննությանը:

Այսօր հարցաքննվեց դատակոչված վկա Աստղիկ Օսիկյանը, ով չհիշեց դեպքի օրվա հետ կապված որոշ դրվագներ, և հրապարակվեց նրա` որպես վկա տված նախաքննական ցուցմունքը:

Վկան դատարանին պատմեց, որ դեպքի օրը «Վերնիսաժ» տոնավաճառի մոտ կրակոցներ են հնչել, ինքը տեսել է, թե ինչպես են մի խումբ մարդիկ հավաքվել վիրավոր երիտասարդի կողքին (խմբ. նշված երիտասարդը գործով տուժող Մյասնիկ Միքայելյանն է):

Մեղադրողի հարցին` լսե՞լ է արդյոք հայհոյանքներ կամ բղավոցներ, վկան պատասխանեց, որ հայհոյանքներ է լսել, սակայն չի հիշում` ով ում է հայհոյել: Վկայի նախաքննական ցուցմունքում, մասնավորապես, ասվում էր, թե ինչպես է ինքը տեսել, որ ինչ-որ կին մի տղամարդու մոտեցնում է սպիտակ մեքենայի վարորդի նստատեղին և հորդորում չխառնվել և չշարունակել վիճաբանությունը:

Հաջորդը վկայություն տվեց Վանիկ Պետրոսյանը, ով չէր ներկայացրել անձնագիրը, և տուժող Բադալյան Ալվինան հավաստիացրեց, որ վկան իր հետ նույն վայրում է աշխատում` «Վերնիսաժ» տոնավաճառում:

«Շաբաթ օր էր, գնացել էի աշխատանքի` բժշկական գործիքներ եմ վաճառում: Ես անձամբ ոչինչ չեմ տեսել, որովհետև թիկունքով էի կանգնած: Չեմ տեսել, ես ոչինչ չեմ տեսել: Ճիշտ է` ոչինչ չեմ տեսել, բայց լսել եմ վեճեր, մեքենայի սիգնալ, կրակոց: Թե ով է վիճել, ում հետ, չեմ տեսել»,- նշեց վկան` անընդհատ շեշտելով, որ ինքը ոչինչ չի տեսել, քանի որ թիկունքով է կանգնած եղել:

Մեղադրողի հարցին` քանի կրակոց է լսել, վկան պատասխանեց, թե 7-8: «Ես կանգնել էի, որ ապրանքս չգողանան: Էնքան մարդ էր թափվել սեղանիկիս վրա, որ… : Մնացածը մարդկանց պատմելով եմ իմացել: Օրվա վերջում եմ իմացել, որ մեր աշխատողն է վիրավորվել ու «պապին»: Մյուս տուժողին «պապի» ենք ասում»,- շարունակեց վկան:

Դատավորի հարցին` «ախպեր, ավտոյի բազա՞ր ա գնում» նման բան լսե՞լ է, թե՞ ոչ, վկան դրական պատասխան տվեց:

Վկա Արսեն Անդրեասյանը պատմեց, որ «Վերնիսաժի» հակառակ կողմնում վիճաբանություն է լսել, տեսել է` ինչպես է ամբաստանյալ Գոռ Առաքելյանին ինչ-որ մեկը հարվածում: Ամբաստանյալը սրան ի պատասխան ասել է, թե հիմա կտեսնեք: Հետո վկան վերադարձել և տեսել է վիրավոր ընկած մարդկանց: Թե ով է սկսել վիճաբանությունը, վկան չի տեսել:

«Նախկինում Գոռին չեմ ճանաչել: Թե մեքենաներից որ մեկի վարորդն է, չեմ տեսել: Վիճաբանության պահն ավելի մանրամասն չեմ կարող ասել: Գոռը որևէ մեկին չի հարվածել վիճաբանության ժամանակ»,- պաշտպան Երեմ Սարգսյանի հարցերին ի պատասխան՝ ասաց վկան:

Վալերիկ Հովհաննիսյանի պաշտպան Արայիկ Ալվանդյանը հարց ուղղեց` ինչպե՞ ս է ներկայացրել մեքենայի վարորդներին, վկան պատասխանեց` ըստ մեքենաների գույների:

Ամբաստանյալ Ներսես Մելքոնյանի երկրորդ պաշտպան Խաչատրյանը հարց ուղղեց` կարո՞ղ է հստակ նշել` ով որ մեքենայի վարորդն է, վկան բացասական պատասխան տվեց:

Նախագահողը նկատեց, որ վկան նշել էր, թե ինչպես է տեսել Գոռ Առաքելյանին սպիտակ ավտոմեքենան նստելիս, այդ դեպքում ինչո՞ւ չի հիշում` որը ում մեքենան է: Սրան ի պատասխան վկան պատասխանեց, որ հնարավոր է ուրիշի մեքենան նստեր ամբաստանյալը: Իսկ ինքը վիճաբանությունը տեսել է 150 մետրից:

Մեղադրողը միջնորդեց հրապարակել նախաքննական ցուցմունքը` հայտարարելով, որ կան էական հակասություններ: Դատարանը բավարարեց միջնորդությունը: Ըստ նախաքննական ցուցմունքի` վկան պատմել է, որ վիճաբանությանը ականատես է եղել 10-15 մետր հեռավորությունից: Ավելի ուշ տեսել է սպիտակ և սև ջիպեր: Նկարագրել է նաև մեքենաների վարորդների արտաքին տեսքը:

«Ես այդ օրը մեքենաները խառնել եմ: Սպիտակ ջիպի վարորդին հարվածել է սև ջիպի վարորդը, երևի, չեմ հիշում: Ես հիմա հստակեցրի ցուցմունքս»,- պատմեց վկան: Ապա ասաց, թե չի տեսել` որ մեքենայի վարորդն է հարվածել սպիտակ ջիպի մեքենայի վարորդին:

Նախագահողը հարց ուղղեց ամբաստանյալ Գ. Առաքելյանին` ինչ գույնի մեքենա է նա վարում, պատասխանեց` սև: Եվ հաջորդ հարցին` ինչպե՞ս նրա մոտ հարց չառաջացավ վկայի հակասող ցուցմունքներից, ամբաստանյալը ոչինչ չպատասխանեց:

Ապա վկան նշեց, որ Գոռ Առաքելյանին հարվածողին տեսել է կողքից և նկատել, որ վերջինս ավելի հաղթանդամ է: Մեքենաների գույները, վկայի խոսքով, ինքը խառնել է:




Լրահոս