ԳՈՐԾԻ ԿԵՍԻՑ ՓՈՇՄԱՆԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն, Ազգային Ժողովի պատգամավոր Աշոտ Տոնոյանը` Տոնուսի Աշոտը, Երեւանի դպրոցներից մեկին խոստացել է համակարգիչներ գնել, սակայն «գործունեության» կեսից «Նաջարյանը փոշմանել ա»: Նշվում է, որ պարոն Տոնոյանը Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող 85 դպրոցի տնօրենին վստահեցրել է, որ դպրոցի համակարգիչները ինքը կգնի, որից ելնելով էլ՝ դպրոցի տնօրեն Դիանա Ղուկասյանը պատվիրել է դպրոցին անհրաժեշտ համակարգիչների ողջ խմբաքանակը` վստահ լինելով, որ գումարն արդեն «տված» կարելի է  համարել: Սակայն «Ժողովուրդ»-ի տեղեկություների համաձայն, այդ խոստումը մնացել է «օդում կախված», եւ Տոնոյանը հրաժարվել է գումարը տալ: Արդյունքում` դպրոցը արդեն ընկնում էր դատական քաշքշուկների մեջ: Այս պատմության մանրամասները փորձեցինք նախ պարզել դպրոցի տնօրեն, ԲՀԿ Քանաքեռ-Զեյթունի տարածքային ղեկավար Դիանա Ղուկասյանից, ով փաստեց, որ իսկապես դպրոցը պատվիրել էր համակարգիչներ, իսկապես խոստացված գումարը չտրամադրվեց, բայց այսօր արդեն խնդիրը հարթվել է:Տնօրենը հնարավորինս պահելով պարկեշտության նորմերը` որեւէ անուն չտվեց, միայն տեղեկացրեց, որ «ես դիմել եմ իմ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին, որն էլ մեզ օգնել է վճարել այդ գումարները: Ես անգամ ունեմ այն կտրոնները, որով վճարել ենք համակարգիչների համար»: «Ժողովուրդ»-ը փորձեց այս ամենի վերաբերյալ մեկնաբանություն լսել նաեւ Ազգային Ժողովի պատգամավոր Աշոտ Տոնոյանից եւ տեղեկանալ, թե արդյոք նման բան եղե՞լ է: «Չէ, չի եղել նման բան, տնօրենն ասել ա նման բան կա՞, չէ հարյուր տոկոսով նման բան չի եղել, ես առաջին անգամ եմ լսում նման բան: Չէ, կրկնում եմ` նման բան չկա, ես դա կպարզեմ, լավ կլիներ իմանայի, թե այդ ինֆորմացիան ձեզ որտեղից ա, նման հարցով ինձ ոչ-ոք չի դիմել: Իսկ ինձ ով դիմել ա, ես օգնել եմ: Դուք լավ կլինի, որ նաեւ ճշտեք, թե նման բան եղել ա՞, նոր տպեք,  նման բան չի եղել»: Մենք նորից ճշտեցինք մեր աղբյուրներից լուրի իսկությունը եւ պարզեցինք, որ իսկապես նման բան եղել է, եւ որ Ծառուկյանն է հովանավոր կանգնել: ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս