ՀԱՐԿԱՅԻՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակառակ իշխանությունների պնդումներին, թե փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ուղղությամբ լուրջ քայլեր են իրականացվում, Կոտայքի մարզում ոլորտի որոշ ներկայացուցիչներ հարկադրված են դադարեցնել իրենց գործունեությունը: Սննդի սպասարկման շուրջ 6 հասարակական օբյեկտներ փակվել են, ինչի արդյունքում մոտ 63 մարդ դարձել է գործազուրկ:
Հրազդանում գործարարներն իրենց բիզնես գործունեությունը դադարեցրել են ոչ թե գործերի վատ ընթացքի, այլ տեղի հարկայինի նորանշանակ պետի «կացնային» քաղաքականության արդյունքում: Մի քանի տասնյակ գործարարների «Ժողովուրդ»-ը հանդիպեց Հրազդան քաղաքում, որոնք հավաստեցին, որ իրենց ու իրենց աշխատակիցներին օրվա հացից զրկած հարկայինի պետ Վահագն Սահակյանն ամեն տեղ հպարտանում է, որ «իր պապան Սերժի հետ է հաց ուտում, ու թքած ունի տեղական փոքր բիզնեսի ներկայացուցիչների բողոքների վրա»: Հետագա հարկային հետապնդումից խուսափելով` գործարարները չցանկանցան անվանական ներկայանալ, սակայն անվարան ներկայացրին իրենց բողոքը: Վերջիններս նշեցին, որ նորանշանակ պետը չարաշահում է իր պաշտոնական դիրքը եւ իր լիազորություններից դուրս հրահանգներ տալիս:
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Կոտայքի հարկային տեսչության վերահսկողության բաժնի պետ Արման Ղազարյանը հերթով հրավիրել է Հրազդանի գործարարներին եւ պարտադրել «նախկին հաստատագրված վճարի փոխարեն, որը հարկայինին վճարում էին ամեն ամսվա սկզբին, ապրիլի մեկից վճարել 3 ամսվա կամ 6 ամսվա կանխիկ գումարը միանգամից՝ կանխավճարով»:
Գործարարներից մեկը պատմեց, որ իրեն պատկանող ռեստորանային համալիրի վերանորոգումից հետո հարկային տեսուչը սահմանված կարգից դուրս եւ անթույլատրելի մեթոդներով անց է կացրել անակնկալ ստուգում, չափագրման արդյունքում իբր հայտնաբերել է չգրանցված տարածք, որի համար պահանջել է լրացուցիչ գումար՝ կրկին կանխավճարով: Սեփականատերը հրաժարվել է գործարքի գնալ: Որպես հետեւանք՝ «օբյեկտը փակ է»: Հարկային զեղծարարության նմանատիպ դրսեւորման մասին խոսելիս գործարարները մատնանշեցին, որ հաճախակի կատարվում են օրենքով չսահմանված ժամկետներում չափագրումներ, անակնկալ ստուգումներ, հանձնագրերում տեսուչների մասին տվյալներում լինում են անհամապատասխանություններ:
«Հարկային նման քաղաքականությամբ բիզնեսը սպանվում է, քանդվում է երկիրը: Մենք էս երկրի ճորտերն ենք, մենք գողանալու, թալանելու սովոր չենք, մենք մեր հացն արդար ենք ուզում վաստակել,-լացակումած դժգոհեց 60-ամյա գործարարը, որն ունի մոտ 18 աշխատող,-չի կարելի չէ՞, իրանք իրանց ձեռքով ժողովրդին դնեն վռնդեն, ելե՛ք գնացեք, մի՛ աշխատեք, մի՛ ապրեք: էս ի՞նչ պետություն է»:
«Էս հարկային խոպանչուն ուղարկել են, որ բյուջե լցնի: Սա էլ ձեռի հետ հա՛մ պետությանն է վճարում, հա՛մ էլ արանքում իր գործի ընդունվելու մաղարիչի գումարն է հանում: Բայց դե լպիրշությանն էլ սահման կա»,-ասում է ձեռներեցներից մեկը, որն առեւտրով է զբաղվում:
«Պետն այնքան է իրեն լավ պապայի տղա պատկերացնում, որ անգամ վարչապետի ելույթից մեջբերում եմ անում, ասում է՝ հա՛, վարչապետն է էլի՛, մի բան դուրս է տվել, բա ընտրություններ էին, մի բան չխոստանա՞ր,-վիրավորված պատմեց խանութներից մեկի տերը,-ասում է՝ ինչի՞ եք ինձ բողոքում, նախագահը վզիս 350 մլն է դրել, բա ո՞նց տակից դուրս գամ, հո ամոթով չե՞մ մնալու, աշխատում եք, հա՛րկ տվեք: Իսկ մեզնից ոչ մեկը չի հրաժարվում երկրին հարկ մուծել, սակայն թող դա նախատեսի օրենքը, այլ ոչ թե տարածքայինի պետը»:
Պետի՝ «ամեն գնով աչք մտնելու» ու բյուջե փող լցնելու մարմաջի զոհ են ոչ միայն գործարարները, այլեւ հարկային տեսուչները: Գործարարների վկայությամբ՝ հարկայինի պետն իր զգեստափոխված տեսուչներին ուղարկում է «ռեյդի ու հասնում նրան, որ մի բան բստրի ու ակտ գրի, այլապես տեսուչին վերցնում է կաբինետային կալանքի»: Նրանք հավաստում են նաեւ, որ մի քանի տեսուչներ, չդիմանալով ճնշմանը, դուրս են եկել համակարգից:
Տնտեսվարողները չեն բացառում, որ մոտ ապագայում լուծարվող հերթական ձեռնարկություններից մեկն էլ իրենցը լինի: «Ի՞նչ անեք, թողնեք մեր երկիրը գնա՞նք: Եթե հարկայինի պետը չվերանայի իր վերաբերմունքը, մենք, հավատացե՛ք, փակելու ենք բոլոր խանութները եւ սպասարկման օբյեկտները»,-«Ժողովուրդ»-ի հետ հանդիպման ընթացքում  բողոքեցին շուրջ 28 գործարարներ:
ՊԵԿ-ում խնդրի առնչությամբ իրազեկված չէին: ՊԵԿ նախագահի տեղակալ Արտաշես Բեյբությանը մեզ հետ զրույցում նշեց, որ, իսկապես, Հրազդանում իրականացվում է կոշտ քաղաքականություն, քանի որ հարկերի վճարման ցուցանիշով նշված համայնքը մյուսների համեմատությամբ գտնվում է ցածր աստիճանում: «Դուք հնչեցնում եք լուրջ հիմնախնդիր, եւ եթե բողոքողներն առարկայական մոտեցում ցուցաբերեն, մենք պատրաստ ենք իրականացնել ծառայողական քննություն եւ անհրաժեշտության դեպքում հեռացնել կառույցի ղեկավարին»,-մեզ հետ զրույցում վստահեցրեց Բեյբությանը: Վերջինիս առաջարկը փոխանցեցինք հրազդանցի գործարարներին, որոնք ասացին, որ նպատակահարմար չեն գտնում հանդիպել ՊԵԿ ղեկավարությանը, քանի որ վստահ չեն գործի դրական ելքին: Հավելեցին նաեւ, որ «վախենում են подставка լինելուց»:
Հ.Գ. Մինչ պատրաստվում էր հոդվածը, խմբագրություն զանգահարեցին Կոտայքի մարզի եւս մի քանի ձեռներեցներ եւ վստահեցրին, որ միանում են հնչած դժգոհություններին: Պարզապես նրանք մեր հանդիպման օրը չեն կարողացել ներկայանալ:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս