
1922թ. այս օրը Երևանում բացվեց առաջին պետական դրամատիկական թատրոնը, որը 1937թ. կոչվեց Գաբրիել Սունդուկյանի անունով:
Թատրոնը բացեց իր վարագույրը՝ Սունդուկյանի «Պեպոն» հռչակելով ծննդյան վկայագիր և ծրագրային արժեք: Թատրոնի ստեղծման ու զարգացման մեջ մեծ է դերուսույց Լևոն Քալանթարի ծառայությունը։
Հովհաննես Աբելյանը, Հասմիկը, Արուս Ոսկանյանը, Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Վաղարշ Վաղարշյանը մարմնավորեցին հանդիսականի մոտ երկար հիշվող կերպարներ։
Թատրոնի խաղացանկում մնայուն պիեսներ էին հայ դրամատուրգիայից «Պատվի համար»-ը, «Նամուս»-ը, «Չար ոգի»-ն, «Պեպո»-ն, օտար հեղինակներից՝ «Օթելլո»-ն, «Լիր արքա»-ն և այլ գործեր։
1920-1930-ական թվականներին դրամատիկական թատրոններ էին գործում նաև Լենինականում (Գյումրի), Կիրովականում (Վանաձոր) և հանրապետության որոշ շրջկենտրոններում։
Երևանում գործում էին պատանի հանդիսատեսի և ռուսական դրամատիկական թատրոնները։ Շրջիկ թատերախումբ գոյություն ուներ Ամո Խարազյանի ղեկավարությամբ։
Թատրոնում աշխատել են նշանավոր դերասաններ Վ. Փափազյանը, Ա. Ոսկանյան, Հ. Ներսիսյան, Ա. Ավետիսյան, Գ. Ջանիբեկյան և ուրիշներ: