Նոր հանգամանքներ զինվորների մահվան պատճառ դարձած ողբերգական վթարից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարը, որի արդյունքում 4 զինվոր մահացավ, խնդրի առաջ է կանգնեցրել նախաքննական մարմնին: Վերջիններս, շունչները պահած, սպասում են փորձաքննության արդյունքներին:

Քննություն ու նախարարի հայտարարությունը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին` ժամը 13.00-ի սահմաններում, N զորամասի հաշվեկշռում գտնվող Կամազ մակնիշի ավտոմեքենան Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը, ինչի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Ա. Հունանյանը եւ ավտոմեքենայի թափքում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Հայրապետ Նաիրյանը, Հրանտ Գասպարյանը եւ Դավիթ Մելքոնյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել էին: Ավտոմեքենայի թափքում գտնվող մյուս զինծառայողները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին զինվորական հոսպիտալ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, քննություն է տարվում պարզելու վթարի պատճառները:

Ու մինչ նախաքննական մարմինը քննություն էր իրականացնում, դեպքի հաջորդ օրը ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ վթարի դեպքով ընթանում է ծառայական քննություն, որի նախնական արդյունքներով արդեն իսկ ակնհայտ է, որ ողբերգության պատճառների շարքում տեղ են գտել տեխնիկական եւ ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք կոպիտ բացթողումներ: Դավիթ Տոնոյանը վստահեցրել է, որ մեղավորները պատասխանատվություն կկրեն օրենքի ողջ խստությամբ։

Նախաքննական մարմինը սպասում է

Նախարարի այս հայտարարությունը բավական ծանր վիճակի մեջ է գցել նախաքննական մարմնին: Մասնավորապես, քննիչները անհանգստացել են նախարարի այս հայտարարությունից, թե ողբերգության պատճառների շարքում տեղ են գտել տեխնիկական բացթողումներ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում քննարկել են այդ հարցը, ասվել է, որ դեպքից հետո մեքենան հանձնվել է փորձաքննության, որպեսզի պարզվի, թե մեքենան տեխնիկական խնդիր ունի, թե ոչ, սակայն մենք դեռեւս չունենք փորձաքննության պատասխանը, ուստի իրենք բավական բարդ կացության մեջ են, քանի որ հարուցված քրեական գործով չունեն մեքենայի անսարքության մասին ապացույց: Թե հետո ինչպիսին կլինեն փորձաքննության արդյունքները, քննիչները, շունչները պահած, սպասում են:

Ու մինչ իրավապահները սպասում են քննության արդյունքներին, «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի շուրջ ստեղծված խնդրի մասին: Մասնավորապես, ըստ ՀՀ ՊՆ N զորամասում տարածված խոսակցությունների` այս ողբերգական դեպքից 6 ամիս առաջ ՀՀ ՊՆ N զորամասի ղեկավար կազմը տեղյակ է եղել, որ մեքենան անսարք վիճակում է: Մասնավորապես, ռազմական ոստիկանությունը ստուգել է մեքենան եւ անսարքություն է հայտնաբերել, որից հետո զորամասի ղեկավար կազմին հանձնարարական է տվել մեքենայի խնդիրը կարգավորելու, անսարքությունը վերացնելու մասին: Ավելին, կոնկրետ հանձնարարական է տրված եղել, որ մեքենայի անսարքությունը վերացնելուց հետո այն անպայման ներկայացնեն Ռազմական ոստիկանությանը, որի հաստատումից հետո նոր մեքենան շահագործման հանձնեն:

Ըստ էության, զորամասի համապատասխան պաշտոնատար անձինք մեքենան կա՛մ կարգի չեն բերել, կա՛մ կարգի բերելուց հետո այն արագ շարքից դուրս է եկել: Բայց, բոլոր դեպքերում, այն առանց Ռազմական ոստիկանությանը ներկայացնելու շահագործման են հանձնել:

Չի բացառվում, որ այս հանգամանքը իմանալով է ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը շտապել հայտարարություն անել, թե ողբերգության պատճառների շարքում տեղ են գտել տեխնիկական բացթողումներ:
ՊՆ խոսնակը` հայտարարության մասին

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, որը հայտնեց .«Նախարարն ասել է, որ դեպքի ժամանակ ոչ թե կոնկրետ այդ մեքենան է անսարք եղել, այլ նախարարն ասել է, որ ծառայողական քննությունը ցույց է տվել, որ այդ ավտոպարկում եղել են անսարք մեքենաներ: Տվյալ մեքենան ժամանակի ընթացքում եղել է անսարք, եւ հասկանալի չէ, թե այդ անսարքությունը լիարժեք մեխանիզմներով վերացված են եղել երթից առաջ, թե ոչ : Այսինքն` զուտ ծառայողական առումով պատճառ եղել է պատժելու անսարք մեքենա ունենալու, այն շահագործման դնելու կիրառական գործընթացների խախտման մեջ»:

Ի դեպ, ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը 4 զինծառայողի կյանք խլած ողբերգական վթարի դեպքով մի քանի հոգու ազատել է զինվորական ծառայությունից: Մասնավորապես, ծառայությունից ազատվել են 1–ին տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Գ.Մ-ն, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային ծառայության պետ մայոր Մ.Ա-ն, ՀՀ ՊՆ N զորամասի 4-րդ զրահատանկային գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ կապիտան Շ. Ա-ն, ՀՀ ՊՆ N զորամասի 4 զրահատանկային գումարտակի նախկին հրամանատար մայոր Ս.Բ.-ն:

Նախազգուշացում են ստացել ՀՀ ՊՆ N զորամասի տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար ավագ լետենանտ Ս.Թ-ն, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային տեխնիկայի եւ զրահատանկային ծառայության պետ մայոր Գ.Չ-ն: Խիստ նկատողություն են ստացել ՀՀ ՊՆ N զորամասի նախկին տեխնիկական մասի պետ, հրամանատարի սպառազինության գծով տեղակալ փոխգնդապետ Ա.Շ-ն, ՀՀ ՊՆ N զորամասի տեխնիկական մասի պետ, հրամանատարի սպառազինության գծով տեղակալ փոխգնդապետ Պ. Ա-ն: Նկատողություն է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի նախկին հրամանատար գնդապետ Ե. Գ-ն:

Քնար Մանուկյան




Լրահոս