ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ԼՔՈՂ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի է, որ ԲՀԿ-ն ակտիվ մասնակցություն է ունենալու առաջիկա ՏԻՄ ընտրություններին: Ինչպես արդեն գրել ենք, հնարավոր է անգամ, որ կուսակցությունը քաղաքապետի պաշտոնի համար մի քանի թեկնածու ունենա: Շրջանառվում են ԱԺ պատգամավորներ Մարտուն Գրիգորյանի, Սամվել Բալասանյանի, ինչպես նաեւ ԳՊՄԻ ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի անունները: Սակայն հավանական թեկնածուներից որեւէ մեկը դեռեւս հանդես չի եկել համապատասխան հայտարարությամբ: Հարկ է նշել նաեւ, որ թվարկված բոլոր թեկնածուներն էլ հաղթելու քիչ շանսեր ունեն տարբեր պատճառներով: Նախորդ ընտրություններին Մարտուն Գրիգորյանը պարտվեց Վարդան Ղուկասյանին: Ենթադրելի է, որ եթե այս երկուսը դարձյալ պայքարեն քաղաքապետի աթոռի համար, ԲՀԿ-ական գործարարը վերստին կպարտվի ղուկասյանական կլանին: Դա ոչ թե այն պատճառով, որ Վարդան Ղուկասյանը սիրված կամ ընդունելի քաղաքապետ է գյումրեցիների համար, այլ որ 4 անգամ անընդմեջ ընտրվելով քաղաքապետ՝ հասցրել է ձեռք բերել անհրաժեշտ լծակները:
Մյուս հավանական թեկնածու Վարդեւան Գրիգորյանն էլ չունի բավարար լծակներ, որպեսզի լուրջ մրցակից լինի Ղուկասյանին: Իսկ ահա Սամվել Բալասանյանի առումով պատճառները բոլորովին այլ են: Նա հասցրեց մի քանի անգամ վարկաբեկվել. նախ՝ ՕԵԿ վարկանիշի անկումն ազդեց նրա հեղինակության վրա: Ճակատի ՕԵԿ «գրառությամբ» հպարտացող Բալասանյանը հասցրեց արագորեն ճամբարափոխվել՝ սկզբում «անկախ» պատգամավոր դարձավ, ապա՝ ԲՀԿ ներկայացուցիչ: Գյումրիում այս օրերին լուրեր են շրջանառվում, որ քաղաքապետի աթոռի համար պայքարելու եւ հաղթելու համար Բալասանյանին հարկավոր է ՀՀԿ-ականների լուրջ աջակցությունը, ու որ նա այս անգամ էլ պատրաստվում է ճակատից ջնջել ԲՀԿ-ն ու անդամագրվել Հանրապետական կուսակցությանը: Տեղեկությունը պարզելու համար զանգահարեցինք Սամվել Բալասանյանին: Իր առաջադրվելու մասին նա նշեց, որ դա լինելու է կուսակցության քաղաքական որոշումը, եւ որ ինքը սպասելու է դրան:
«Իսկ ո՞ր կուսակցության, հնարավո՞ր է, որ Դուք այս անգամ էլ դուրս գաք ԲՀԿ-ից եւ ակնկալեք ՀՀԿ աջակցությունը»,-հարցրինք Սամվել Բալասանյանին: «Լավ էլի՛, դուք շատ լավ գիտեք, որ ես երբեք որեւէ տեղ չեմ լքել: Նման բան գոյություն չունի: Ես լքող չեմ»,-ասաց պատգամավորը:
Մենք չհասցրինք նրան հիշեցնել ՕԵԿ պատմությունը, քանի որ Բալասանյանը նշեց, որ ինքը շատ զբաղված է եւ երկար խոսելու ժամանակ չունի: Միայն հորդորեց սպասել առաջիկա զարգացումներին:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս