Յուվեցի Կարոյի փեսա Գոռ Առաքելյանի հարցով Սերժ Սարգսյանին մեկ հոգի չէ, որ դիմել է. խնդրանքները 3 տարի արժեցան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014-ի մայիսի 17-ին Երևանի «Վերնիսաժ» տոնավաճառում հնչած կրակոցների գործով ուղիղ մեկ տարի տևած դատավարությունն ավարտվեց:

Երեք մեղադրյալներին էլ՝ Գոռ Առաքելյանին, Վալերիկ Հովհաննիսյանին և Ներսես Մելքոնյանին, առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, վճռեց դատապարտել ազատազրկման՝ համապատասխանաբար՝ 6 ու կես, 3 և 2 տարվա:

Մեղադրող դատախազի պահանջած ժամկետներից դատարանը փոքր-ինչ «շեղվեց», ինչն էլ առաջացրեց Վալերիկ Հովհաննիսյանի հոր՝ Սամվել Հովհաննիսյանի զայրույթը. «Ես գիտեմ՝ ով է գողացել մեքենան, ձայնագրություններ ունեմ: Դատավորը կաշառվել է»,- նման հայտարարություններ արեց վրդովված տղամարդը:

Վերջինիս շատ ավելի զայրացրեց այն հանգամանքը, որ պատգամավորի փեսա Գոռ Առաքելյանն ազատազրկվեց 6 տարի 6 ամիս ժամկետով, մինչդեռ դատախազը պահանջել էր 9 տարի:

Իսկ ահա ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսայի՝ Գոռ Առաքելյանի մերձավորներն ու հարազատները վստահ են, որ դատարանը խիստ է գտնվել նրա հանդեպ: Պատճառը նրանց համոզմամբ այն է, որ ըստ քննության արդյունքների՝ Գոռն ինքնապաշտպանվել է և հոգեկան ծանր վիճակում է հայտնվել հատկապես այն բանից, որ կողքին են գտնվել կինն ու մանկահասակ երեխան: Հենց սա էլ պատճառ է դարձել հրազենի կիրառմանը: Ասել կուզի՝ Գոռ Առաքելյանին մյուս երկու մեղադրյալներն իրենց վարքագծով դրդել են կրակոցներ արձակել: Հատկանշական է, որ բոլոր կրակոցներն անկանոն են արձակվել, արդյունքում տուժել են պատահական անցորդներ:

Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ Գոռ Առաքելյանին դատարանը «զիջեց»: ArmLur.am-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ նրա խնդրով ոչ թե մեկ, այլ մի քանի հոգի է զբաղվել: Այսպես, պարզվում է Կարո Կարապետյանն անձամբ է հանդիպել նախագահին, ավելի ուշ որպես միջնորդ ուղարկել նաև գեներալ Մանվել Գրիգորյանին:

Խնդրանքների հոսքն այսքանով նախագահական չի ավարտվել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ խնամուն ազատ արձակելու սրբազան գործին էր լծվել նաև Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը: Վերջինս, ինչպես հայտնի է, Գոռ Առաքելյանի եղբոր կնոջ՝ երգչուհի Լուսինայի հայրն է:

Ի դեպ, ուշագրավ է, որ բոլոր խնդրանք-հորդորներին Սերժ Սարգսյանը նույն պատասխանն է տվել. «Միևնույնն է՝ Գոռը չպետք է կրակեր»: Արդյունքում ստացվում է՝ խնդրանքներն արժեցան 3 տարի:

Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ «Վերնիսաժի» կրակոցներից չանցած 1 շաբաթ նմանատիպ դեպք գրանցվեց նաև Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի բենզալցակայանում: Կրակոցների թատերաբեմում հայտնված ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մտերիմ ազգականներ 34-ամյա Վարդան Հարությունյանն ու 28-ամյա Էդվին Թադևոսյանը (վերջինս operativ.am կայքի սեփականատերն է), ովքեր գլխավոր կասկածյալների կարգավիճակով ձերբակալվել էին, ստորագրությամբ ազատ արձակվեցին:

Մինչդեռ այդ ժամանակ դեռևս ԲՀԿ-ական «ծագում» ունեցող Գոռ Առաքելյանը մնաց կալանքի տակ և շարունակում է մնալ: Գագիկ Ծառուկյանը ըստ երևույթին «մատը մատին չտվեց» իր այդ օրերի կուսակցի մտերիմին օգնելու հարցում: Եվ այսօր պարզվում է՝ գործը գլուխ բերեց Ծառուկյանին քաղաքականությունից ամենաստորացուցիչ ձևով «վտարած» Սերժ Սարգսյանը:




Լրահոս