Սեպտեմբերի 15-ին կանցկացվի համահայկական աղբահավաքություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա” ՀԿ-ն, “Մենք կարող ենք” շարժումը և Հայաստանի Ամերիկյան համալսարանի “Հակոբյան” բնապահպանական կենտրոնը առաջիկայում Հայաստանում անցկացնելու են աղբահավաքման միջոցառումներ: 
Համահայկական աղբահավաքման միջոցառումներն իրագործելու նպատակով նախաձեռնողները ՀՀ նախագահին են դիմել նամակով:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում “Մենք կարող ենք” շարժման նախագահ Արսեն Գասպարյանը հայտնեց, որ նախագահին ուղղված նամակի իմաստն այն է, որ պետական համակարգը ևս ներգրավվի աշխատանքների մեջ. 
“Սեպտեմբերի 15-ին նախատեսում ենք անցկացնել համահայկական աղբահավաքություն, աղբը կտեսակավորվի և կուղարկվի վերամշակման”:
Ամերիկյան համալսարանի “Հակոբյան” բնապահպանական կենտրոնի տնօրեն Կարեն Աղաբաբյանն էլ հավելեց, որ հուլիսի 20-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում կանցկացվի կոնֆերանս՝ “Մենք կարող ենք” խորագրով, որի նպատակն է պետական, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկայացնել այս շարժումը, գտնել համագործակցության եզրեր. 
“Հրավիրված են ավելի քան 200 կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նպատակն է` Հայաստանը դարձնել ավելի մաքուր: Սա առաջին քայլն է, մենք նպատակ ունենք հանրության մեջ զարգացնել այն մշակույթը, որ աղբը կարելի է վերամշակել և պիտանի դարձնել”:




Լրահոս