Անկախ ամեն ինչից, պաշտոնյաների տղաները չեն ծառայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ-ադրբեջանական շփման գծից ստացվող հաղորդագրությունները` դիվերսիոն գործողությունների եւ մեր զինվորների զոհվելու մասին, վերջին վեց ամիսներին դարձել են հայաստանյան լրահոսի անբաժանելի մասը:

Այդ հաղորդագրությունների պարբերականությունն այնքան է հաճախակիացել, որ մի պահ թվում է, թե մարտական գործողությունները վերսկսվել են, եւ Հայաստանը հայտարարված պատերազմի մեջ է: Սակայն իրողությունն այն է, որ պատերազմը հայտարարված չէ, բայց ընթանում է, ինչը ենթադրում է, որ մի օր էլ այն դառնալու է հայտարարված, ու Հայաստանի հանրությունը դրան պետք է պատրաստ լինի: Չշփոթել պետության պատրաստ լինելու հետ, ինչպես նաեւ պետությունը չշփոթել պաշտոնյայի կամ նրանց խմբի հետ: Պետության խնդիրը բանակի նյութական կարիքներն ապահովելն է, իսկ հոգեբանության մակարդակում հայրենիքի պաշտպանությունն անվիճելի առաջնահերթություն դարձնելու խնդիրը կարող է եւ պետք է լուծի հանրությունը:

Կլինեն մարդիկ, հիմնականում իշխանությունների շրջապատից, որ կասեն, թե իբր օգոստոսի սկզբին, երբ սահմաններին կրկին իրավիճակը լարված էր, Հայաստանի հանրությունը ցույց տվեց, որ միասնական է, եւ այս հարթությունում ամեն ինչ նորմալ է: Սակայն իրականությունն այլ է: Բավական է զրուցեք մի քանի շարքային քաղաքացիների հետ եւ կհամոզվեք, որ առաջին գծում պաշտոնյաների նկարվելը, այնուհետեւ հեռուստաընկերություններով եւ համացանցով այդ նկարները տարածելը ոչինչ չի տվել: Այդ ամենն իշխանական քարոզչության մի դրվագ էր, որը միայն արտաքին փայլ ապահովելուց բացի՝ ուրիշ ոչ մի խնդիր չլուծեց: Կապ չունի, թե որքան փայլփլուն է խնձորը, եթե գիտես, որ այն ներսից փտած է:

Ամեն անգամ, երբ սահմանին զինվոր է զոհվում, լրագրողները գնում եւ նրանց մասին ռեպորտաժներ, հոդվածներ են պատրաստում. ինչ ընտանիքից է եղել, բանակ գնալուց առաջ ինչ է ասել եւ այսպես շարունակ: Վերցրեք այդ ռեպորտաժներն ու նյութերը եւ եւս մեկ անգամ ուսումնասիրեք: Դրանցում բոլորում կարմիր թելով անցնում է զոհվածների նյութապես ապահովված չլինելու, առնվազն բարեկեցիկ չլինելու փաստը: Չեք գտնի մի դեպք, երբ կպարզվի, որ սահմանին տուժած զինվորը պաշտոնյայի կամ հարուստ գործարարի երեխա եղած լինի: Հայաստանն ունի շուրջ վեց հազար բարձրաստիճան պաշտոնյաներ` գերատեսչության ղեկավարներ, տեղակալներ վարչության պետեր, պատգամավորներ, մարզպետներ, փոխմարզպետներ եւ այսպես շարունակ: Չի եղել մեկ դեպք, երբ սահմանին տուժած երիտասարդը, հետագայում պարզվի, որ պաշտոնյայի երեխա է կամ բարեկամ: Հայաստանում կա 6 հազար բարձրաստիճան պաշտոնյա, նշանակում է՝ նույնքան ընտանիք, որոնց մեծ մասն ունեն զինապարտ զավակներ, որոնք տարբեր հիմնավորումներով բանակից տարկետում են ստացել, իսկ այնուհետեւ ազատվել են: Հատուկենտ դեպքեր կարող են լինել, երբ բարձրաստիճան պաշտոնյայի երեխաները ժամկետային զինվորական ծառայության մեկնած լինեն, այն էլ հաստատ այն անցկացրել են գենշտաբում, նախարարությունում կամ որեւէ այլ տաքուկ տեղում: Եթե բարձրաստիճաններից բացի՝ ավելացնենք նաեւ միջին օղակի պաշտոնյաներին, ապա նրանց թիվը կտասնապատկվի՝ հասնելով շուրջ 60 հազարի:

Բայց միեւնույն է՝ սահմանին տուժածների մեջ նրանց երեխաներին էլ չես հանդիպի:
Կասկածից վեր է, որ եթե որեւէ պաշտոնյայի հարցնենք, թե ինչու նրա զինապարտ որդին զինվորական ծառայություն չի անցել, ապա անմիջապես կհակադարձի, որ օրենքով նախատեսված կարգով է իր զավակը տարկետում ստացել: Ի՞նչ եք կարծում՝ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը չէ՞ր կարող արքայազն Հարրիին օրինական կարգով բանակից ազատել: Բայց չեն արել, չէ՞: Արքայազն Հարրին բրիտանական խաղաղապահների շարքում 2007-ին մեկնեց Իրաք եւ հասարակ զինվորականի պես իր ծառայությունն անցկացրեց: Իհարկե, արքայազնի անվտանգությունն ապահովելու համար հատուկ Իրաք էր մեկնել բրիտանական հատուկ ջոկատայինների մի խումբ, բայց կարեւորը կատարված քայլն էր, որը ուղերձ էր Բրիտանիայի քաղաքացիներին՝ Հայրենիքի պարտքը վճարում են բոլորը, այդ թվում՝ արքայական ընտանիքի անդամները: Հակառակ դեպքում արքայական ընտանիքն իր հպատակներից չէր կարողանա հարգանք եւ նվիրում ակնկալել:

Այլեւս հրամայական է դարձել, որ Հայաստանի մեծ ու փոքր բոլոր պաշտոնյաների զինապարտ զավակները, որոնք ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում են ստացել, պետք է հրաժարվեն իրենց տարկետումներից եւ մեկնեն բանակ: Տվյալ դեպքում անգամ էական էլ չէ՝ նրանց պաշտոնյա հայրը ժամանակին ծառայել է բանակում, թե ոչ: «Հին մեռելները» կենդանացնելու մասին չէ խոսքը, այլ նոր մշակույթ եւ հասարակական մթնոլորտ ձեւավորելու: Պետական պաշտոնյան, ով քաղաքացիներից նվիրում է ակնկալում, եթե պատրաստ չէ անձամբ Հայրենիքի նվիրման օրինակ ծառայել, նա բարոյական իրավունք չունի քաղաքացիներից որեւէ բան պահանջել, ուստի պետք է հրաժարական տա: Այսինքն՝ ամեն ինչ անհրաժեշտ է անել՝ պարզելու համար, թե պաշտոնյաներից ովքեր զինապարտ զավակներ ունեն, եւ պահանջել նրանցից, որ իրենց երեխաներին ուղարկեն բանակ (հասկանալի է, որ խոսքը չի վերաբերում այն դեպքերին, երբ անձը բանակից ազատվել է զինվորական ծառայության հետ անհամատեղելի անբուժելի հիվանդության կամ բնական արատի պատճառով):

Համոզված եղեք, որ եթե Հայաստանի պաշտոնյաների երեխաները մեկնեն բանակ, ապա նրանց հայրերը թույլ չեն տա նաեւ, որ մեծահարուստների երեխաներն ինչ-որ ճանապարհներով ծառայությունից խուսափեն: Իսկ օրենքի առաջ հավասարության այդ դրսեւորումը հանրության շրջանում մի այնպիսի միասնության ալիք կձեւավորի, որ դրանից հետո ոչ ոք այլեւս չի համարձակվի Հայաստանի նկատմամբ ոտնձգություն կատարել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս